«Հետընտրական զարգացումներ հնարավոր են մի պարագայում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Այն քաղաքացիները, որ ընտրարշավի ընթացքում մեզ հավաստիացրել են, թե քվեարկելու են մեր օգտին, եթե իսկապես գնան եւ քվեարկեն՝ մենք ընտրություններում կհաղթենք». այսօր «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփելով ընտրարշավից ստացած տպավորությունները՝ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի համոզմամբ՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքում, բացի «Ելք» դաշինքից, խորհրդարան կանցնեն եւս 2 ուժ՝ ՀՀԿ-ն եւ Ծառուկյան դաշինքը: Ավելին, նրա կանխատեսմամբ եւ «Ելք»-ի փորձագետների վերլուծություններով Ազգային ժողովում ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցեն: «Դրա անունը կարող է չդնեն կոալիցիա, դնեն ազգային համաձայնություն, բայց համագործակցելու են»,- վստահեցրեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր կանխատեսման մեջ 95 տոկոսով համոզված է:

Լրագրողներից մեկը «Ելք» դաշինքի 3-րդ համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին խնդրեց անդրադառնալ ՀՀԿ-ականների տարածած այն կարծիքներին, որ ինքը նույնիսկ «Ելք» դաշինքում բավարար չափով վստահության քվե չի ստացել եւ առաջին տեղը չի զբաղեցնում:

«Սերժ Սարգսյանն ինչո՞ւ իրենց ցուցակի առաջին համարը չի, ի՞նչ է դա նշանակում: Մարդիկ հասկանում են, որ ամբողջ Հայաստանը հայհոյում է Սերժ Սարգսյանին եւ քվեաթերթիկի վրա նրա անունն ունենալը այդքան էլ խելամիտ չի: Էսօր ՀՀԿ-ի քարոզչության մեխն ի՞նչ է: Համոզում են, որ դուք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի օգտին չեք քվեարկում, ժողովուրդ ջան, դուք մեր քուչի Մովսեսիկի համար եք քվեարկում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ռեյտինգը Մովսեսիկի ռեյտինգից էնքան ցածր է, որ նրանք Սերժ Սարգսյանին տարել-պահել են, ասում են ժողովուրդ ջան, մեր Մովսեսիկն է, եկեք իր համար քվեարկեք, էն Աբուլիկը, Ծգլիկը...Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը ձեւավորելուն. «Ելք» դաշինքի ցուցակը ձեւավորվել է փակ գաղտնի քվեարկության արդյունքում: Ես ինքս պնդել եմ դրա վրա եւ շատ հպարտ եմ դրա համար, որովհետեւ դրանով նոր քաղաքական մշակույթ է ձեւավորվել: Այն, ինչ արել է «Ելքը»՝ դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է»,- պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն փակ քվեարկություն չի անում, որովհետեւ ՀՀԿ-ի մեջ նույնիսկ Սերժ Սարգսյանը կարող է 5 տոկոսի շեմը չհաղթահարել, իսկ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը նույնիսկ իրար կարող է ձայն չտան:

Խոսելով Արմեն Աշոտյանի կողմից երեկվա ասուլիսում հնչեցված հայտարարությանը, թե «Ելք» դաշինքը հրաժարվել է բանավեճից՝ Փաշինյանը ասաց. «Մենք ոչ մի բանավեճից չենք հրաժարվել, 2 ֆորմատով է առաջարկվել եւ երկու ֆորմատներին էլ մենք համաձայնվել ենք: Հ1-ն ասում է 4 ուժ է համաձայնվել, բանավեճը չենք անում: Էդ ի՞նչ տրամաբանություն է, 4 ուժ է համաձայնվել՝ 4 ուժերը թող գան բանավիճեն, մյուսների տեղերն էլ թող դատարկ մնան»:

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե արդյո՞ք կարողանալու են վերահսկել ընտրական գործընթացները: Փաշինյանն ասաց, որ ամեն րոպե նոր մարդիկ են ներգրավվում այդ գործընթացում եւ այս պահին դեռ դժվար է ասել՝ կլինե՞ն բոլոր տեղամասերում բավարար թվով դիտորդներ: Ամեն դեպքում նա հույս հայտնեց, որ սփյուռքի եւ հայաստանյան դիտորդների մասնակցությամբ փորձելու են վերահսկել ամբողջ գործընթացը:

Կլինեն արդյո՞ք հետընտրական զարգացումներ: Ի պատասխան այս հարցի Փաշինյանը նախ պատմեց, թե քարոզարշավի ընթացքում ինչ է «պայմանավորվել» ընտրողների հետ. «Էս ընթացքում քաղաքացիների հետ այդ թեմայով շատ ենք խոսել: Շատ քաղաքացիներ կան, որ գալիս-ասում են, եթե մեզ կաշառք առաջարկեն, մենք կգնանք այդ կաշառքով կքվեարկենք, հետո դուք կգնաք Ազատության հրապարակ, մեզ կկանչեք, մենք կգանք եւ միասին իշխանափոխություն կանենք: Մենք ասում ենք՝ չէ ժողովուրդ ջան, այդպես չի լինի: Իշխանությունը ձեւավորվում է ձեր քվեարկության պահին: Եթե դուք որեւէ բերումով գնում եւ ՀՀԿ-ի կամ նրա մերձ ուժերի օգտին քվեարկում եք կաշառքով, հետո գալիս Ազատության հրապարակ եւ ասում՝ իշխանափոխություն, այսպիսի հետընտրական պրոցես չի կարող լինել, որովհետեւ դուք արդեն ձեր ձայնը տվել եք: Մի տվեք ձեր ձայնը, ուզում եք իշխանափոխություն, քվեարկեք մեր օգտին: Մեր օգտին քվեարկելու պարագայում հետընտրական պրոցեսներ կլինեն այն պարագայում, երբ որ մենք տեսնենք, որ ժողովուրդը իրոք մեզ ձայն է տվել, եւ մեր ձայները՝ դիտորդների, վստահված անձանց համոզմամբ,  գողացվել են: Էդ դեպքում հետընտրական զարգացումներ են լինելու եւ իշխանափոխություն է լինելու: Եթե չկա հիմնավորում, որ ժողովուրդը մեզ տվել է մանդատ, այդ դեպքում ետընտրական պրոցեսի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մարդիկ այս ընթացքում պետք է ընտրեն՝ ինչ երկրում են ուզում ապրել:

Հարցին, թե ինչպես է որոշվելու՝ ձայները գողացվե՞լ են, թե՞ չեն գողացվել, պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Դե յուրե ապացուցելի փաստերի համադրությամբ: Հայաստանում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ընտրակեղծարարության, փող բաժանելու, ցուցակ հավաքելու, եւ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել ընտրակեղծիքների դեմ: Հիմա հարց է՝ ո՞ր խմբի մարդիկ են ընտրակեղծիքների դեմ պայքարելու: Նժարի հարցն է: Կեղծիքների դեմ պայքարողների նժարը պետք է ծանրացնել եւ դա միայն իմ գործը չի: Նրանք, ովքեր չեն ուզում ընտրակեղծիք՝ պետք է պայքարեն դրա դեմ»:

Իսկ ինչո՞ւ պետք է ընտրողները ձայն տան «Ելք» դաշինքին եւ ոչ թե ասենք ՀԱԿ-ին կամ «Ազատ դեմոկրատներին»: «Բազմաթիվ պատճառներով: Առաջին. օրինակ ՀԱԿ-ը Ղարաբաղի հարցում, ըստ էության, կոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ: Այդ մասին դեռեւս հուլիսի 17-ին հայտարարել եմ Խորենացի փողոցում...Երկրորդ. «Ելք» դաշինքը ձեւավորվել է հանրային պահանջով: Հանրությունը մեծ դերակատարություն է ունեցել այս դաշինքի ձեւավորման հարցում եւ սա, ըստ էության, իր ձեւավորած դաշինքն է: Հաջորդը. իմ խորհրդարանական գործունեության ընթացքում ամենաշատ արձագանքը եղել է այն, որ դուք ԱԺ ամբիոնից ասում եք այն եւ գործում այնպես, ինչպես մենք կգործեինք: Իմ ասելիքը հետեւյալն է, որ դուք հնարավորություն ունեք ձեւավորելու այնպիսի կառավարություն, որ կգործեր այնպես, ինչպես դուք կուզեիք, ոչ թե ի հեճուկս ժողովրդի»,- պարզաբանեց պատգամավորը: Շարունակելով թվել իրենց առավելությունները՝ Փաշինյանը եզրափակեց. «Ելք» դաշինքը ունի եւ մարդկային եւ քաղաքական եւ ծրագրային ներուժ՝ Հայաստանը այս հուսահատության փոսից հանելու համար»: 

Տեր-Պետրոսյանը երբեք հանդես չի եկել այդ դիրքորոշումներով 

Այսօրվա ասուլիսում հարցերի մի զգալի հատված վերաբերում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներին: Նախ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին իր դրական ելույթները հեռացրել կայքից.

«Իմ nikolpashinyan.com էջը փակվել է, որովհետեւ ես Եվրոպայում գտնվող պրովայդերից նամակներ եմ ստացել (նամակները կարող եմ ցույց տալ), որ էջը գտնվում է մեծ հարձակման տակ, իրենք մի քանի անգամ նախազգուշացումներով են հանդես եկել, եւ վերջին անգամ երեւի մի շաբաթ առաջ զգուշացրել են, որ անվտանգության նպատակով փակում են էջը, որովհետեւ մեծ հարձակման տակ է: Քարոզարշավի պատճառով չենք հասցրել լրջորեն զբաղվել այդ հարցով, այնպես որ անհեթեթություն է, ես իմ արտասանած, գրած որեւէ բառ երբեք չեմ հեռացնում: Այսինքն՝ էջը կվերականգնվի եւ ինչ պարունակություն ունեցել է, նույնը կլինի»,- պատասխանեց նա:

Լրագրողները Փաշինյանին խնդրեցին անդրադառնալ Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, որ «Ելք»-ի առաջարկած տարբերակով Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու:

«Եթե Տեր-Պետրոսյանը մեր ասածը մեկնաբանում է այդպես, որ Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու, իր ասածն էլ նշանակում է հետեւյալը, որ Ղարաբաղը երբեք չի ինքնորոշվելու, այսինքն՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը երբեք չի ճանաչվելու, Ղարաբաղի հարցը երբեք չի ստանալու լուծում, որը մեզ համար ընդունելի կլինի»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծման տարբերակում (Մադրիդյան սկզբունքներ) առկա սկզբունքներից առնվազն 2-ը Ադրբեջանը խախտում է:

«Երբ Ադրբեջանն ասում է, թե իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երեւանում են թեյ խմելու, Սեւան լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում Ադրբեջանին տարածքներ վերադարձնելը նշանակում է Ադրբեջանին առանց որեւէ խնդիր մոտեցնել Ստեփանակերտին, Երեւանին, Սեւանին»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանը 7 միլիոնի զենք չի գնել, որ փոխզիջման գնա:

Այնուհետեւ, ներկայացնելով Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված իրենց տեսակետը՝ Փաշինյանն ասաց հետեւյալը. «Մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցի լուծումը չի կարող լինել Հայաստանի եւ Ղարաբաղի պարտություն»:

Մանրամասնելով իր այս տեսակետը՝ «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածուն նշեց, որ պետք է ռազմական ուժերի հավասարակշռությունը վերականգնել, այդ թվում փոխել բանակի ծախսերի կառուցվածքը, Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր կառուցել եւ այլն:

«Ես մեր տեսակետն ասացի. քանի դեռ Ադրբեջանն այդ լեզվով է խոսում, փոխզիջում բառը հայկական քաղաքական բառապաշարից պետք է արմատախիլ անել եւ մեր ամբողջ ներուժը պետք է օգտագործվի Հայաստանը տնտեսական եւ ռազմական առումով հզոր պետություն դարձնելու վրա եւ բոլոր այն գործոնները, որ խանգարում են սրան՝ պետք է չեզոքացվեն, սկսած մենաշնորհներից, վերջացրած նրանով, որ սփյուռքի վստահությունը Հայաստանի նկատմամբ ընկել է եւ այլն, եւ այլն»:

Լրագրողներից մեկը փորձեց պարզել, թե այդ ինչպե՞ս է, որ երբ Տեր-Պետրոսյանի հետ համագործակցում էին, նրա այս նույն դիրքորոշումները ընդունում էին.

«2008-2012 թվականներին Տեր-Պետրոսյանը երբեք հանդես չի եկել այն դիրքորոշումներով, ինչ դիրքորոշումներով հանդես է գալիս հիմա: Եվ դա փաստ է: Այս դիրքորոշումը երբեք չի եղել այն համաժողովրդական շարժման դիրքորոշումը, որին մաս եմ կազմել ես:...Երբ ասում եք, որ նա իր դիրքորոշումը չի փոխել...ես համարում եմ, որ քաղաքական պրոցեսի մեջ 1997 եւ 2017 թվականներին ունենալ նույն դիրքորոշումը, երբ որ ամբողջ աշխարհը փոխվել է, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխվել է, ճիշտ չի: Իմ կարծիքն այն է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կապ չունեն ընթացիկ քաղաքական գործընթացների հետ: Ես դեռ վաղուց եմ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական գործունեությունը կառուցում է պատմաբանի տեսակետով, թե 100 տարի հետո ինչ կգրեն այս օրերի մասին»,- եզրափակեց Փաշինյանը:

Հ.Գ. Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց նաեւ այն մասին, թե ինչպե՞ս է վերաբերում Սամվել Բաբայանի ձերբակալությանը, «ԻԳԼԱ»-ի գործով հարուցված քրգործին:

«Գործի մանրամասներին տեղյակ չեմ, եթե իրոք առնչություն չկա «ԻԳԼԱ»-ի հետ, դա քաղաքական հետապնդում է, եթե իրոք առնչություն կա «ԻԳԼԱ»-ի հետ, պետք է պարզել, էդ ինչի համար էր էդ «ԻԳԼԱ»-ն»»,- պատասխանեց նա:

Տպել
7359 դիտում

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ