Ո՞ւմ է սպասում Գագիկ Ծառուկյանը

Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգներից մեկը թերեւս այն հարցն է, թե Գագիկ Ծառուկյանն ու Սեյրան Օհանյանն ինչ ֆորմատով են մասնակցելու 2017թ. խորհրդարանական ընտրություններին:

Դեռեւս հասկանալի չէ նաեւ՝ այս գործիչները որ դաշտում են ծավալելու իրենց քաղաքական գործունեությունը: Ավելին, եթե Ս. Օհանյանը հայտարարել է, որ «ակտիվ մասնակցություն է ունենալու քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին», ապա Գ. Ծառուկյանը դեռ չի էլ հստակեցրել՝ ի վերջո վերադառնալո՞ւ է ակտիվ քաղաքականություն, թե՝ ոչ: Դեկտեմբերի 3-ին իր տան դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ նա ազդարարեց, որ «պատրաստ է, եւ ամեն ինչին իր մասնակցությունը լինելու է»: «Ես մասնակցություն ունենալու եմ, չեմ կարող ձեռներս ծալած նստել, որովհետեւ անհանգստանում եմ: Մոտ օրերս իմ հայտարարությունը բոլորդ կլսեք, կտեսնեք: Իմ մասնակցությունը լինելու է, բայց թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտ օրերս կհայտարարեմ»,- ասել էր նա:

Այդ օրվանից մոտ մեկ ամիս է անցել, բայց Ծառուկյանը դեռ չի արել իր խոստացած հայտարարությունը, եւ հայտնի էլ չէ, թե երբ է անելու: Առայժմ տեղեկատվական կցկտուր արտահոսքեր են շրջանառվում, որ նա ոչ թե կրկին ղեկավարելու է իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ ինչ-որ դաշինք, որի մեջ ընդգրկված է լինելու նաեւ ԲՀԿ-ն: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե բացի վերը նշված հայտարարությունից, ինքը որեւէ այլ տեղեկության չի տիրապետում: Բայց, նրա խոսքերով, Գ. Ծառուկյանը յուրաքանչյուր օր տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ է հանդիպում ու տարբեր քննարկումներ իրականացնում: Իսկ թե ում հետ է հանդիպում կամ ինչ հարցեր է քննարկում, Իվետա Տոնոյանը չկարողացավ նշել:

Ինչ-որ դաշինք առաջնորդելու մասին տեղեկություններ են շրջանառվում նաեւ նախկին պաշտպանության նախարար Ս. Օհանյանի դեպքում: Վերջինիս, ինչպես հայտնի է, կպաշտպանեն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանի կազմակերպած «Միացյալ Հայաստան» շարժումը եւ այլ կառույցներ: Այդպիսով, ՀՀ քաղաքական դաշտում առաջիկայում ի հայտ կգան իշխանություններից նեղացած երկու գործիչների կազմավորած դաշինքներ, որոնք թերեւս որոշակի դերակատարում կունենան ընտրական գործընթացներում: Բայց այս դեպքում գլխավոր հարցն այն է, թե որ դաշտում են նրանք գործելու:

Արդյոք 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո Գ. Ծառուկյանը համարձակություն կունենա՞ իշխանությունների դեմ դուրս գալ: «Տարիուկես են ստուգել: Այսօր ես մաքուր մարդ եմ»,- դեկտեմբերի 3-ին իր համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

Դժվար է հավատալ Գ. Ծառուկյանի այդ հավաստիացմանը, քանի որ մեր երկրում ոչ միայն իրեն պատկանող բիզնեսում, այլեւ ինչ-որ ժամանակ իշխանության մեջ գտնվող յուրաքանչյուր գործչի բիզնեսներում ցանկության դեպքում հնարավոր է բազմաթիվ խախտումներ հայտնաբերել: Իսկ եթե, իսկապես, «ամեն ինչ մաքուր է», ուրեմն շատ հավանական է, որ դա համաձայնեցված է իշխանությունների հետ եւ ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ գործում է նրանց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Այնպես որ, դժվար է հավատալ, թե Գ. Ծառուկյանը քաղաքականություն կվերադառնա առանց իշխանությունների համաձայնության: Այնուամենայնիվ, մինչեւ այժմ առավել հավանական թվացող տարբերակն այն է, որ նա իշխանությունների ցանկությամբ է մտնում քաղաքական դաշտ նորից ընդդիմադիր էլեկտորատի մի հատվածին նույն իշխանությունների կողմից վերահսկելի դարձնելու համար: Այսինքն, նա կզբաղեցնի ընդդիմադիր դաշտի մի մասը, բայց կխաղա իշխանությունների խաղը, եթե, իհարկե, վերադառնա:

Քաղաքական դաշտի ո՞ր հատվածում են լինելու Ս. Օհանյանն ու նրան սատարող ուժերը: «Իրենք իրար հակակշիռ են դառնում, երկուսն էլ ռուսական դաշտում են, բայց ներքին խնդիրներով պայմանավորված՝ մի փոքր հակադիր դիրքորոշումներ ունեն: Գ. Ծառուկյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ Հայաստանին Մայդան պետք չէ, հակառուսական ոչ մի բան պետք չէ: Եվ ռուս փորձագետներն են  Օհանյանին ու Դալլաքյանին համարում պրոռուսական կողմնորոշման կրողներ: Եվ ինչ-որ տեղ կարելի է համարել, որ Օհանյանն ու Դալլաքյանը ապավինում են երկրորդ նախագահին՝ գործողից ունենալով դժգոհություն»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Այս ընթացքում քիչ չեն եղել կարծիքները, որ Ս. Օհանյանը, Վ. Դալլաքյանն ու իր կուսակցությունը ստվերային կերպով ղեկավարվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից, թեեւ վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անցած շաբաթ հայտարարեց, որ նման կարծիք շրջանառողները «ոչ միայն անառողջ երեւակայություն ունեն, այլեւ խորապես ստրկամիտ են»:

Քաղաքական դաշտում մեկ այլ տեսակետ էլ կա, որ Ծառուկյանի դեպքում իշխանություններն ինչ-որ ծրագիր են մշակել, որն առնչություն ունի Օհանյանի հետ: Այս դեպքում արդեն հարց է առաջանում՝ ինչու ի վերջո նա չի հստակեցնում ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: «Պետք է հստակեցվեն խնդիրները, թե Ծառուկյանը որ դաշտում է գործում»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Ս. Օհանյանին կարող է սատարել նաեւ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը, որը համարվում է Ռ. Քոչարյանի պրոյեկտը: Նախկին պաշտպանության նախարարին բացահայտ կամ ստվերային կերպով կարող են աջակցել իշխանություններից դժգոհ այլ գործիչներ ու զինվորականներ եւս: Անկախ այն հանգամանքից, որ Ս. Օհանյանի պաշտոնավարման ընթացքում ԼՂՀ սահմանամերձ հատվածից տարածք է հանձնվել ադրբեջանական կողմին, որ բանակում շարունակել է ծաղկել կոռուպցիան, նրա նկատմամբ որոշակի դրական վերաբերմունք կա: Եվ եթե նրան հաջողվի նախընտրական դաշինք ստեղծել, ապա իր ստվերային ու բացահայտ աջակիցների, ինչպես նաեւ ունեցած ֆինանսական հնարավորությունների արդյունքում կարող է նախընտրական լուրջ դերակատարում ունենալ: Ահա այս վտանգը կարող է կիսել արդեն Ծառուկյանն իր դաշինքով:

Այդպիսով, հասկանալի է դառնում՝ ինչու է Ծառուկյանը հապաղում հայտարարել, թե ինչպես է մասնակցելու ընտրություններին: Իհարկե, Ծառուկյանը բացահայտ չի հակադրվելու զուգահեռաբար ստեղծվող մյուս դաշինքին կամ դաշինքներին: Նա պարզապես գործելու է ընդդիմադիր դաշտում՝  նվազեցնելու մյուս դաշինքների կամ ուժերի հնարավորությունները: Չէ որ նա նույնպես ունի ֆինանսական հզոր միջոցներ, եւ նրա մոտ «ամեն ինչ մաքուր է»:

Տպել
5279 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց