Իգիթյանը եւ Արեյանը կատարել են խուլիգանություն. «Երկիր Ծիրանին» դիմել է իրավապահներին

16/10/2017 schedule17:23

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ Լեւոն Իգիթյանը եւ Կամո Արեյանը կատարել են  խուլիգանություն, որպեսզի  հաճոյանան Տարոն Մարգարյանին:

Ստորեւ ներկայացնում ենք «Երկիր Ծիրանիի» հայտարարությունն այդ մասին.

«ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գործի նկարագրություն

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում կարեւորելով կոռուպցիայի եւ քաղաքական ու տնտեսական մենաշնորհների դեմ պայքարը՝ ամրագրել է հետեւյալ դրույթները.

«Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բնորոշման` կոռուպցիան Հայաստանում համարվում է «էնդեմիկ եւ համատարած երեւույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»: Հայաստանում առկա կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ զեկույցներ են հրատարակել նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են` «Կովկասյան բարոմետր»-ը, «Բաց հասարակության ինստիտուտ»-ը, «Policy Forum Armenia»-ն, որոնք գրեթե նույն պատկերն են արձանագրում:

Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները վտանգում են պետականության հիմքերը եւ ամբողջությամբ խոչընդոտում են մեր երկրի եւ հասարակության զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է ներդնել հանրային եւ համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու համակարգեր»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը: Սույն առաջնահերթություններից ելնելով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը իր ծրագրում ամրագրել է հետեւյալ դրույթները.

«Իրավունքի գերակայության երաշխավորման համար հիմք եւ ուղեցույց են` Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, իրավունքի գերակայության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոտեցումները,  «Իրավունքի գերակայության սկզբունքի» մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1594(2007) բանաձեւը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաեւ «Ազգային եւ միջազգային մակարդակներում իրավունքի գերակայության մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի հանդիպման հռչակագիրը»:  Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային նորմերի ուղղակի կիրառում եւ հարգում:

- 2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեի` կեղծված արդյունքների եւ  դրանից բխող` փաստացի գործող քաղաքական կառուցվածքի մերժում»:

«Հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կատարել ծրագրված գործողություններ, որոնք պետք է ներառեն հետեւյալ սկզբունքները` քաղաքական կամք,  հանրային շահի առաջնայնություն, բարեխղճություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ հավասարապես պաշտպանվում են օրենքով, ապահովված է իշխանությունների լիարժեք բաժանումը, հարգանքը մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ, ինչպես նաեւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետեւողական իրագործում, կոռուպցիոն ռիսկերի գնահատում եւ կառավարում, քաղաքական բարձրագույն մակարդակում հաշվետվողականություն»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ առաջնորդվելով իր սկզբունքներով, գաղափարախոսությամբ եւ ծրագրային վերը նշված դրույթներով, հայտարարել է, որ ստանձնելով Երեւանի ավագանու պարտականությունները պայքար է մղելու բոլոր տեսակի ապօրինությունների դեմ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է եւ մինչեւ օրինական իշխանության ձեւավորումը՝ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից եւ ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով.

-պատասխանատվության է կանչելու Երեւանը քանդող, նրա բյուջեն եւ գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին,

-տարածման եւ հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հիմքը ընդունելով վերը նշված ծրագրային դրույթները՝ «Երկիր  Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության անդամները  ծավալում են իրենց քաղաքական գործունեությունը:

«Երկիր  Ծիրանի» կուսակցության գործունեությունը  2017 թվականի մայիսի 14-ց սկսած դարձել է բռնաճնշման թիրախ (տես` 2017 թվականի մայիսի 14-ին հարձակում Զարուհի Փոստանջյանի եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի վրա 

եւ 2017 թվականի մայիսի 26-ին http://hraparak.am/?p=148473&l=am/erkir+ciranin+haxordum+e+nerkayacrel+hancagorcutyan+masin+):

Երեւանի ավագանու «Երկիր  Ծիրանի» կուսակցության խմբակցության գործունեությունը Երեւանի ավագանու արտահերթ նիստի օրվանից սկսած` 2017 թվականի հունիս 16 նույնպես  դարձել է բռնաճնշումների եւ հետապնդումների առարկա Հայաստանի Հանրապետական կուսակցության այսուհետ` ՀՀԿ ներկայացուցիչների կողմից` (Տարոն Մարգարյան, Սերգեյ Մակարյան, Կամո Արեյան, Լեւոն Իգիթյան): Այս անձինք իրենց գործողություններով թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարքներ` մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործություններ. քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը եւ կուսակցության գործունեությանը խոչընդոտելը եւ հասարակության ու բարոյական կարգի դեմ ուղղված հանցագործություն` խուլիգանություն:

Այսպես`

  1. Երեւանի ավագանու արտահերթ նիստում (2017 թվականի հունիսի 16)` օրենքի կոպիտ խախտումներով ընդունվել է նորմատիվ իրավական ակտ` N 15-Ն որոշում, որը հիմք է հանդիսացել երեւանցիներից ապօրինի նվիրաբերության եղանակով օտարելու շուրջ 50 միլիոն դոլարի արժողությամբ հող: Մինչ այդ նիստը՝ տեղի են ունեցել Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց մասին չեն իրազեկվել «Երկիր  Ծիրանի» խմբակցության անդամները, ինչի հետեւանքով չեն կարողացել մասնակցել նիստերին: Երեւանի ավագանու այս  նիստի ժամանակ չի գործել նիստն ուղիղ եթեր հեռարձակելու օրենքով սահմանված պարտադիր պահանջը: Նիստը վարող Տարոն Մարգարյանը  «Երկիր  Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին հնչեցրել է սեքսիստական հայտարարություններ եւ խոչընդոտել է նրանց հարցեր տալու ու ելույթներ ունենալու իրավունքի իրացմանը:

2017 թվականի հունիս ամսին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը բռնազավթած անձն ու ավագանին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կոռուպցիոն մեխանիզմի կիրառմամբ Երեւանի համայնքից օտարել են (նվիրաբերության միջոցով) շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ հող:

Վերը նշված ապօրինության հիմքը՝ 2017 թվականի հունիսի 16-ին Երեւանի ավագանու Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու եւ օտարման 2017 թվականի ծրագրի 21-Ի N 648-Ն Երեւանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու Երեւան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումն ուժի մեջ պետք է մտներ պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

Մինչդեռ` ՀՀ Երեւան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը դեռ ուժի մեջ չմտած` (ուժի մեջ է մտել 26.06.2017թ.) Տարոն Մարգարյանը դիմել է ՀՀ կառավարություն եւ ՀՀ կառավարությունը այդ որոշման հիման վրա 23 hունիս 2017թ. կայացրել է  762-Ա որոշումը` ներդրումային ծրագրերին hավանություն տալ, «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու համաձայնություն տալու մասին:

Երեւանի ավագանին եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը չեն ցանկացել անցկացնել Երեւանի ավագանու հրապարակայն նիստ, քանի որ կարիք ունեին քողարկելու հողամաս նվիրաբերելու գործարքը: Նիստի ժամանակ «Երկիր  Ծիրանի» խմբակցության անդամների կողմից բարձրացված հարցերը եւ ելույթները ուղված են եղել բացահայտելու խարդախ գործարքի էությունը, որը Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի կողմից ընդունվել է կոշտ արձագանքով խտրական վարքագծով` եւ գենդեռային,  եւ ընդիմախոսության մերժման ու բացառման հիմքով: Պարբերաբար օրենքի կոպիտ խախտմամբ ընդհատվել են ելույթները` անջատվել խոսափողները եւ հայտարարություններ հնչել: Նիստը վարողի` Տարոն Մարգարյանի կողմից երկու անգամ մատնացույց է արվել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի եւ Մարինա Խաչատրյանի սեռը` «այս աղջկա միկրոֆոնը անջատել է պետք» եւ  «քանի որ Դուք կին  եք,  ես չընդհատեցի»:

  1. Երեւանի քաղաքապետարանի հաջորդ խտրական ոտնձգությունը «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության հանդեպ եղել է «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավարի` Վերգինե Ենգիբարյանին աշխատանքից ապօրինի հեռացնելը եւ 12 օրվա աշխատանքի դիմաց աշխատավարձի չվճարելը: «Երկիր Ծիրանի» խմբակցությունը իր աշխատանքը իրականացնելու նպատակով 2017 թվականի հուլիս ամսին այցելություններ եւ քաղաքացիների ընդունելություններ է իրականացրել Երեւանի 12 վարչական շրջաններում: Այս գործառույթին մասնակիցն է եղել նաեւ «Երկիր Ծիրանի» խմբակցության գործավար` Վերգինե Ենգիբարյանը, ով համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 4-րդ կետով՝ «Խմբակցության գործավարը աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում է նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին» լիարժեք կատարել է իր պարտականությունները: «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում նույնպես դուր չի եկել ՀՀԿ ներկայացուցիչ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար` Սերգեյ Մակարայանին, ով կամայականության, ինքնիրավչության եւ խտրականության միջոցով  փորձել է այն տապալել: Տարոն Մարգարյանը  12.09.2017թ  նիստում վիրավորել է խմբակցության փորձագետին: (Տես՝ https://factor.am/16330.html)

3.  Երեւանի ավագանու արտահերթ նիստ  2017 թվականի սեպտեմբերի 12` նիստը վարող Տարոն Մարգարյանը կրկին խոչընդոտել է «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեությանը՝ մասնավորապես խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին թույլ չի տվել սահմանված ժամանակում հանդես գալ ելույթով եւ անջատել է խոսափողը, որից հետո ի հավելում այդ խտրականության, արդեն հանդես են եկել ՀՀԿ այլ ներկայացուցիչներ Լեւոն Իգիթյանը եւ Կամո Արեյանը, հնչեցնելով հայհոյանք, անհարգալից բառակապակցություններ եւ սպառնալիքներ 

Այդ նիստի ժամանակ ընդունվել է որոշում հանրային միջոցների հաշվին որոշ անձանց բնակարան նվիրել եւ պատվավոր քաղաքացու կոչում շնորհել, որի վերաբերյալ որեւէ ընթացակարգ կամ չափորոշիչ չի ներկայացվել: Չի ներկայացվել որպես առաջնահերթություն՝ ինչու պետք է նվիրել կամ կոչում շնորհել հենց տվյալ անձանց, այլ ոչ ուրիշների, եւ որ ցանկից են ընտրվել տվյալ անձինք, կոռուպցիոն ռիսկի եւ գործարքի ակնառություն կա թե ոչ, եւ այդ մասին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հարցերը եւ ելույթները խոչընդոտվել են քրեորեն հետապնդվող արարքների հետեւանքով:

Իրավական  հիմնավորում

Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի եւ Լեւոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը եւ հոդված 258 ՝ խուլիգանություն:  

Խտրականության արգելքը հանրահայտ իրավունքի նորմ է:

Խտրականությունը, կախված սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից… կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Նիստը վարողը՝ տվյալ դեպքում Տարոն Մարգարյանը, իրավունք չուներ ելնելով մարդու սեռից եւ քաղաքական պատկանելությունից ընդհատեր ելույթները եւ  անջատեր խոսափողը` մատնանշելով մարդու սեռը:

Սերգեյ Մակարյանի կողմից ապօրինության դրսեւորումը` «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության խափանման փորձը` գործավարին ապօրինի աշխատանքից հեռացնելը եւ աշխատավարձը չվճարելը, իր մեջ պարունակում է քաղաքացու նկատմամբ խտրականություն եւ կուսակցության գործունեության խոչընդոտ:

Կամո Արեյանը եւ Լեւոն Իգիթյանը իրավունք չունեին հանրային վայրում հայհոյանք ու սպառնալիք հնչեցնել եւ դրսեւորել խուլիգանական վարքագիծ: Տվյալ դեպքում հանրային վայր հանդիսացող ներկայացուցչական մարմինը, որը ներկայացնում է շուրջ 1 միլիոն քաղաքացու, Երեւանի ավագանու նիստերի դահլիճը (ընթացող նիստի ժամանակ) դարձել է դեպքի վայր:

Լեւոն Իգիթյանը եւ Կամո Արեյանը կատարել են  խուլիգանություն՝ որպեսզի  հաճոյանան Տարոն Մարգարյանին: Նրանք դիտավորությամբ, կոպիտ կերպով  խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Երեւանի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ նրանց կողմից հնչեցրած հայտարարությունները եւ ՀՀԿ այլ ներկայացուցիչների համերաշխ վարքագիծը փաստում է հասարակական կարգի եւ լայն հանրության  կողմից ընդունված կենցաղավարության կանոնների խախտում, անհարգալից, անվայելուչ վարմունք՝ վարքագիծ:

Նման խուլիգանության դրսեւորումը հանրորեն վտանգավոր արարք է, որն էական վնաս է պատճառում ինչպես պետության եւ հասարակության շահերին, այնպես էլ քաղաքացիների իրավունքներին եւ օրինական շահերին: Այդ խուլիգանական տեսարանը հրապարակվել է եւ տարածում է ստացել հանրության լայն շրջանակում, այդ մասին տեղեկացել են նաեւ երեխաները:

Սկզբնական փուլում Տարոն Մարգարյանը եւ ՀՀԿ այլ ներկայացուցիչներ «Երկիր Ծիրանի» խմբակցության գործունեության խափանմանը ուղղված կատարել են  հանցավոր գործողություններ` խտրականություն եւ կուսակցության գործունեության խոչընդոտում, որը մի քանի ամիս անց զուգորդվել է արդեն խուլիգանությամբ:

Հաշվի առնելով,

որ հասարակական կարգը դա մարդկանց ամենօրյա կենսագործունեության` աշխատանքի ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,

հասարակական կարգը, որպես քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, դա հասարակական անդորրը, հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից հասարակական վայրերում օրինապահ եւ կայուն վարքագծի պահպանումը, հիմնարկությունների, ձեռնարկությունների, անձանց ֆիզիկական եւ բարոյական անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների ամբողջությունն է,

գտնում ենք,

որ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեության խոչընդոտում,  խտրականություն եւ խուլիգանություն թույլ տված անձանց գործողությունները պետք է ստանա քրեաիրավական գնահատական,

այս եւ նմանատիպ հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող եւ հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կատարումը, որպեսզի չդառնա բնականոն նորմ եւ  չվերածվի բռնությամբ զուգորդվող խուլիգանության, որը արդեն որպես սպառնալիք հնչել է եւ  ՀՀԿ ներկայացուցիչների` ի դեմս Կամո Արեյանի եւ նրանց շահառու Ռուդոլֆ Ղեւոնդյանի կողմից (տես` https://www.facebook.com/azatutyun/videos/1686400254738678/) պետք է օրենքով սահմանված կարգով դատապարտել:

Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի  կամ  թմրանյութի ազդեցության տակ եւ այն օգտագործողները դրանց ազդեցության տակ դառնում չափազանց վտանգավոր հանրության համար` տվյալ  դեպքում` Տարոն Մարգարյան, Լեւոն Իգիթյան եւ Կամո Արեյան, անհրաժեշտ ենք համարում  սույն հաղորդման հիմքով փորձաքննության միջոցով պարզել նշված անձանց կողմից թմրանյութ  եւ/կամ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը, հատկապես, որ ՀՀԿ վերնախավի շրջանում լայն տարածում ունեն մոլի թմրամիջոց եւ/կամ ալկոհոլ օգտագործողները:

Հաղորդման պահանջը

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 176, 178, 181 հոդվածներով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 143, 161 եւ 258 հոդվածներով պահանջում եմ հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության կանչել մեղավորներին:

 

Տպել
1639 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին