Հայաստանում «Պուտին» ակումբի աշխատանքն ու գործունեությունը կարծես տապալված են` դեռ չսկսված: Համենայնդեպս, այս պահին ամեն ինչ դրա մասին է վկայում:
Հայտնի է, որ ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը փետրվարի 2-ին պետք է «Պուտին» ակումբ բացեր Երեւանի ռուսական գրքի տանը: Երեկ, երբ զանգահարեցի նախաձեռնողներից մեկին` Արարատ Ստեփանյանին, իմանալու այդ արարողության ժամը, պարզվեց, որ ակումբն արդեն բացվել է: Բացվել է սուսուփուս, անաղմուկ, եւ դա տեղի է ունեցել հունվարի 30-ին: Իսկ պուտինասեր երիտասարդների մասնակցությամբ, ըստ նրա, երեկ` ժամը 13-ին, պետք է կլոր սեղան լիներ: Այցելելով մայրաքաղաքի միակ ռուսական գրքի տունը (Մաշտոցի պողոտայում), տեղեկացա, որ «Պուտին» ակումբը բացվել է մեկ այլ հասցեում, եւ կլոր սեղանն էլ այնտեղ է լինելու: Ճամփա ընկա դեպի նորաբաց ակումբ: Տեղ հասնելով` տեսա, որ կլոր սեղանը կա, իսկ քննարկման մասնակիցները` ոչ:
«Պուտին» ակումբում ընդամենը մի քանի երիտասարդի հանդիպեցի, որոնք ասացին, որ լրագրողներ են եւ համակարգիչների մոտ աշխատում էին սենյակի մյուս անկյունում: Պարզվեց` այդ տարածքում, բացի ակումբից, նաեւ մի քանի կայքերի խմբագրություն է գործում: Խոսքը ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող լրատվամիջոցների մասին է: Այստեղ վստահեցրին, որ կլոր սեղանը կլինի ժամը 14-ին: Բայց դրանից րոպեներ անց էլ քննարկման մասնակիցներից ոչ ոք դեռ չէր հայտնվել: Իսկ «Պուտին» ակումբի պատերին կախված էին ՌԴ վարչապետ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի բազում լուսանկարներ, կային նրա մասին գրքեր, թերթեր: Մի խոսքով, մթնոլորտը պուտինյան շնչով էր հագեցած: