Ծուռ հայելիների թագավորությունում. Տիգրան Հայրապետյանի անտիպ հոդվածը

24/03/2018 schedule11:47

Վերհիշելով «նորը լավ մոռացված հինն է» ասացվածքը՝ համաձայնենք, որ այս ճշմարտությունը ոչ միայն առայսօր չի հերքվել, այլ ընդհակառակն, բնագիտության, պատմագիտության, հնագիտության եւ այլ գիտությունների զարգացմանը զուգահեռ հավաստիության նոր փաստարկներ է ձեռք բերում: «Այո-մարդկանց» իշխանությունը որեւէ երկրում եւս նորություն չէ, թեեւ «yes-man» եզրը նոր ժամանակներում գործածության մեջ է մտել նախ ԱՄՆ-ում, իսկ հետո նաեւ այլ երկրներում:

Սկզբունքորեն, ԱՄՆ 36-րդ նախագահին անհրաժեշտ չեղավ «հեծանիվ հայտնագործել»՝ պատմության մեջ անմահանալու եւ «այո-մարդ» եզրի առաջացմանը նպաստելու համար: Պարզապես, Լինդոն Ջոնսոնը բոլոր ժամանակների հազարավոր այլ ղեկավարների նման սեփական որոշումների քննարկումներ, առավել եւս քննադատություններ չէր սիրում: Ուստի, երբ XX դարի մեծագույն ոճրագործություններից մեկի՝ նախագահ Ջոն Քենեդու սպանությունից հետո նա դարձավ ԱՄՆ նախագահը, կարճ ժամանակամիջոցում ձերբազատվեց ինքնուրույն կարծիք ունեցող բոլոր ծառայողներից եւ իրեն շրջապատեց մարդկանցով, որոնք ոչ այնքան զբաղված էին երկրի կառավարման հարցերով, որքան նոր նախագահի քաղաքականության արդարացման համար անհրաժեշտ հիմնավորումներ որոնելով եւ գաղափարներ «թխելով»: Ահա այդ մարդիկ էին, որ ամերիկացիների կողմից որակվեցին իբրեւ «յեսմեններ»: Թե ինչի հասցրեց Լինդոն Ջոնսոնի բնավորության այդ փոքրիկ թերությունը եւ «այո-մարդկանց» կույր ու մոլեռանդ ծառայությունը՝ հայտնի է բոլորին՝ երկրորդ աշխարհամարտից հետո թերեւս ամենաանիմաստ եւ էությամբ հանցագործ, հազարավոր մարդկանց կյանք խլած պատերազմը Վիետնամում եւ դրանից բխած բարոյահոգեբանական, քաղաքական եւ տնտեսական խոր ճգնաժամը բուն ԱՄՆ-ում: Այդ խելահեղ եւ տանուլ տված պատերազմն ու նրա ուղղությամբ տարվող «այո-մարդկանց» ցնորային քաղաքականությունն էր, որ անմահացրեց Ջոնսոնի անունը սերունդների համար:

ԱՄՆ նման հզոր պետությունն իր կենսունակ բնակչությամբ կարողացավ դիմակայել ջոնսոնյան էպոպեային, թեեւ նրա արձագանքները հասարակական եւ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում զգացնել էին տալիս ընդհուպ մինչեւ վերջերս: Անցյալի գիրկն անցած այս պատմության մեջ մեր օրերի համար առավելապես կարեւորվում է «յեսմենությունը» իբրեւ երեւույթ: ԱՄՆ պատմության մեջ իր նախադեպը չունեցող՝ հասարակական գիտակցության ձեւավորման այս խեղաթյուրումն ու բացահայտ խաբեությունը բոլոր մակարդակներում ջոնսոնյան Ամերիկան նմանեցրեց «Ծուռ հայելիների թագավորությանը»: Եւս մեկ կարեւոր երանգ. վաթսունականների ԱՄՆ ապացուցեց, որ չսահմանափակված եւ փաստորեն ավտորիտար իշխանության կարելի է հասնել նաեւ ամենաժողովրդավար համարվող երկրում, ինչը հերքում է այն ավանդական պատկերացումը, թե միակարծության վրա հիմնված կործանարար մենիշխանությունը լոկ բացարձակ, արյունռուշտ բռնապետությունների մենաշնորհն է:

Այլակարծության նկատմամբ պաթոլոգիական անհանդուրժողություն ցուցաբերող եւ սեփական որոշումներն ու գործողությունները կասկածի ենթարկելու անընդունակ ղեկավարներն իրականում առավել հեշտությամբ են ղեկավարվում կողմնակի ուժերի եւ առանձին բախտախնդիրների կողմից, որոնք բնազդորեն կամ սերտված նպատակամղվածությամբ կարողանում են սեփական ծրագրերն ու գաղափարները ներկայացնել իբրեւ «հանճարեղ» ղեկավարի մոտ ինքնուրույնաբար ծնված մտքեր եւ օգտագործում են նրա իշխանությունը դրանց իրականացման համար: Հենց ամենաինքնահավան ղեկավարներն են, որ անբաժան են եղել իրենց «ստվերից»՝ մեկ կամ մի քանի օգնական-խորհրդականներից, որոնք էլ իրականում ղեկավարել են երկիրը: Ջոնսոնի մոտ դա Ռուսաստանից արտագաղթած հրեական ընտանիքից սերող՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ուոլտ Ռոսթոուն էր (Ռոստով), որին առանց չափազանցության կարելի է անվանել ԱՄՆ նախագահի «միտքը, պատիվը, խիղճը»: Պատմությունը դեռ իր գնահատականը կտա Ռոսթոուի խաղացած դերին, կգա ժամանակ նաեւ, որ մեզ հասու կլինի այն անմիջական կապը, որ կար 1964 թվին սանձազերծված լայնածավալ վիետնամական պատերազմի եւ 1967, 1973 թվականների արաբա-իսրայելյան պատերազմների եւ նրանցում ԱՄՆ գրաված դիրքի միջեւ: Բայց սա արդեն այլ խնդիր է, իսկ մեզ համար կարեւորվում է այն իրողությունը, որ անգամ գերտերությունները, որոնք որոշում են աշխարհի ժողովուրդների բախտը, կառավարելի են՝ ի դեմս իրենց ղեկավարների:

Հարց է ծագում. իսկ մեզ ի՞նչ ԱՄՆ քաղաքական խոհանոցն ու նրա ոչ հեռավոր անցյալի պատմական դրվագները: Ինչպե՞ս կարելի է համեմատել անհամեմատելին՝ Հայաստանն ու ԱՄՆ: Մենք միտումնավոր ընտրեցինք այս համեմատությունը, քանզի ԱՄՆ կերպարն առավելագույնս տպավորված է ազատագրված Հայաստանի հասարակական գիտակցության մեջ, եւ նրա քաղաքական ազդեցությունը մեր հանրապետության եւ նրա իշխանությունների վրա խիստ զգալի է: Բացի այդ, կրկնվող, արդեն իսկ ավանդական երեւույթները հիմնականում դրսեւորվում են նույն ձեւով, անկախ երկրից, նրա աշխարհագրական դիրքից կամ տվյալ փուլում ունեցած հզորության աստիճանից:

Կույր համաձայնության ավանդույթները մենք ժառանգել ենք խորհրդային իշխանության ժամանակներից, եւ այսօր հասարակական-քաղաքական աշխույժ գործունեության մեջ ընդգրկված «չափահաս սերունդները» լիարժեք ժառանգորդներն են այն բարոյականության եւ ստերեոտիպների, որ խորհրդային իշխանության պայմաններում հասարակական հարաբերությունների հիմքն էին եւ էությունը: Արդյունավետ կարիերիզմի հիմնական սկզբունքներն ու օրենքները եւս դարերի ընթացքում նշանակալից փոփոխություններ չեն կրել. ճիշտ կռահել ղեկավարի մտքերը եւ ձգտել առաջինը հավանություն տալ դրանց: «Հին է, ինչպես աշխարհը», կասեր սովորական քաղաքացին, բայց, այնուամենայնիվ, կան իրավիճակներ, երբ այս արմատացած երեւույթը պետք է հաղթահարվի եւ գոնե առժամանակ իր տեղը զիջի որակապես այլ մոտեցումներին ու արժեքներին: Այդպիսի իրավիճակներ պետք է համարել տվյալ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող անցումային փուլերը՝ կազմավորումների (ֆորմացիա) փոփոխությունները, պատերազմները, այսինքն՝ այն իրողությունները, երբ օրակարգի հարց է դառնում լինել-չլինելու խնդիրը: Նման պարագայում շարունակել առաջնորդվել «հին, բարի ավանդույթներով»՝ նշանակում է վտանգի ենթարկել երկիրն ու նրա ժողովրդին: Դարերի խորքից եկող ոչ միայն բարոյական, այլեւ իրավական խնդիր էր, թե ու՞մ մեղքն էր ի վերջո ավելի՝ անընդունակ ղեկավար-առաջնորդների՞, որ կործանարար գաղափարներ են ձեւավորում եւ հրամաններ արձակում, թե՞ նրանց, ովքեր կաշվից դուրս են գալիս հիմնավորելու եւ արդարացնելու այդ գաղափարներն ու հրամանները՝ իշխող համակարգում իրենց տաքուկ տեղն ապահովելու համար: Եւ արդյոք ղեկավար-առաջնորդի անընդունակությունը կվերածվե՞ր վտանգավոր բախտախնդրության, եթե նրա միջավայրում չգերակայեր անսկզբունքային ենթարկվածության մթնոլորտը, այլ իբրեւ աշխատանքային բարձրագույն արժեք գնահատվեր առողջ այլակարծությունը:

Կա՞ արդյոք «այո-մարդկանց» երեւույթը Հայաստանում:

Այն պարզապես երբեք էլ չի դադարել լինելուց: Եւ եթե ջոնսոնյան Ամերիկայում այն վարակել էր սոսկ իրեն՝ նախագահին ու նրա անմիջական շրջապատին, իսկ հասարակության ամենալայն խավերը եւ անգամ վարչակարգին մոտ կանգնած բազմաթիվ ականավոր գործիչներ համարձակություն ունեին ակտիվորեն բողոքարկելու կործանարար քաղաքականությունը կամ ի նշան անհամաձայնության հրաժարական տալու, ապա մեզ մոտ դա շատ ավելի ընդգրկուն երեւույթ է, որ զարգացում է ապրում ինչպես վերեւից ներքեւ այնպես էլ հակառակ ուղղությամբ: Տասնամյակներով արմատավորված այն բարոյականությունը, թե կարեւորը ոչ թե մասնագիտական ունակություններն են, այլ համապատասխան օղակում տեղավորվելու «շնորհքը»՝ երկկողմանի անարգել երթեւեկություն են բացել նրանց համար, ով «այո-մարդկանց» կարիքն ունի, եւ նրանց, ով պատրաստ է այդպիսին լինել: Այստեղից էլ ծնվում է հասարակության մի զգալի հատվածի անխախտ եւ էությամբ այլանդակ համերաշխությունը, որ բնականաբար ընդհանուր ոչինչ չունի «հասարակական համաձայնություն» հասկացության հետ: Ընդ որում, այն ծաղկում-փթթում է ինչպես իշխանության համակարգում, այնպես էլ ընդդիմության շրջանակներում: «Այո-մարդկանց» կույր ծառայությունն ընկած է մեր հասարակական հարաբերությունների հիմքում, սակայն քանզի վարչակարգն է պատասխանատու երկրի ու ժողովրդի ապագայի համար, նրա համակարգի վիճակն է առաջնահերթ խնդիր դառնում:

Յուրաքանչյուր հասարակության մեջ առկա է մի մեծաքանակ խավ, որ միշտ պատրաստ է հարմարվելու «նոր իրողություններին», բարոյական կամ այլ բնույթի արգելքներ չունի քամուն համընթաց շարժվելու համար: Շնորհիվ իրենց ծառայողականության, նրանք բոլոր հասարակարգերի եւ վարչակարգերի հնազանդ ծառաներն են: Անցյալում ձեռք բերված ղեկավար պաշտոնը, գիտական կոչումը եւ այլն, ապահովում են նրանց տաքուկ տեղը նաեւ նոր, թեկուզ եւ արմատապես տարբեր իրավիճակում: Ավելորդ է ասել, որ նման ճանապարհով առաջընթաց ապրած այդ խավը թշնամի է պրոֆեսիոնալիզմին եւ արդյունավետ աշխատանքին, քանզի երկուսն էլ սպառնում են նրան գահընկեց անել դատարկության վրա կառուցված բարձունքից: Իսկ նվաճված դիրքերը պահպանելու ամենաազդեցիկ զինամիջոցը «այո-մարդ» լինելն է, որի գայթակղությանը բարձրագույն իշխանությունները դժվարությամբ են դիմագրավում, իսկ մեր պայմաններում պարզապես խրախուսում են: Առավել ողբերգականն այն է, որ այս երեւույթը կայուն ժառանգական բնույթ է կրում, եւ երիտասարդությունը, «ճիշտ» կողմնորոշվելով, ընտրում է նույն ճանապարհը: «Յեսմենության» հետեւանքները Հայաստանում ակնհայտ են: Ամենատարբեր գերատեսչությունների պաշտոնյաները մասնավոր խոսակցություններում ահազանգ են խփում տիրող իրավիճակի, հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության, նրա գործողությունների, կադրային անհեթեթության եւ այլնի մասին, սակայն, ինչպես եւ խորհրդային ժամանակներում, այդ ամենը միայն խոհանոցում եւ խիստ նեղ շրջանակներում: Իսկ իբրեւ վարչակարգի ծառա՝ նրանք պատրաստ են հոխորտալով պաշտպանել նրա յուրաքանչյուր քայլը: Ոչ ոք հրաժարական չի տալիս, հրապարակային ելույթ չի ունենում՝ հավանաբար մասնավոր խոսակցություններում արտահայտած դժգոհությունը եւ անհամաձայնությունը համարելով քաղաքացիական պարտքի լիարժեք կատարում: «Յեսմենությունը» ապրում է եւ հաղթանակում՝ նորաստեղծ պետականության պատմության առաջին իսկ էջերում թողնելով արյունալի հետքեր: Եւ կրկին նույն հարցը. իսկ ո՞վ է առավել մեղավոր: Ասենք՝ արտգործնախարարությունում թերթերից վերլուծություններ «թխող» լեզվաբան-քաղաքագետնե՞րը, կամ Բազարգան ու Բախտիար անունները ֆիրմաների անվանումներ համարող երիտասարդ դիվանագետնե՞րը, որոնք որոշում են մեր պետության ու ժողովրդի քաղաքական ապագան, թե՞ նույն գերատեսչությունում աշխատող երիտասարդ եւ տարեց իրական մասնագետները, որոնք հանդուրժում են նման իրականությունը: Իսկ չէ որ արտգործնախարարության եւ արտաքին հարաբերություններին ուղղություն տվող այլ գերատեսչությունների՝ ազգային անվտանգության խորհրդի, նախագահի ապարատի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, խորհրդական-օգնականների, Հայաստանը արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում ներկայացնող մարդկանց աշխատանքից է անմիջականորեն կախված իրավիճակը ԼՂՀ-ում, պատերազմի ընթացքը, զոհերի քանակը, հանրապետության տնտեսական վիճակը, ներքին սփյուռքի կյանքի անվտանգությունը, մի խոսքով, միլիոնավոր հայերի ճակատագիրը: Եւ եթե նրանք անձնական պատասխանատվություն չեն զգում ԼՂՀ-ում ու Աբխազիայում, սահմանամերձ գոտում ու Ռուսաստանում զոհված կամ գաղթական դարձած յուրաքանչյուր հայի համար, եւ ժողովուրդն էլ հաշիվ չի պահանջում նրանցից, ապա «յեսմենության» բարգավաճումն ավելի քան բնական է:

Օրեցօր ուժգնանում են անկախ դիտորդների եւ ընդդիմության կոչերը՝ միջոցառումներ ձեռնարկել հանրապետության բնակչության ոգին բարձրացնելու եւ կարգուկանոն հաստատելու ուղղությամբ: Այս կոչերը որքան արդարացի են, նույնքան պարզամիտ: Ինչպե՞ս կարող է մի վարչակարգ, որ կառուցված է «այո-մարդկանց» ծառայության վրա, ոգի բարձրացնել կամ կարգուկանոն հաստատել: Չէ որ եթերից ու մամուլի էջերից հնչող համախմբվածության, ազգին ու պետությանը ծառայելու, հաղթանակ ու առաջընթաց ձեռք բերելու գեղեցիկ գաղափարներին կյանքն անմիջականորեն հակադրում է «այո-մարդկանց» անձեռնհասությունը, կարիերիզմը, լիարժեք աշխատելու եւ կառուցելու անընդունակությունը: Միամտություն է կարծել, թե ժողովուրդը դա չի տեսնում եւ չի զգում: Անհնար է, որ նույն հասարակության մի ստվար հատվածը, իր ճանապարհին ոտնատակ տալով ամեն ինչ, մագլցի վարչակարգի աստիճանակարգով, իսկ մյուս հատվածը մի կողմ թողնի իր անձնապաշտությունը եւ նվիրվի ընդհանուր գործին: Նման ինքնազոհության ընդունակ են միայն խիստ սահմանափակ քանակի մարդիկ: Ուստի, ժողովրդի ոգին հեռուստահաղորդումներով ու խրոխտ կոչերով չէ, որ պետք է բարձրացնել, այլ համակարգի արմատական փոփոխություններով: Ժողովուրդը պետք է յուրաքանչյուր քայլին զգա, որ իրենից անձնազոհություն պահանջող իշխանությունն ինքն էլ այդպիսին է եւ ձեռնհաս է որեւէ լուծում գտնելու ծառացած խնդիրներին: Իսկ «այո-մարդկանց» հաստատած կարգուկանոնի արդյունքներին սպասողները թող մի պահ մտածեն, թե ինչ կլիներ Միացյալ Նահանգների հետ, եթե նրա ժողովուրդն ու քաղաքական ուժերը չսանձեին «այո-մարդկանց» կործանարար երեւույթը, չգիտակցեին իրենց նախագահին ուղղություն տվող «ստվերների» բուն էությունը, այլ հնարավորություն տային Ջոնսոնի եւ Ռոսթոուի նման առաջնորդներին սեփական ազգակործան քաղաքականությունը երկարաձգելու համար կարգ ու կանոն հաստատել իրենց երկրում:

Տիգրան Հայրապետյան
17.09.92    

Տպել
2179 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից