Գյուղոլորտը կրախի առաջ է կանգնած. ոռոգման ջրի լուրջ խնդիր է առաջացել

Գյուղացիական տնտեսություններին այս տարին լավ անակնկալներ չի խոստանում. չոր ձմեռը ջրային ռեսուրսների վրա խիստ բացասաբար է ազդել: Էներգետիկ ենթակառուցվածների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ջրամբարներում առկա ջրային պաշարների վերաբերյալ հուսալքող տվյալներ են տրամադրել: 

Այս պահի դրությամբ Հայաստանի ջրամբարներում առկա ջրի ծավալը կազմում է 258.85 միլիոն խորանարդ մետր: Այս ցուցանիշը 73.13 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշների համեմատությամբ: «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անցյալ տարին խիստ չորային էր, իսկ այս տարի արդեն իսկ դեֆիցիտ ունենք՝ անցյալ տարվա համեմատությամբ, բնական է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն խիստ մտահոգություններ ունի ոռոգման սեզոնին ընդառաջ: Հույս ունենք, որ դեֆիցիտը որոշակիորեն կմեղմվի գարնան ամիսներին՝ անձրևների հաշվին: Սակայն, հաշվի առնելով բնակլիմայական այս պայմանները, ՋՏՊԿ-ն պատրաստվում է ոռոգման սեզոնին «արտակարգ պայմաններով»»,- մեզ տեղեկացրեց կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է, որ զգալիորեն կավելանա մեխանիկական ջրամատակարարումը, այսինքն՝ կգործարկվեն պոմպերն ու պոմպակայանները, արդեն իսկ նախապատրաստվում են խորքային հորերը, կհորատվեն նոր հորեր: «Բացի այդ՝ ռուսական կողմի հետ բանակցություններ ենք վարում 10 շարժական պոմպերի ձեռքբերման վերաբերյալ, որոնք թույլ կտան ջուրը մեկ հատվածից մյուս տեղափոխել՝ ըստ անհրաժեշտության: Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում արդեն իսկ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվել Ազատի ջրամբարում՝ հատակային ջրթողի փականի վրա, ինչի շնորհիվ կկարողանանք վերացնել չկառավարվող հոսքը ջրամբարից: Բացի այդ՝ ափամաքրման և հուների մաքրման աշխատանքներ են տարվում գետերի վրա՝ առանց այդ էլ սակավ ջրի կորուստները նվազեցնելու նպատակով»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը: Մեր ճշտող հարցին, թե որքան պետք է լինի ջրի ծավալը այս փուլում, որպեսզի նորմայի մեջ լինի, մամուլի քարտուղարը միջինացված թիվ ներկայացրեց: «Ջրառատ տարիներին, միջինում այս ժամանակահատվածում ամբարված է լինում շուրջ 850-890 մլն խմ ջուր, այս պահին ամբարվել է ընդամենը 258.85 մլն խմ»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:

«ՀԺ»-ն ավելի վաղ գրել էր, որ Հայաստանի մի քանի շրջաններում գյուղապետարանները գյուղացիական տնտեսություններին խորհուրդ են տալիս այս տարի իրենց տնտեսությունը վարել այն հաշվարկով, որ ոռոգման ջուրը կարող է չբավարարել:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է խնդրի մասին եւ նախարարությու՞նն է արդյոք նման ուղերձով հանդես եկել: «Կոնկրետ որ համայնքի ղեկավարն է նման արտահայտություն արել, ես տեղյակ չեմ: Եթե գիտեք, թե ով է նման հայտարարություն արել, մենք կճշտենք, թե ո՞վ է իրենց նման ցուցում տվել, ինչից ելնելով են նման բան ասել կամ եղե՞լ է, թե՞ չի եղել նման բան»,- պատասխանեց փոխնախարարը՝ նշելով, որ մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել, որպեսզի սակավաջրության դեպքում հնարավորության սահմաններում խնդիրը լուծեն, ռիսկերը մեղմացնեն: «Այս պահի դրությամբ գյուղատնտեսության նախարարության կողմից ոչ մի հորդոր կամ հանձնարարական չի տրվել ոչ մեկին այդ ուղղությամբ աշխատելու համար: Մենք կունենանք մարզային այցեր, եղանակն էլ հետագա ընթացը ցույց կտա»,- նշեց մեր զրուցակիցը:

Աշոտ Հարությունյանը հղում կատարելով օդերեւութաբաններին, ասաց, որ մարտ ամսվա համար կանխատեսվում է տեղումնառատ եղանակ, նույնիսկ նորմայից բարձր տեղումներ են կանխատեսվում: «Պետք է որ խնդիր չունենանք, հակառակը՝ ուրախանանք, որ մարտի տեղումները շատ են լինելու: Տա Աստված շարունակվեն եւ ունենանք խոտի կուտակում, անջրդի պայմաններում հացահատիկի ցանքերն ավելանան: Ինչ վերաբերվում է Արարատյան դաշտավայրին, որտեղ առանց ոռոգման ջրի դժվար է, նույնիսկ անհնար է, այդ դեպքում պետք է մտածենք, որ ոչ միայն ոռոգման ջուր քիչ պահանջող մշակաբույսերի խնդիրը կարգավորենք, այլ ՋՏՊԿ-ի հետ համատեղ հնարավորության սահմաներում խնդիրը լուծենք»,- ասաց փոխնախարարը:

Աշոտ Հարությունյանին ներկայացրեցինք ջրային պետական կոմիտեի տրամադրած տվյալներն ու հետարքրվեցին՝ խնդիրը շատ լո՞ւրջ է, նա պատասխանեց. «Մենք էլ ենք օրական վերլուծություն անում: Մենք ունեցել ենք 2015 թվական, երբ  որ կուտակված ջուրը քիչ է եղել: Հետագայում նորմալ տեղումների արդյունքում բալանսը լրացվել է, նորմալացվել է»: Ի տարբերություն 2018 թվականի, սակայն, 2015 թվականին լեռնային շրջաններում ձյան շերտի հաստությունը բավականաչափ է եղել: «Ճիշտ է ունենք խնդիր, բայց հույս ունենք, որ ինտենսիվ տեղումների արդյունքում որոշակի չափով ոռոգման ջրի խնդիրը կկարգավորվի: Խոսքը ջրամբարներում կուտակման մասին է»,- նկատեց Աշոտ Հարությունյանը:

Նշենք, որ նախորդ տարեվերջին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Ազգային Ժողովում հայտարարել էր, որ գյուղատնտեսության ոլորտի պոտենցյալ աճը գնահատվում է 3-ից 4 տոկոս: Գյուղատնտեսության փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ ջրի խնդրի պայմաններում իրատեսակա՞ն է 4 տոկոս աճ արձանագրելը, նա պատասխանեց. «Դուք ռիսակային հարցեր եք տալիս, եթե ջուր չլինի եւ այլն: Ինչի՞ հակառակը չեք ասում, որ եթե եղանակը նորմալ գնա, հորդառատ անձրեւ լինի, տարին բարենպաստ լինի, հնարավո՞ր է 4 տոկոս աճի փոխարեն լինի 6 տոկոս աճ: Եկեք լավատես լինենք, գյուղատնտեսության տարին նոր է սկսվում, լինենք լավատես, եղանակը լավ լինի, բերք ու բարիքը շատ լինի, այդ տնտեսական աճն էլ թող լինի»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի սակավաջրությամբ պայմանավորված Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականցվեց:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում:

Տպել
10090 դիտում

Եկատերինբուրգում փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

Զինվորը կրակել է մարտական դիրքի ավագի ուղղությամբ․ ժամեր անց հայտնաբերվել է վերջինիս դին․ նոր մանրամասներ

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են 11.1 %-ով

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան, թե հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Վալերի Օսիպյան

Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է մեդալով

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են․ ԲԴԽ նախագահ

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կինը հոսանքահարվել եւ տեղում մահացել է

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի․ հետախուզվողների թիվն ավելացել է մեկով․ ՔԿ

Կրթության նախարարությունը կոչ է անում ՀԱՕԿ-ին զերծ մնալ բռնցքամարտի մասին խնդրահարույց նախաձեռնություններից

Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել․ հանգամանքները պարզվում են

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար