Ճըվճվ Արոյի որդին կստանա՞ Սերժ Սարգսյանի օժանդակությունը. նա հրաժարվել է ցուցմունք տալ

Հունվարի 8-ի լուսադեմին քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (Ճըվճվ Արո) որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետեւանքով ՃՈ երկու տեսուչ է զոհվել, շարունակում է հասարակական լայն հնչեղություն ունենալ:

Երեկ առավոտյան հրապարակվեց ողբերգական վթարի տեսանյութը, որը լայն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է «BMW X6» մակնիշի ավտոմեքենան բախվում Սայաթ-Նովա խաչմերուկով անցնող եւ դեպի Օպերա ընթացող Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային: Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ ՃՈ ավտոմեքենան փողոցն անցնում է այն պահին, երբ մյուս ավտոմեքենաները շարունակում են տեղում կանգնած մնալ, ասել է թե՝ կարմիր լույսի տակով: «BMW X6»-ի բախումից հետո «Toyota Corolla»-ն մի քանի տասնյակ մետր շպրտվում է դեպի Աբովյան խաչմերուկ, իսկ «BMW X6»-ը դուրս է գալիս ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվում կանաչապատ տարածքում գտնվող գովազդային վահանակին: Երեկ արդեն դեպքի վայրից հեռացրել էին ջարդուփշուր արված գովազդային վահանակը, դեպքի վայրից դեռ չէր հեռացվել «Toyota Corolla» մակնիշի տարբերանշանը եւ մի քանի ջարդուփշուր արված մասեր եւս: Իսկ այն վայրում, որտեղ հանգրվանել է ջախջախված ՃՈ մեքենան, ծաղկեպսակ էր դրված:

Ողբերգական ավտովթարի տեսանյութը լայն քննարկման առարկա դարձավ. հատկապես քննարկվում էր այն հանգամանքը, որը ՃՈ մեքենան լուսացույցի կարմիր լույսի ժամանակ է անցել՝ չզիջելով անգամ հետիոտներին: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՃՈ տեսուչները գտնվել են ծառայության մեջ եւ իրականացրել գիշերային հերթապահություն։ Համաձայն Ճանապարհային երթեւեկության կանոնների 4-րդ գլխի 26-րդ կետի ՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթեւեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (Լուսացույցի եւ կարգավորողի ազդանշանները) (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI , XIX եւ XXI բաժինների պահանջները: Այսինքն՝ ՃՈ տեսուչների գործողություններն օրենքի շրջանակներում են եղել:

Վթարի հետեւանքով Toyota Corolla» մակնիշի վարորդ ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա գործընկեր Խաչիկ Գասպարյանը մահացել է մի քանի ժամ անց՝ հիվանդանոցում: Ինչ վերաբերում է «BMW X6»-ին, ապա վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքից հետո դիմել էր փախուստի, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության բաժին: Նրանից բացի, «BMW X6»-ում երկու ուղեւոր է եղել, որոնք եւս ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն չեն հոսպիտալացվել:

Նախօրեին երեկոյան Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Մեր տեղեկություններով, նա  հրաժարվել է դեպքի վերաբերյալ ցուցմունք տալ: Նույն այդ տեղեկություններով, մի քանի վկաներ նշել են, որ դեպքի օրը Սարգիս Վարդանյանը խմիչք է օգտագործել: Թե որքանով են համապատասխանում այս տեղեկություններն իրականությանը, կպարզվի սույն գործով նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությունից հետո:

Երեկ պարզվեց նաեւ, որ Սարգիս Վարդանյանը 2014 թվականին մեկ տարով զրկված է եղել վարորդական իրավունքից, ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ Սարգիս Վարդանյանի կողմից վարորդական իրավունքը կրկին վերականգնելու մասին տվյալներ վարույթն իրականացման մարմնին հայտնի չէ: Սա էլ, ըստ էության, նշանակում է, որ Սարգիս Վարդանյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի: Մեր հարցին ի պատասխան Տռուզյանն ասաց նաեւ, որ կան ցուցմունքներ, որոնց համաձայն BMW X6-ը գերազանցել է թույլատրելի արագությունը: Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնք ստուգվում են: Նա ասաց, որ նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատաքիմիական, դատակենսաբանական, մանրաթելային փորձաքննություն եւ քննություն է տարվում պարզելու վթարի իրական հանգամանքները:

Արա Վարդանյանը (Ճըվճվ Արո) մահացել է ամիսներ առաջ՝ գլխի իշեմիկ ինսուլտից: Նրա երկու որդիները բազմաթիվ անգամ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն ինչպես բերման են ենթարկվել, այնպես էլ՝ ազատ արձակել: Ակնհայտ է, որ նրա որդիները վայելում են իշխանությունների հովանավորչությունը, հակառակ պարագայում վաղուց արդեն իրենց մասնակցությամբ հարուցված քրեական գործերից մեկով անազատության մեջ կլինեին, այդպիսով վտանգ չդառնալով հանրության համար, եւ ի վերջո չէին խլի երիտասարդ ոստիկանների կյանքը: Այս անգամ էլ հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ քրեական սույն հեղինակության որդիները կպատժվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է անզգույշ հանցագործություն կատարելու մեջ, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ դժբախտ պատահարի, հետեւաբար՝ իսկապես չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր հերթական օժանդակությունը «շռայլի» Սարգիս Վարդանյանին: 

Անցյալ տարեվերջին Սերժ Սարգսյանը ՏԻՄ եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում ասաց. «Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել»: Այնպես որ, Սարգիս եւ Սերժ Վարդանյանները գուցե այս անգամ էլ խուսափեն պատասխանատվությունից, չնայած նրա, որ մարդկային կյանքեր են խլվել եւ ընտանիքներ դժբախտացել:

Տպել
9704 դիտում

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)