Վիգեն Սարգսյանն ընդդիմադիրների դեմ դոսյեներով էր եկել խորհրդարան

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի բուռն քննարկումները ԱԺ-ում, ինչպես եւ սպասվում էր, շարունակվեցին նաեւ հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորներն ու խմբակցությունները հանդես եկան հայտարարություններով, որոնց ժամանակ մեկ անգամ եւս նշեցին իրենց փաստարկներն ու հակափաստարկները, քննադատեցին, կամ պաշտպանեցին օրենքի այս կամ այն դրույթը, մեղադրեցին իրար. տեղի ունեցավ նորմալ խորհրդարանական քաղաքականության դրսեւորում։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նախ նշեց, թե Իսրայելի հետ առհասարակ պետք չէ համեմատություններ անցկացնել, քանի որ երբ նշվում է, որ Իսրայելում չկա տարկետում եւ մարդու շնչի համեմատությամբ ամենաշատ նոբելյան մրցանակ շահում են իսրայելցիները, ապա այդ տրամաբանությամբ ամենաշատ նոբելյան մրցանակ պետք է շահեին Հյուսիսային Կորեայի քաղաքացիները։

«Այստեղ խնդիրը տարկետման համակարգ ունենալ-չունենալու մեջ չէ, այլ լավ, գործունյա կրթական համակարգ ունենալու եւ գիտությունը բարձր դասելու մեջ է, գիտությունը ֆինանսավորելու մեջ է, ինչը Հայաստանում ցածր մակարդակի վրա է»,- ասաց Զեյնալյանը։

«Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց, թե իշխող ուժի ներկայացուցիչները անընդհատ հայտարարում են բանակի կարեւորության մասին, մինչդեռ ոչ ոք այդ կարեւորությունը չի վիճարկում։

«Այնպիսի տպավորություն է, թե դուք այդ կարեւորությունը հենց նոր հասկացաք։ Ո՞ւր էին ձեր պաթոսախառն հայտարարությունները, երբ բանակից գողանում էին, երբ զինվորից գողանում էին, երբ ապրիլյան պատերազմը մեզ պետք եղավ հասկանալու համար, որ ունենք լրջագույնն խնդիրներ բանակում։ Ձեզ պետք էր հարյուր զոհ եւ 8 հեկտար տարա՞ծք կորցնել, որ դուք հասկանայիք բանակի կարեւորությունը։ Հերիք է մեզ պաթոսախեղդ անեք, մենք շատ լավ գիտակցում ենք բանակի կարեւորությունը եւ հենց այդ կարեւորության համար ենք այս հարցերը բարձրացնում»,- ասաց Գորգիսյանը։

Այնուհետեւ Գորգիսյանը դիմեց Վիգեն Սարգսյանին ու ասաց, «Պարո՛ն Սարգսյան, հարցս Ձեզ է ուղղված, խնդրում եմ լսեք, այդ գիրքը հետո կկարդաք», ու շարունակեց, որ եթե 18 տարեկան բոլորին տանում ենք բանակ, վաղը բանակում խնդիր ենք ունենալու, քանի որ երբ բակալավրիատից բոլորին տանեն բանակ, բանակում առաջանալու են թուրքերենի, ռազմական հոգեբանների եւ այլ մասնագետների խնդիրներ։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյան էլ տեղից կարճ դիտարկում արեց, որ ինքը ժամանակին ընդունվել է ասպրիանտուրա, հետո գնացել  բանակ, ծառայել, եկել ու հետո 24 տարեկանում դարձել է գիտությունների թեկնածու։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ուշադրություն հրավիրեց, որ պետք էր կոռուպցիայի դեմ պայքարել, այլ ոչ դրա արդյունքում որոշ մարդկանց բանակից խուսափելը դարձնել զորակոչից տարկետման իրավունքը հանելու հիմնավորում։ Նա անդրադարձավ այն փաստարկներին, թե 1800-2200 տարկետում ստացողներից միայն 140-ն են գնում ասպիրանտուրա, դրանցից 100-ն էլ ֆեյք են ու գիտությամբ չեն զբաղվում, իսկ 40-ից էլ միայն մի չնչին մասն են խորանում գիտության մեջ ու դառնում գիտնական.

«Բայց դա էլ է պետք, չէ որ մենակ գիտնականներ պետք չէն, պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման հարց կա, հետո այդ մարդիկ, գիտական որոշակի աստիճան ձեռք բերելով, դառնում են պատգամավորներ, դառնում են ԱԺ փոխնախագահները, դառնում են կրթության եւ գիտության նախարարներ, այսինքն, էլի ինտելեկտուալ ներարկում է արվում երկրում։ Այսինքն, եթե ասում եք, որ 140-ից 5 տոկոսն է դառնում գիտնական՝ 7 հոգի, ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այդ զոհողութանը, որպեսզի վերջնականապես չմեռնի մեր գիտության դռները»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Արտահերթ ելույթի իր իրավունքից օգտվեց նաեւ Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարեց, թե չծառայելն ու դասալքությունը տարբեր բաներ են։

«Էդ ի՞նչ ա, մենակ պետական պաշտոնյաները չեն ծառայե՞լ, ինչի՞, չկա՞ն մարդիկ, այլ ոլորտում ու ընդդիմության մեջ, որոնք օրենքով սահմանված կարգով չեն ծառայել։ Բերեք հստակ տարբերակենք դասալքությունն ու չծառայելը։ Քննարկում եք տարկետման հարցը, տարկետումը վատ բան չէ, բայց պարոն փոխնախագահը երբեք չի օգտվել տարկետման իրավունքից։ Ասում եք՝ ԱԺ փոխնախագահը չի ծառայել․Ես երբեք չեմ օգտվել տարկետումից,  հայցորդ եմ դիմել, ասպիրանտուրա չեմ դիմել, որովհետեւ երեւի ազդեցիկ զանգ անող չեմ ունեցել։ Բայց ես կյանքում չեմ խուսափել զինկոմիսարիատի եւ ոչ մի կանչից»,- հայտարարեց Շարմազանովն ու կոչ արեց չնշել, թե ով ծառայել է, հայրենասեր է, իսկ ով չի ծառայել, հայրենասեր չէ։ Ամեն դեպքում, նա նշեց, թե ինքն էլ է գտնում, որ դասալիքները հայրենասեր չեն, բայց հորդորեց դասակարգել հասկացությունները։ Այնուհետեւ ԱԺ փոխխոսնակը, դիմելով Վիգեն Սարգսյանին, հայտարարեց, թե նրա դաշնակիցն է ու պատրաստ է մինչեւ վերջ գնալ նրա հետ։

Իր խոսքով, «երկու կարճ բան» էլ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով սկզբում նշեց, որ Իսրայելում ընտրություններում մեկ ընդդիմությունն է հաղթում, մեկ՝ իշխանությունը, իսկ այն երկրում, որտեղ ընտրություններում միշտ եւ անխուսափելիորեն հաղթում է միմիայն իշխանությունը, այդ երկիրը կիլոմետրերով, նույնիսկ տասնյակ ու հարյուրավոր կիլոմետրերով հեռու է Իսրայելի օրինակից։

«Բանակի մասին, հենց գալիս է սենց պահ, ասում են՝ բանակը իշխանությանը չէ, բանակը եւ ընդդիմությանն է, եւ իշխանությանն է, բանակը բոլորինս է։ Երբ որ գալիս է 2008 թվականի մարտի 1-ի սիտուացիա, պարզվում ա, որ բանակն էլ բոլորինս չէ, այլ իշխանությանն է, ու պիտի ասի՝ ա՛յ, որտեղ երեք հոգուց ավել հավաքվեցիք, ցրելու ենք, պետք եղավ, գյուլլելու ենք։ Հետո էլի գալիս է՝ բանակը բոլորինս է, ա՛յ, երբ գալիս են ընտրությունները, բանակն էլ բոլորինը չէ, էլ չենք ասում՝ բանակը ե՛ւ ընդդիմությանն է, ե՛ ւ իշխանությանն է, այդտեղ բանակը բացառապես իշխանությանն է, ու այդ ժամանակ, ինչպես շատ ճիշտ նշվեց, բանակն արդեն քայլում է մեկ շարքով՝ դեպի ընտրական տեղամասեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։

ՀՀԿ խմբակցության անունից ձայն խնդրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, թե 90-ականներից մինչ այսօր ինքը եղել է տարբեր գիտական խորհուրդների անդամ ու նշեց, որ 90-ականների սկզբներին վակուում էր՝ թեզերի պաշտպանության որեւէ նախաձեռնություն չկար, որովհետեւ մենք չունեինք կազմավորված բանակ։ Բայց 1998 թվականից հետո, երբ որ արդեն խստացվեց բանակում ծառայությունը, վստահեցրեց Բաղդասարյանը, թեզերի պաշտպանության հետաքրքրիր հերթեր էին գոյացել։

«Գիտության հետ որեւէ աղերս չկար, պարզապես հերթ, եւ անընդհատ միջնորդություններ, որոնց 99 տոկոսը տղաներն էին, ովքեր գնում էին թեզերի պաշտպանության, պարզապես զինծառայությունից խուսափելու համար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Հետո ելույթով հանդես եկավ նախագծի համազեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամաբվոր Կորյուն Նահապետյանը, ով նշեց, թե ինքը ցավով արձանագրում է, որ այս օրերի ընթացքում բոլորս ականատես եղանք բազմաբնույթ, բայց ամենեւին էլ ոչ խորն ու բովանդակալից քննարկումների։

«Ավելի շատ հնչեցին դեղին մամուլի սրտեր գերող, մակերեսային, երբեմն նաեւ ծայրահեղ մտքեր, ականատես եղանք նաեւ կեղծ հաճոյախոսությունների, երբեմն՝ նաեւ անպարկեշտ դրսեւորումների։ Մի խոսքով՝ անհեթեթությունների մի ամբողջ բուկետ»,- հայտարարեց Կորյուն Նահապետյանը։

Վերջում եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նորից ներկայացնելով իրենց առաջարկած փոփոխությունների դրական կողմերն ու նպատակները՝ նա նշեց, թե առաջարկում է քաղաքականություն, որը թույլ է տալիս չնայած տեղերի կտրուկ նվազմանը, հարյուրավոր տեղեր պահել տարկետման իրավունքով բուհական կրթությունն անընդհատ ստանալու համար այն երիտասարդների համար, ովքեր պատրաստ են հետագայում, որպես սպա ծառայել զինված ուժերում:

Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ինքը դեմ է այն տեսակետին, որ լուրջ գիտանականն առհասարակ չպիտի ծառայի:

«Ես դեմ չեմ, ես առաջարկում եմ լուծում, որ լուրջ գիտականն իր գիտելիքները ծառայեցնի բանակին, որպես զինված ուժերի սպա»:

Վիգեն Սարգսյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավորների նախագծի վերաբերյալ հնչեցրած ելույթներին:

Նա հիշեց Էդմոն Մարուքյանի երեկվա հարցը ուղղված Կորյուն Նահապետյանին «դիսկոմֆորտ» չզգալու մասին և հարցրեց. «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը էստեղ չի, անընդհատ իմ, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում՝ ասելով արդյո՞ք կոմֆորտ ենք մեզ զգում այս քննարկումներից, իրան էլ կուզեի երկու բան հարցնել, իր ֆրակցիոն գործընկերներից հարցնել՝  կոմֆո՞րտ է մտնել նման քննարկումների մեջ, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքից»։

Նախարարն այնուհետև շեշտելով այդ գործընկերների անունները, հերթով թվարկեց. «Հասկանում եմ, պարոն Միրզոյան (Արարատ Միրզոյանին էր դիմում), որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում՝ 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, զինված ուժերի ու բանակի համար ձեր ո՞ր արածի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի կամ դիկոմֆորտի մեջ»։

Այնուհետև հերթը հասավ  Էդմոն Մարուքյանին։ «Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել շատ հստակ՝ ինչպե՞ս է եղել, որ զինծառայությանը զուգահեռ բարրձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում։ Այդ ժամանակ հեռահար կրթություն չկար։ Եթե նա այդ ժամանակ ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր երեկվա բառապաշարը  օգտագործելով ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել։ Եթե ֆորմալ չի եղել, իրական է եղել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարող է դա անել, իսկ այսօր զորակոչվող ուսանողը չի կարող դա անել։ Վերին արտի ցորեն է՞։ Ի՞նչ մոտեցում է սա»,- ասաց Վիգեն Սարգսյանը

Այսպես էլ ավարտվեց այս հարցի քննարկումը. քվեարկությունը նախատեսված է վաղը: 

Տպել
5609 դիտում

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը