Կառավարության ծրագրի առաջին 50 օրը. արտաքին քաղաքականության փոփոխությունները

Մայիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ նոր կազմավորված կառավարության երդմնակալության արարողությունը, իսկ հունիսի 7-ին Ազգային ժողովը հավանություն տվեց նոր կառավարության ծրագրին: Ծրագրի հիմնական նպատակը երկիրը արտահերթ ընտրություններին նախապատրաստելն է եւ հեղափոխության ձեռքբերումները հնարավորինս կապիտալիզացնելը, սակայն, բնական է, որ ծրագրում անդրադարձ կար կյանքի այլ ոլորտներին եւս:

Մասնավորապես արտաքին քաղաքականության մասով առաջնահերթությունների թվում նշված էին ՀՀ միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, նոր շուկաների ձեռքբերումն ու դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնումը:

Առանձին ուշադրություն է հատկացված Արցախի հարցին: Ծրագրում նշված է, որ կառավարությունը արցախյան հիմնահարցի՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորման ջատագով է: Կա նաեւ հավելում առ այն, որ «բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը»։ Այդ նախադասությունը պարբերաբար հնչում է նաեւ երկկողմ եւ բազմակողմ հանդիպումների ընթացքում:

Նոր կառավարության ծրագրի նախագծում նշված է նաեւ, որ Արցախը որպես հակամարտության կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Այս ուղղությամբ երեւացող գործնական քայլեր դեռեւս չեն կատարվել:

Փոխարենը հստակ քայլեր են կատարվում հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ օրեր առաջ հրապարակված պաշտպանության համակարգի զարգացման տեսլականում մի շարք որակապես նոր մոտեցումներ կան: Յուրահատուկ ուշադրության են արժանի հակառակորդի ոտնձգությունը զսպելուն ու կանխելուն ուղղված գործողությունները, անցումը ճկուն պաշտպանության: Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանն էլ վերջերս չբացառեց Մինգեչաուրի ջրամբարի ռմբակոծումը՝ նշելով, սակայն, որ «դրա առիթն առայժմ չի տեսնում»:

Հայ-թուրքական հարաբերությունները որոշ չափով եւս կապված են արցախյան հարցի հետ: Դեռեւս մայիսի 9-ին Արցախ այցելության շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ նշելով նաեւ, որ «նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան»։ Հաշվի առնելով, սակայն, Արցախի չկարգավորված հարցը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Ցեղասպանության հարցով՝ կարելի է ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունները տեսանելի ապագայում չեն կարգավորվի:

Մեր մյուս երկու հարեւանների հետ հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններն այս կառավարությունը ստացել է որպես ժառանգություն: Առայժմ որեւէ լուրջ քայլ չի կատարվել հայ-իրանական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Միգուցե դա բացատրվում է Իրանի ներքաղաքական խառը վիճակով, սակայն չէ՞ որ Վրաստանում էլ ամեն ինչ այնքան հարթ չէր, երբ Թբիլիսի այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ նրանից հետո իր առաջին պաշտոնական այցով նաեւ ՀՀ վարչապետը:

Վերջինիս այցը բավական հագեցած էր, իսկ ջերմ բարեկամական մթնոլորտը թույլ է տալիս կարծել, որ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու եւ ՀԱՊԿ անդամ երկրներին կհաջողվի մի կողմ դնել աշխարհաքաղաքական հակասությունները եւ թեկուզ լոկալ մակարդակում ստեղծել նոր իրականություն:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին եւ մասնավորապես Ռուսաստանին, ապա այստեղ իրավիճակն ավելի բարդ է: Կառավարության ծրագրով նախանշված «Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը», ելնելով հայ-ռուսական հարաբերությունների մինչ հեղափոխությունը ձեւավորված որոշ ավանդույթներից, որոշակի հակասության մեջ է մտնում նույն ծրագրում նշված՝ հարաբերությունների՝ «բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա» հիմնված լինելու հետ: Հայ-ռուսական հարաբերություններին հատուկ է եղել «պատվիրատու-հաճախորդ» մոդելը, որի վերացումը հեղափոխությունից հետո ավելի ու ավելի ակներեւ է դառնում: Այն վերջնականապես ակնհայտ դարձավ Փանիկ գյուղի միջադեպից հետո, երբ հայկական կողմն, ըստ էության, ստիպեց ռուսական բազայի հրամանատարությանը ներողություն խնդրել: Ընդ որում, «հայկական կողմ» ասելիս առաջին հերթին նկատի ունենք հենց Փանիկի բնակիչներին:

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, ապա այս հարցով կառավարության ծրագիրը նախատեսում է «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին առավել արդյունավետ դարձնել»: ԵԱՏՄ-ի մասով խնդիրներ չկան: Նիկոլ Փաշինյանն անգամ մասնակցեց հուլիսի 27-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին մասնակցում են անդամ երկրների կառավարության ղեկավարները, որոնք, սակայն, իրենց երկրներում նաեւ պետության ղեկավարը չեն: Այս քայլը ինքը՝ Փաշինյանը, բացատրեց նրանով, որ իր «չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ», իսկ «ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ»: Այլ է իրավիճակը ՀԱՊԿ-ի հետ: Հայտնի չէ, թե ինչպես այդ կառույցը կարձագանքի իր գլխավոր քարտուղարին մեղադրանք ներկայացնելուն:

Յուրահատուկ իրավիճակ է ձեւավորվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, որը ակներեւ դրսեւորվեց Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում եւ դրանից հետո: Վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպումներ ունենացավ եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչապետի հիմնական ուղերձն այն էր, որ ՀՀ արտաքին քաղաքականության բազմակողմ մտածելակերպը չի փոխվել եւ Հայաստանը պատրաստակամ է խորացնել Եվրոպայի հետ համագործակցությունը:

Այդ մոտեցմանը պատասխանել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ հայկական կողմի ուղերձն այն է, որ ԵՄ հանդեպ քաղաքականության մեջ փոփոխություն չկա, եւ իր մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության մեջ: Այդուհանդերձ նա նշել է, որ «հայկական կողմից հստակ գաղափարներ» ստանալու դեպքում համագործակցությունը հնարավոր է խորանա: Ինչեւէ, դա արդեն հետագա հանդիպումների եւ քննարկումների հարց է:

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում զգալի փոփոխություններ եւս չեն նկատվում: Նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը հաջորդած ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը ԱՄՆ, նրա հանդիպումները կոնգրեսականների հետ, մեղմ ասած, տպավորիչ չէին: Միգուցե իրավիճակը հնարավոր կլինի շտկել ՄԱԿ-ի սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելով: Սակայն դա էլ, թերեւս, չի կարելի լիարժեք հանդիպում անվանել:

Ընդհանուր առմամբ կառավարության գործունեությունը արտաքին քաղաքականության ուղղությամբ կարելի է գնահատել բավարար: Թերացումներն, իհարկե, արդարացված չեն, սակայն շատ դեպքերում բացատրվում են գործիչների անփորձությամբ: Ինչ վերաբերվում է հետագա քայլերին, ապա դեռեւս մեծ ծավալի աշխատանք կա կատարելու անգամ մինչեւ արտահերթ ընտրությունները, սակայն առաջնայինը, թերեւս, հեղափոխության՝ որպես հայկական «բրենդի» չափաբաժնի կրճատումն է, ինչպես նաեւ ներկա ձեռքբերումների ամրագրումը:

Տպել
6326 դիտում

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց

Լուսանկարի երիտասարդներն էին ներկայանում որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ. Հակոբ Կարապետյան

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին