Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռներում քաղաքական ձեւակերպումներ է տեսել

Եվրոպայի խորհրդին անդամակցելիս՝ Հայաստանը պարտավորություն ստանձնեց նաեւ հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով` շարունակելով այդ նպատակով գործադրել իր ազդեցությունը Արցախի վրա: Թեեւ Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, այդուհանդերձ, ելնելով մեր ստանձնած վերոհիշյալ պարտավորությունից՝ հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ այս խնդրին:

Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հունվարի 24-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում:

Նա հիշեցրել է, որ ուղիղ 30 տարի առաջ արտաքուստ կարող էր թվալ, թե ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է Արցախում: «Սակայն այդ մակերեսային պատկերը խաբուսիկ էր: Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ: Այդ տարիների ընթացքում խիստ մտահոգ էր Արցախի ժողովուրդը, քանի որ Բաքվի իշխանություններն ամեն ինչ անում էին հայերին իրենց պատմական բնօրրանից դուրս մղելու համար: Եթե 1926 թվականի մարդահամարով հայերը կազմում էին Արցախի բնակչության գրեթե 90 տոկոսը, ապա Բաքվի այդ քաղաքականության հետեւանքով 1988 թվականին՝ ընդամենը 77 տոկոսը: Ես՝ ինքս, այդ իրողություններով մտահոգված արցախցիներից մեկն եմ եղել»,- ասել է նա ու հավելել, որ 1988 թվականի փետրվարին արցախցիներն ընդվզեցին Բաքվի քաղաքականության դեմ եւ փորձեցին խաղաղ ճանապարհով իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Սարգսյանն ընդգծել է, որ ինքն այդ ընդվզման առաջին շարքերում է եղել: «Արցախի խորհրդարանը որոշում ընդունեց, մարդիկ դուրս եկան խաղաղ ցույցերի: Ադրբեջանի պատասխանը պարզապես բացասական չէր: Ադրբեջանի պատասխանն էր Արցախից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ապրող հայերի հանդեպ կոտորած իրականացնելը: Հայերից վրեժ էին լուծում Արցախի կայացրած որոշման համար:

Կշեռքի մի նժարում խորհրդարանի որոշումը եւ խաղաղ ցույցն էր, մյուս նժարում՝ բռնությունն ու կոտորածը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ առնչվող յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի այս իրողությունը:

Հենց այդ պատճառով սին են հակամարտող կողմերի միջեւ հավասարության նշան դնելու բոլոր փորձերը: Նման հավասարեցումը կեղծ անկողմնակալություն է: Այդպիսով հավասարության նշան է դրվում Սումգայիթի ջարդարարի եւ նրա զոհի միջեւ: Այս տարի փետրվարի 27-ին մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի ջարդերի զոհերին:

Ջարդերը վերածվեցին պետական քաղաքականության եւ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, որի նպատակն էր Արցախի հայ բնակչության լիակատար բնաջնջումը: Արդարության պակասուրդի եւ բնաջնջման սպառնալիքի պայմաններում Արցախը չուներ որեւէ այլ ելք, քան ինքնապաշտպանության դիմելը: Այստեղ եւս ես առաջին շարքերում եմ եղել եւ վայրկյան իսկ չեմ ափսոսում ժամանակին կատարած իմ ընտրության համար»,- ասել է Հայաստանի ղեկավարը:

Սարգսյանը միեւնույն ժամանակ վաղուց արդեն հասունացած է համարում հակամարտությունը կարգավորելու ժամանակը: «Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը եւ կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ եւ հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու, որտեղ էլ որ գտնվեմ: Կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում»,- ասել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձեւաչափն է, նշել է Սերժ Սարգսյանը։ «Այս ձեւաչափին բազմիցս իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը:

Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության եւ ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով: Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը:

Ցավոք, երբեմն այս Վեհաժողովում էլ տեղ են գտել զարգացումներ, որոնք հաշվի չեն առել նշածս իրողությունները` ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ: Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձեւակերպումները Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա»,- ասել է նա։

Ըստ Սարգսյանի՝ պատերազմի մշտական վտանգի ներքո Արցախը շարունակում է ժողովրդավարություն կառուցել եւ խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը: Նա վստահեցրել է, որ այս բոլոր ձեռնարկներում Հայաստանը թեւ ու թիկունք է լինելու Արցախին, հետեւողականորեն պաշտպանելու է Արցախի շահերը եւ իրավունքները, նպաստելու է Արցախի անվտանգության ամրապնդմանը: «Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ինչպես իրավացիորեն նկատել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաեւ այս կազմակերպությունը՝ իր ողջ փորձագիտական ներուժով: Արցախի բնակիչը դրան արժանի է եւ այդ իրավունքը վաղուց արդեն վաստակել է: 

Մարդու իրավունքների պաշտպանությունը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է. ի թիվս Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի՝ Արցախը դեռեւս 2015 թվականին միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ պարտավորվել լիարժեքորեն կիրարկել այն։ Հատկապես գնահատելի է, որ Լեռնային Ղարաբաղը այս ամենին հասել է իր սեփական ուժերով` առանց միջազգային կառույցների շոշափելի աջակցության, ինչը մեկ անգամ եւս վկայում է, որ այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը զուտ խոսքեր չեն, այլ գիտակցված ու հետեւողական ընտրություն»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով, Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, որի իշխանությունները թույլ են տալիս մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների աղաղակող խախտումներ՝ ընդհուպ մինչեւ ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդում, անգամ առեւանգում մեկ այլ երկրի տարածքից:

Այս համատեքստում նա անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը, քանի որ ՄԻԵԴ-ի քննարկման առարկա են դարձել Ադրբեջանի քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Պարզ է, որ ՄԻԵԴ-ը հարցին մոտենում է «գորշ գոտիներ» բացառելու եւ մարդու իրավունքները Եվրոպայի տարածքում երաշխավորելու նպատակով: Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի որոշումներում քաղաքական ձեւակերպումներն ու գնահատականները կարող են ուղղակիորեն բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա։ Ուստի, անհրաժեշտ է, որ ՄԻԵԴ-ն իր գնահատականներում չափազանց զգուշավոր լինի՝ խուսափելով քաղաքական ձեւակերպումներից»,- ասել է նա:

Տպել
2255 դիտում

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»