Երեկ ՀՀ պետեկամուտների կոմիտեն արձագանքել է մեր թերթի հրապարակումներից մեկին, ըստ որի` առաջիկայում բարձրանալու են Չինաստանից Հայաստան ներկրվող ապրանքների հսկիչ գները: ՊԵԿ-ը իբր հերքել է մեր հրապարակած տեղեկությունը, հայտնելով, թե դա չի համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից, սակայն, ՊԵԿ-ը պարզաբանել է. «Պարզապես համակարգում ընթանում է մաքսային հսկողության նոր մեխանիզմների շարունակական կատարելագործում, որն ուղղված է հիմնականում այն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին, ովքեր փորձեր են անում, օգտվելով պարզեցված ընթացակարգերից, շրջանցել օրինական դաշտը: Մասնավորապես, այսպես կոչված, «տուրիստական բեռների» անվան տակ փորձ է արվում նաեւ բարձրարժեք բեռներ տեղափոխել` դրանք ձեւակերպելով որպես էժանագին ապրանք»: Այլ կերպ ասած, ոչ թե հսկիչ գներն են բարձրանալու, այլ «նոր մեխանիզմների շարունակական կատարելագործում է» իրականացվելու, որի արդյունքում, կարելի է չկասկածել, Չինաստանից ներկրվող ապրանքներից ավելի շատ է հարկ գանձվելու, քան մինչ այժմ: Մաքսային ծառայությունը, ի հեճուկս Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, ներկրվող ապրանքները մաքսազերծելու համար հիմնականում որպես հիմք ընդունում է ոչ թե ներկրողի ներկայացրած հաշիվ ապրանքագիրը (ինվոյսը), այլ ինքն է որոշում, թե ինչ գին սահմանի, ըստ այդմ էլ` մաքսազերծում է ապրանքը: Սա իրականացվում է հիմնականում անհատ ձեռներեցների եւ փոքր ընկերությունների ներկրած ապրանքների դեպքում: Անկախ նրանից, թե ինչ անվան տակ են բարձրացվելու հարկերը, արդյունքը լինելու է նույնը, այսինքն` տուժելու են փոքրածավալ ապրանքներ ներկրող գործարարները: