Իմ խնդիրն եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդումը․ Արմեն Սարգսյան

Ներկայացնում ենք նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը: Հարցազրույցն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացրել է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀԱՐՑ- Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բազմադարյա խորը արմատներ ունեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ, փոխվստահելի բնույթը ու Մոսկվայի ձգտումը՝ շարունակելու ամրապնդել բոլոր ուղղություններով Երեւանի հետ դաշնակցային փոխգործակցությունը: Անցած տարի մեր երկրները նշեցին հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակը... 

ՊԱՏԱՍԽԱՆ- Իսկապես, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում: Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը:

Ցանկանում եմ նաեւ ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, ինչպես նաեւ այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ-ռուսական համագործակցության ողջ համալիրը: Մեր հարաբերությունների զարգացման մեջ էական տեղ է հատկացված նաեւ Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ միջտարածաշրջանային համագործակցությանը: 

Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակներ ու տեմպ են ձեռքբերել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր տեղի են ունեցել հենց վերջին տասնամյակի ընթացքում: Միաժամանակ, իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների հետ մեկտեղ մենք հետագա աշխատանքի հսկայական ներուժ ու լայն դաշտ ունենք:

Ամենակարեւորը՝ մեր հարաբերություններն ունեն ամուր, հուսալի պատմական հիմք, փառահեղ ընդհանուր պատմություն, երբ ուս ուսի տված, միասին կրել ենք մեզ բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները: Այդ ավանդույթները պետք է հոգատարությամբ պահպանենք, հարստացնենք ու անընդհատ բազմապատկենք:

Կարծում եմ, որ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկային շփումների ընդլայնմանը, մեր քաղաքացիների շփումներին, հատկապես՝ երիտասարդության: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որ արդեն տարուց ավելի գործում է, էապես հեշտացրել է այդ շփումը: Դա նաեւ արտացոլում է այն խորը զգացմունքները, որ առկա են մեր ժողովուրդների միջեւ:

Մեր նվաճումն ու հպարտությունը Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի՝ մեր ընդհանուր ու փառահեղ Հաղթանակի պատմական հիշողությունն է: Հայ ժողովուրդը ծանրակշիռ ներդրում է ունեցել այդ նվաճման մեջ. Մեծ Հայրենականի ճակատներում կռվել են Հայաստանի 600 հազար որդիներ, որոնց կեսը՝ 300 հազարը ռազմաճակատից տուն չի վերադարձել...

Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ երկու գործիչների, ում անունն անխզելիորեն կապված է Հաղթանակի հետ: Դա Խորհրդային Միության կրկնակի Հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն է ու ականավոր հետախույզ, Խորհրդային Միության Հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանը: Մարշալ Բաղրամյանի հետ պատիվ եմ ունեցել հանդիպել, երբ ուսանող էի եւ հռչակավոր զորավարն այցելել էր Երեւանի պետական համալսարան: Գեւորգ Վարդանյանի ու նրա տիկին, համախոհ ու մարտական ընկեր Գոհար Վարդանյանի հետ բարեկամացել են ծնողներս, ընտանիքներով՝ 1940-ականներին, երբ ապրում էին Իրանում: Ջերմությամբ եմ հիշում իմ անմոռանալի հանդիպումներն այդ արտասովոր անձանց հետ թե Մոսկվայում, թե Երեւանում: Այժմ, երբ Գեւորգ Վարդանյանն այլեւս մեզ հետ չէ, ձգտում եմ ավելի հաճախ զանգահարել տիկին Գոհարին, իսկ երբ լինում եմ Մոսկվայում, անպայման այցելում եմ նրան: 

Առհասարակ՝ բոլորս անհատույց պարտք ունենք Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հանդեպ: Առանց նրանց ակտիվ մասնակցության դժվար է պատկերացնել երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը: Ես ու իմ սերունդը շատ բան ենք նրանցից սովորել, ու մեր պարտքն է դա երիտասարդությանը փոխանցելը:

ՀԱՐՑ - Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր ունեն մեր մշակութային ու հումանիտար կապերը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Մշակութային կապերը, հումանիտար ոլորտում համագործակցությունն էականորեն լրացնում են ու հարստացնում են մեր երկրների բազմակողմ ու բազմաշերտ հարաբերությունները: Մենք հաստատակամորեն պետք է ընդլայնենք հայ-ռուսական փոխգործակցության այդ ոլորտը: Ցուցահանդեսները, համերգները, շրջագայությունները, համատեղ մշակութային, գիտական, կրթական, հումանիտար նախագծերը, ուսանողների եւ բուհերի դասախոսների շփումներն ու փոխանակումները, գիտական փոխանակումները պետք է էականորեն ընդլայնեն մեր կապերը, դրանց նոր դինամիկա ու որակ հաղորդեն: Այս համատեքստում կցանկանայի հատուկ ընդգծել, որ հարյուրավոր երիտասարդ մասնագետներ կրթություն են ստանում ու իրենց գործում վարպետանում են հենց ռուսական բուհերում՝ այն քվոտաների շրջանակներում, որ տրամադրում է ՌԴ կառավարությունը: 

Ուրախալի է, որ վերջին տարիներին մեր մշակութային-հումանիտար կապերն ինտենսիվ կերպով զարգացել են, անց են կացվել Հայաստանում Ռուսաստանի մշակութային օրեր եւ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրեր, որոնք առանձնացել են խոշոր միջոցառումներով: Այսօր Երեւանում հաջողությամբ գործում են Հայ-ռուսական համալսարանը եւ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը:  

Բացի այդ, ժամանակակից ռուսական գիտության մեջ բազմաթիվ հայտնի հայկական անուններ կան, ովքեր լայն ճանաչում են գտել, հարստացրել են ռուսական ու համաշխարհային գիտությունը նոր հայտնագործություններով, խոշորամասշտաբ գիտական արդյունքներով: Նրանք արժանի հետնորդներն են այնպիսի հռչակավոր գիտնականների, ինչպիսիք են ակադեմիկոսներ Հովսեփ եւ Լեւոն Օրբելիները, Աբրահամ Ալիխանովն ու Արտեմ Ալիխանյանը, Նորայր Սիսակյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը եւ շատ ուրիշներ:

ՀԱՐՑ - Ե՞րբ եք նախատեսում Ձեր առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն:

- Ես դեռ նոր եմ ստանձնելու նախագահի պաշտոնը (ծիծաղում է): Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա: Ավանդաբար, Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, սակայն ТАСС-ն առաջիններից կլինի, որ կիմանա այդ մասին:

ՀԱՐՑ - Ինչպե՞ս կգնահատեիք ղարաբաղյան կարգավորման վիճակը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Վերջնարդյունքում տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվելու են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունն ավելի դաժան ու դրամատիկ հակամարտություններ է տեսել:

Արդեն 25 տարուց ավելի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Հիշեցնեմ, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը հաստատվեց հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորման ուղղությամբ այդ միջնորդական ջանքերը: Ակնհայտ է, որ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու կամք: Խաղաղության հասնելու համար Հայաստանն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ եւ ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույն վերաբերմունքը կցուցաբերի:

ՀԱՐՑ - Դուք դարձաք նախագահ, երբ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձեւի:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ճիշտ եք, Հայաստանի քաղաքական նոր համակարգը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական ձեւին, որը սկզբունքորեն մեզ մոտ գործում էր նաեւ մինչեւ 1991թ. առաջին նախագահական ընտրությունները: Սակայն հիմա մեզանում միանգամայն նոր իրավիճակ է, եւ հանրապետության նախագահին, որին ընտրում է խորհրդարանը, հատուկ տեղ է վերապահված: Ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական պարտականություններից բացի, որ ամրագրված են Սահմանադրությամբ, մենք կենտրոնանում ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանում նրանց ներկայության ընդլայնման, ներդրումների ներգրավման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթության, գիտության, երիտասարդներին խրախուսելու վրա: Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման ուղղությամբ ողջ իշխանությունն աշխատի:

Այո, քաղաքական նոր համակարգի պայմաններում պետական իշխանությունը լիովին բաժանված է խորհրդարանի, կառավարության ու նախագահի ինստիտուտի միջեւ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել այն սուր խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջեւ, քանզի միայն համախմբված, համերաշխ հասարակությունն է կարող արդյունավետ արձագանքել ժամանակի մարտահրավերներին:

Մինչ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում համաձայնություն տալը ես բազմաթիվ արդյունավետ քննարկումներ ունեցա քաղաքական ուժերի, Սփյուռքի, հասարակության ու մտավորականության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, թե ժամանակակից Հայաստանի համար որքան արդիական է, որքան կարեւոր է լսելու եւ ըմբռնելու, միմյանց հարգելու, զրուցակցի կարծիքին ըմբռնումով մոտենալու կարողությունը:

ՀԱՐՑ - Ձեր հարցազրույցներում ասում եք, որ ցանկանում եք տեսնել «նոր Հայաստան՝ նորացված ու երիտասարդ ոգով՝ 21-րդ դարին համապատասխանող»:

ՊԱՏԱՍԽԱՆ- Հայ հասարակության առաջնահերթություններից մեկը ես կնշեի երիտասարդության տրամադրվածությունը: Ասելով երիտասարդություն՝ ես նկատի ունեմ ոչ այնքան տարիքը, որքան ներքին հոգեվիճակը, ըստ որում՝ նկատի ունենալով նաեւ ինձ (ժպտում է). որքանով են երիտասարդ քաղաքացիները մոտիվացված, տրամադրված՝ մասնակցելու երկրի առաջընթացին, որքանով են պահանջված: Չէ՞ որ արտագաղթը, առաջին հերթին երիտասարդության արտագաղթը կանգնեցնել մենք կարող ենք միայն երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար լիարժեք պայմաններ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի եւ բոլոր այն բնագավառներում, որոնցում նրանք ընդունակ են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ:

Ուրախալի է, որ Հայաստանում կան երիտասարդությանը նորարար ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կրթական նորարար ձեւաչափերում ընդգրկելու մի շարք շատ հաջողված օրինակներ: Դրանցից են ստեղծարար տեխնոլոգիաների «ԹՈՒՄՈ» կենտրոնը, «Սինոփսիս Հայաստան» ընկերությունը, նոր, ժամանակակից դպրոցներն ու համալսարանները: Վստահ եմ, որ այդ միտումը պետք է հետեւողականորեն զարգացնել:

Ի դեպ, մենք ցանկանում ենք Հայաստանում գրավիչ դարձնել նույնիսկ զինծառայությունը: Հանրապետության պաշտպանության նախարարությունն աշխատում է մի շարք ստեղծարար ծրագրերի վրա, որոնք խրախուսում են համալսարանական կրթությամբ ու շոշափելի սոցիալական երաշխիքներով զուգորդված զինվորական ծառայությունը:

ՀԱՐՑ - Ինչպիսի՞ն է կնոջ դերը հայ հասարակության մեջ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Գեղեցիկ կեսն ակտիվ մասնակցում է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքին՝ չհաշված ավանդական «կանացի» ոլորտները՝ առողջապահություն ու կրթություն: Մեզանում կանայք կան կառավարությունում, խորհրդարանում, դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ձեռնարկատերեր: Իհարկե, ժամանակակից հասարակության մեջ կնոջ դերը պետք է ամեն կերպ ընդլայնել ու մեծացնել:

Ցանկանում եմ արժանին հղել հայ կնոջը՝ տիկնոջը, մորը, դստերը, քրոջը: Կինն ազգի առանցքն է, ողնաշարը, եւ ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Շատ ուրիշ երկրներում եւս նույնիսկ ամենածանր ժամանակ, կանայք վստահորեն իրենց ուսերին են կրում ընտանիքի, հանրության հիմնական բեռը:

ՀԱՐՑ - Հայերը պատմականորեն սփյուռք ունեցող ազգ են: Հինավուրց ժողովուրդը դարեր շարունակ տարածվել է մոլորակով մեկ՝ Եվրոպայից մինչ Ավստրալիա, Աֆրիկայից մինչ Ամերիկա: Ի՞նչ եք մտադիր առաջարկել արտասահմանի հայրենակիցներին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հայ վաճառականները, առեւտրականները վաղնջական ժամանակներից առեւտրային կապեր են հաստատել հեռավոր երկրներում՝ Հնդկաստանից մինչ Իրան, Ամերիկա ու Ավստրալիա, վստահորեն «յուրացրել են» նոր երկրներն ու աշխարհամասերը: Սակայն արտերկրի հայկական Սփյուռքի հիմնական հատվածը ձեւավորվել է, երբ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերը ցեղասպանության ենթարկվեցին: Այսօր մեր հայրենակիցները գործնականում ապրում են բոլոր աշխարհամասերում, աշխարհի 100 երկրներում, նրանք ակտիվ մասնակցում են իրենց կացության երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքին: Չափազանց կարեւոր եմ համարում ոչ միայն հայկական պետության աջակցությունն արտերկրում ապրող հայրենակիցներին, այլեւ Սփյուռքի լայն ներառումը Հայաստանի կյանքին: Ես ինքնս մոտ 30 տարի ապրել եմ արտերկրում, ու միայն լսածով չէ, որ տեղյակ եմ սփյուռքի հոգսերի, ակնկալիքների եւ խնդիրների մասին:

ՀԱՐՑ - Ինչպե՞ս եք Դուք մտադիր ազդել երկրում առկա ներդրումային միջավայրի վրա: Ի՞նչ միջոցառումներ եք պատրաստվում ձեռնարկել, որպեսզի կարողանաք դրամական հոսքեր ներգրավել եւ դրանք երկրում պահել:

ՊԱՏԱՍԽԱՆ - Որպեսզի արտասահմանյան ներդրումները Հայաստան բերվեն, անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա, թե ինչ է իրեն սպասում, այսինքն՝ ինչ պայմաններում է ինքն աշխատելու, ինչպիսին է երկրի օրենսդրությունը եւ պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում իրականացնել: Իսկ բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար պետք է ջանասիրությամբ աշխատել: Պետք է մտածել երկրի տնտեսական եւ ներդրումային գրավչության, օրենքի գերակայության հետագա ամրապնդման եւ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին: Ընդ որում՝ դա կախված է ոչ միայն պետությունից, այլ նաեւ՝ քաղաքացիներից, հասարակությունից, գործարար համայնքից:

ՀԱՐՑ - Ի՞նչ նշանակություն ունի Ռուսաստանը Ձեզ համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ինձ համար Ռուսաստանը նախեւառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն: Ռուսական մշակույթը, արվեստը, գրականությունը Հայաստանի բազմաթիվ սերունդների եւ, մասնավորապես, ինձ համար եղել եւ մնում են ոգեշնչման աղբյուր, դրանք կարեւոր դեր է խաղացել աշխարհայացքի ձեւավորման գործում: Իմիջիայլոց, ես շատ բանի համար պարտական եմ խորհրդային իրականությանը, մասնավորապես՝ իմ կրթության եւ իմ գործունեության առաջին քայլերի համար: Հպարտությամբ հիշեցնեմ, որ 1984-85թթ-ին ես եղել եմ միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում: Եվ երբ ես մտածում եմ ֆիզիկայի մասին, մինչ այժմ մտածում եմ ռուսերեն լեզվով: 

Օգտվելով առիթից՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին անկեղծորեն մաղթում եմ նոր մեծ հաջողություններ երկրի տնտեսության զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման գործում: 

Որպես Հայաստանի նախագահ՝ ես, անկասկած, իմ խնդիրն եմ համարում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը:

Տպել
2529 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան