Նման էյֆորիա ես եւ իմ սերնդակիցները մեկ անգամ տեսել ենք 90-ականներին. Հրանտ Թոխատյան

Դերասան Հրանտ Թոխատյանին շատ են ոգեւորել այսօրվա հայ երիտասարդները: Վերջին օրերի բողոքի խաղաղ ակցիաներին մասնակցում էին մեծ թվով երիտասարդներ: Թոխատյանն ընդգծում է այն փաստը, որ նրանք իրենց նպատակին՝ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին, հասան չկորցնելով ողջամտությունը, միմյանց հանդեպ սեր ու հարգանք դրսեւորելով: «Հայկական ժամանակ»-ի հետ Հրանտ Թոխատյանը խոսեց վերջին իրադարձությունների մասին:

- Պարոն Թոխատյան, երեկ վերջապես տեղի ունեցավ այն, ինչ ժողովուրդը ցանկանում էր. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

- Այս էյֆորիան, որը հիմա կա, այս զարթոնքը ես եւ իմ սերնդակիցները մի անգամ տեսել ենք 90-ականներին: Ու դրանից հետո մինչեւ մեր օրերը՝ այս վերջին տասնօրյակը, երեւի, նմանատիպ զարթոնք, նմանատիպ ուշադրություն մեկը մյուսի նկատմամբ, նմանատիպ սեր ու հարգանք չեմ հանդիպել: 20-ից ավելի տարիների ընթացքում եղել են նույնատիպ բաներ՝ 96-ի խաբվածությունը, 2003 թվականի ապրիլյան օրերը, մարտի 1-ը, տրանսպորտի թանկացումը... եւ մինչեւ մեր այսօրվա օրերը՝ վերջին տասնօրյակը, այսպիսի բան չէր եղել: Երեւի պետք է գար այս ազատության սերունդը, որպեսզի սա տեղի ունենար: Նրանք գուցե ավելի ազատ են, ավելի անկեղծ են, քան, մեր սերունդը, ու դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ: Նրանք գտան այն լիդերին, որը հարկավոր էր, որը գուցե պետք է ծնվեր, հասունանար, մեծանար: Բնականաբար, խոսքս Նիկոլ Փաշինյանի մասին է, որը կարողացավ շարժառիթ դառնալ: Մի շատ կարեւոր էջ բացվեց հայոց պատմության, պետականության եւ ինչո՞ւ չէ նաեւ իշխանության մեջ: Աստված, մեծ գտնվելով, մեր առաջ դրեց շատ գեղեցիկ սպիտակ թուղթ, ասաց. «Ահա, երիտասարդնե՛ր, սա թուղթը, սա էլ գրիչը: Հիմա կերտեք ձեր պատմությունը»: Եթե մենք 90-ականների պես չխզբզենք այդ սպիտակ թուղթը, այլ իսկապես փորձենք շատ գեղեցիկ գրել մեր պատմությունը, կհասնենք այն նպատակին, որը երազել ենք:

- Շարժման սկզբում ի՞նչ ավարտ էիք կանխատեսում: Շատերն ասում են՝ հեղափոխությունն առանց արյան չի լինում:

- Միգուցե այդ շատերը ճիշտ են՝ ելնելով աշխարհի, պատմության փորձից: Մեր այս հեղափոխությունը վստահ եմ՝ կգա ժամանակ եւ իր ուրույն տեղը կգտնի համաշխարհային պատմության մեջ, որովհետեւ ես համենայնդեպս չեմ հիշում որեւէ երկիր, որեւէ ժամանակաշրջան, որեւէ նմանատիպ ժողովրդական զարթոնք, որն այսպես ավարտվեր: Եթե այսօր զբոսնեք Երեւանի փողոցներով, թերեւս ոչինչ դա չի հիշեցնի, այսինքն՝ չկան կոտրված, վառված բաներ, տրորված խոտ, դա շատ կարեւոր է: Այստեղ այդքան հարմար չէ ասել թավշյա հեղափոխություն, այդ բառակապակցությունն այնքան էլ չեմ ընդունում, բայց ցանկությունը եւ իղձն այնքան մեծ է, որ մարդիկ այս ամենն արեցին՝ զգուշորեն վերաբերվելով իրենց քաղաքին, իրենց հանրապետության մյուս քաղաքներին: Կարծում եմ՝ աշխարհում այն նոր ուսանողական, երիտասարդական շարժումները, որոնք կսկսվեն, սա պետք է որպես օրինակ վերցնեն իրենց համար, հոտնկայս ծափահարեն մեր երիտասարդությանն ու ասեն. «Ապրեք, այս ինչ արեցիք»:

- Սերժ Սարգսյանի քայլն ինչպե՞ս կգնահատեք: Կան կարծիքներ, որ անկախ այսօր նրա նկատմամբ եղած վերաբերմունքից՝ այդ քայլը հարգանքի է արժանի:

- Նույնպիսի հարգանքով կարելի է վերաբերվել այն քայլին, որը ժամանակին արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մեր առաջին նախագահը: Ու եթե նաեւ նրա հրաժարականի խոսքերը կարդաք, էլի հարգանքի տուրք կմատուցեք՝ անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը հայհոյանքով կամ անտարբերությամբ պետք է վեր կենար գնար: Բնականաբար պետք է ասվեին ինչ-որ գեղեցիկ խոսքեր: Հրաժեշտի խոսքերը միշտ լինում են գեղեցիկ, բայց ես կարծում եմ՝ սա միայն ինքնակամ հեռացում չէր, հավատացեք: Հենց այնպես աթոռից հրաժարվել՝ նման բան գրեթե չի լինում, ինչ-որ բան ստիպում է: Տվյալ դեպքում ուզում եմ հավատալ, որ դա ժողովրդի մեծ ցանկությունն էր, եւ նա արեց այդ քայլը, ես ուզում եմ, որ մենք այդպես գեղեցիկ դա հասկանանք, բայց կարծում եմ՝ միայն այդպես չէ:

- Ինչպե՞ս է:

- Դա նաեւ ստիպողական քայլ էր: Հիմա թե ում կողմից եւ ինչպես, չեմ ուզում գնահատական տալ, քանի որ չեմ տիրապետում իրավիճակի մանրամասներին, բայց ես այդպես եմ մտածում: Համենայնդեպս, եթե մարտի 1-ին դա կատարվեց արյան ու ողբերգության գնով, ապա այս անգամ, ճիշտ է՝ ունեինք վիրավորվածներ, մահացած (հաղթական հանրահավաքի ժամանակ վատացած սրտի արատով տղամարդու կյանքը փրկել չէր հաջողվել-հեղ.), բայց չի կարելի սա համեմատել մարտիմեկյան դեպքերի հետ: Կարծում եմ՝ ինձ հետ բոլորը կհամաձայնվեն: Գոնե այդ առումով ապրի նա, որ այդպես արեց: Չնայած երկրի ղեկավարը այդպես էլ պետք է աներ: Երկիրը ղեկավարող մարդը, անկախ նրանից՝ ինչպիսին է, իրավունք չունի արյան գնով մնալ կամ գնալ: Ի վերջո վաղը մյուս օրը նա դուրս է գալու փողոց՝ զբոսնելու, ինչպես էլ այսօր նրան վերաբերվեն, թող այդ ժամանակ տեսնեն, հիշեն, որ մի ժամանակ երկիրը ղեկավարել է, առանց արյան գնացել է, ու ժպիտով բարեւեն:

- Հիմա ո՞ւմ եք տեսնում երկրի ղեկավարի դերում:

- Բարդ հարց է: Դժվարանում եմ պատասխանել: Տեսնում եմ՝ ովքեր են կանգնած Նիկոլի կողքին ե՛ւ նեղ շրջանակը, ե՛ւ բավականին լայն զանգվածը: Խելացի, երիտասարդ, բավականին գրագետ, բավականին լավ կրթված են: Ուզում եմ հավատալ, որ նա շատ ճիշտ հետեւություններ կանի պատմությունից, եւ կփորձենք իշխանության բերել մարդկանց, որոնք իսկապես կզբաղվեն երկրի զարգացմամբ: Մենք ունենք բավականին մեծ արտաքին պարտք, ունենք բավական մեծ տոկոս գործազրկություն, մարդկանց դժգոհություն, այդ ամենը պետք է հանդարտեցնել ու զբաղվել վաղվա մեր տնտեսական վիճակով, մեր երկրի ապագայով, որովհետեւ, եթե այսօր չստեղծենք մեր ներկան, ապագայում հպարտանալու տեղ չենք ունենա: Ուզում եմ հավատալ, որ այս մոտակա ընտրությունները, եթե դրանք լինելու են, լինեն 91 թվականի պես. մարդիկ իսկապես կկարողանան արտահայտել իրենց կարծիքը: Հիմա ընտրությունները շատերի համար դարձել են շահի աղբյուր, որովհետեւ գումար պետք է ստանան, մածուն, ձեթ կամ այլ բան: Պետք է լինի ընտրություն, որ մարդը ոչ թե սպասի, որ իրեն գումար տան, որովհետեւ միեւնույն է ոչինչ չի փոխվելու, այլ ուզենա ընտրել մարդ, որն իր համար կստեղծի հնարավորություն, որ ինքն աշխատի իր ընտանիքը պահի:

- Այս անգամ, ըստ Ձեզ, ոգեւորության այս ալիքի վրա հնարավոր կլինի՞ խուսափել 10000 դրամներից՝ ընտրակաշառքներից:

- Եթե կարողանանք մեր այս ալիքին տեր կանգնել, այն մարդը, որը պետք է բաժաներ այդ 10000 դրամը, չի համարձակվի, դա մեկ: Երկրորդն էլ այն մարդը, որը պետք վերցներ այդ 10000 դրամը, կասի. «Ո՛չ, եղբա՛յր, վերջ»: Այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ մեր խնդիրը գոնե այս փուլի համար լուծել ենք:

- Մեր երազած հայրենիքն անմիջապես չի գալու, եւ գուցե հիասթափություն առաջանա մարդկանց մոտ:

- Ես կարծում եմ՝ 90-ականներին, երբ սկսեցինք կառուցել մեր պապերի ցանկացած եւ մեր երազած երկիրը, ամենածանր ժամանակներն են, բայց մարդկանց մեջ այնքան սպասում, այնքան մեծ հույս կար, որ անգամ այդ վիճակում մարդիկ ավելի շատ էին հույսով լցված, քան մեր այսօրվա լուսավոր, գեղեցիկ երկրում: Հիմա ավելի հուսալքված են, քան այն ժամանակվա ջարդուխուրդ եղած, պատերազմի մեջ գտնվող երկրի բնակչությունը: Գուցե աբսուրդ բան եմ ասում, բայց քո երազած երկրի կառուցման ճանապարհը շատ ավելի հետաքրքիր է, քան այն արդյունքը, որը կտեսնեն սերունդները, օրինակ, իմ թոռնիկը, որը նույնպես կունենա իր դժգոհությունը, ու իրենց սերունդն էլ կսկսի կառուցել իր երկիրը, բայց դա վաղվա օրն է: Մենք պարտավոր ենք այսօրը կառուցել համբերատար, հաշվի նստելով մեր երկրի հնարավորությունների, աշխարհագրական, տնտեսական վիճակի հետ:

- Երկրի վատ վիճակի համար միայն իշխանությունը չէ, որ պատասխանատու է, ամեն մեկը մեղքի իր բաժինն ունի: Մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ պետք է անի մեր երազած երկիրը կառուցելու համար:

- Նախ կարծում եմ՝ պետք է փորձենք սիրով եւ հարգանքով վերաբերվել մեկս մյուսին: Հարգենք կարծիքը, եթե անգամ այն չի համապատասխանում մեր կարծիքին: Եթե մի բան մենք որդեգրենք, որ բոլորիս ցանկությունը մեր նորմալ, երազած երկիրը կառուցելն է, ապա այդ դեպքում նաեւ սերը կվերադառնա, այդ ժամանակ մենք մեր խնդիրը կկատարենք: Սա ռոմատիկ կողմը: Ավելի գործնականը, այսօր յուրաքանչյուրս իր տեղում պետք է պրոֆեսիոնալ, մինչեւ վերջ հասկանալով իր անելիքը՝ զբաղվի իր գործով, ու անի իր գործը լավ, անի մինչեւ վերջ եւ այնպես, որ տուն գնա հոգնած, բայց հաջորդ օրը կրկին աշխատանքի գնալու ցանկությամբ: Երրորդը, իհարկե, էլի են լինելու այսպիսի օրեր, կանցնի որոշ ժամանակ, կրկին կգտնվեն մարդիկ, որոնք դժգոհ են, բայց այսօր մենք պետք է ունենանք իշխանություն, որին կվստահենք, որի ասած խոսքին կհետեւենք, ոչ թե ամեն մեկս կփորձենք մեզ դնել գեներալի տեղ ու քննադատել իշխանության յուրաքանչյուր որոշում:

Հրանտ Թոխատյանի հետ զրուցել ենք ապրիլի 24-ին: Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 26-ի համարում:

Տպել
5144 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)