Իսրայելցի նախարարին չհաջողվեց կանխել անօդաչուների սկանդալը. ինչո՞ւ է ուշանում ՊՆ որոշումը

17/08/2017 schedule19:03

Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ: «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի տվյալներով՝ հետաքննության հիմքում Իսրայելի պաշտպանության նախարարությանը հասցեագրված բողոքն է:

Պարբերականի տեղեկություններով, Aeronautics Defence System ընկերության աշխատակիցներն իրենց արտադրանքը վաճառելու նպատակով Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը փորձարկել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով, եւ այս փաստով բողոք է ներկայացվել նախարարությանը: Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ընդ որում՝ ընկերության երկու օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների խնդրանքը, որովհետեւ ռազմական տեխնիկան կենդանի թիրախների վրա փորձարկելն արգելվում է իրենց երկրի օրենքով, եւ ընկերության ղեկավարները ստիպված են եղել անձամբ կառավարել անօդաչու սարքը, որը, սակայն, վրիպել է:

Սույն ընկերությունն ու Իսրայելում ՀՀ դեսպանը հերքում են այս տեղեկատվությունը, իսկ հայկական տիրույթում փորձ է արվում հասկանալ, թե ով է կանգնած արտահոսքի ետեւում, արդյո՞ք դրանով ինչ-որ երրորդ կողմ ցանկանում է փչացնել հայ-իսրայելական հարաբերությունները, կամ գուցե մրցակից ընկերություններից մե՞կն է Aeronautics Defence System-ին վատություն անում եւ այլն:

Տվյալ դեպքում, սակայն, ավելի կարեւոր է, թե ով է այդպիսի բովանդակությամբ բողոք ներկայացրել Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը:

Այն մասին, որ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ էին կառավարում ապրիլյան պատերազմի օրերին, խոսվում էր հենց պատերազմի օրերին: Այդ ժամանակ եւ դրանից հետո, սակայն, ոչ համապատասխան դիմում եղավ, ոչ հետաքննություն, եւ ոչ էլ՝ մամուլում արտահոսք: Իսրայելի համապատասխան մարմինները նույնիսկ չարձագանքեցին Հայաստանի եւ Սփյուռքի ահազանգերին, թեեւ Երուսաղեմի հայ համայնքը նույնիսկ բողոքի ցույցեր կազմակերպեց:

Ուրեմն ի՞նչ է փոխվել հիմա, եւ ո՞վ կարող էր նման դիմում ներկայացնել Իսրայելի ՊՆ-ին: Այս հարցում որեւէ այլ շահագրգիռ կողմ, քան Հայաստանն է, դժվար է պատկերացնել: Իսրայելի մասնագետների կողմից կառավարվող անօդաչուներն, ըստ էության, ամենամեծ խնդիրն էին ապրիլյան պատերազմի օրերին: Դա նշանակում է, որ հետագա հնարավոր պատերազմական իրավիճակներում դրանց դեմ նույնպես դժվար կլինի պայքարել: Մինչդեռ խնդիրն էականորեն կհեշտանա, կամ գուցե ընդհանրապես օրակարգից դուրս գա, եթե այդ անօդաչուները կառավարվեն հենց ադրբեջանցիների կողմից, որոնք քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին կկարողանան լիարժեքորեն տիրապետել այդ զենքին:

Արդյո՞ք Հայաստանը կարող է կապ ունենալ սկանդալային այս զարգացումների հետ: Դժվար է պատկերացնել մեխանիզմները, սակայն այդպիսի եզրահանգման համար որոշակի հիմքեր կան:

Այն պնդումը, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանի կողմից պատերազմում էին Արցախի դեմ 2016-ի ապրիլին, ըստ էության, վերլուծության եւ ոչ թե փաստերի առկայության հետեւանք էր: Այդ ժամանակ հայկական կողմը չուներ տեխնիկական այնպիսի բագաժ, որ կարողանար նաեւ փաստեր արձանագրել:

Ներկայում իրավիճակը բոլորովին այլ է. բոլորն են արձանագրել Պաշտպանության բանակի եւ առաջնագծի տեխնիկական եւ սպառազինության համալրումների մասին:

Երեւանն այս սկանդալում, կարծես թե, ամենեւին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Սրա մասին է թերեւս վկայում նաեւ Իսրայելից բավական բարձր մակարդակով կազմակերպված այցը Հայաստան: Հուլիսի 25-27-ին Երեւանում էր այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա լուրջ այց էր, որովհետեւ վերջին 10 տարվա ընթացքում Իսրայելից որեւէ նախարար չէր այցելել Հայաստան: Ընդ որում, Հանեգբին հարուստ փորձով եւ կենսագրությամբ պաշտոնյա է, որը երկար տարիներ համակարգել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքը:

Նա իր այցը գնահատեց որպես հայ-իսրայելական հարաբերություններում նոր ճեղքում, ասաց, որ մեկ ուղերձով է եկել՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ճիշտ է, նախարարը հարցազրույցներում ասաց, որ իր այցի օրակարգում անվտանգության եւ ռազմական ոլորտին առնչվող հարցեր չկան, միայն զբոսաշրջություն, առեւտուր, սակայն միշտ չէ, որ նման այցերի ժամանակ փակ դռների ետեւում քննարկվող ամենակարեւոր թեմաները տեղ են գտնում հարցազրույցներում:

Հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանության մեջ հիմա ընդհանրապես նման բարեկամական այց չէր մտնում: Այնպես որ, չի բացառվում, որ նախարարը եկել էր անօդաչուների հետ կապված դիմումի հետքերով, լուծումներ գտնելու եւ սկանդալից խուսափելու նպատակով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչեւ Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան:

Հ.Գ. Ըստ իսրայելական մամուլի հրապարակման՝ իսրայելական ընկերության ներկայացուցիչները հայկական դիրքերին անօդաչու սարքով հարված են հասցրել մոտ մեկ ամիս առաջ, այսինքն՝ հուլիսի առաջին կեսին: Հենց այդ ժամանակահատվածում էր հերթական անգամ լարվել իրավիճակը շփման գծում, հայ զինվորներ վիրավորվեցին, իսկ հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով ադրբեջանցի փոքրիկ զոհվեց:

Տպել
4896 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ