ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը օրերս հայտարարել էր, որ հանրակրթական դպրոցների երկու տնօրեններ ազատվել են աշխատանքից: Դրա պատճառը բարձր դասարանի աշակերտների անօրինական ընդունելություններն են: Ինչպես հայտնի է` արդեն անցած ուսումնական տարում դեպքեր էին արձանագրվել, երբ աշակերտները տեղափոխվել էին մի դպրոցից մյուսը` մի դասարան բարձրում սովորելու եւ դպրոցը ժամանակից շուտ ավարտելու համար, այն դեպքում, երբ նախարարի հրամանով «թռիչքներն» այդ տարի արգելված էին: Բայց թե հատկապես որ դպրոցների տնօրեններն են ազատվել աշխատանքից, չէր նշվում: Ու պարզվեց` դա իմանալն այնքան էլ հեշտ բան չէ: ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող կրթության պետական տեսչությունից, որն իրականացրել է համապատասխան ստուգումները, մեզ հայտնեցին, որ խոսքը Արմավիրի եւ Կոտայքի մարզերի երկու դպրոցների մասին է: Ըստ տեսչության պետի տեղակալ Ռայա Գալստյանի, աշխատանքից ազատվել են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի թիվ 2 դպրոցի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կրթահամալիրի տնօրենները: Բայց եթե նախարարությունում ու տեսչությունում այս երկու դպրոցների անունները հազիվ հիշեցին, ապա տնօրենների հետ կապված ամեն ինչ ավելի բարդ էր: Տեսչությունից մեզ կարողացան հայտնել միայն Քարակերտի դպրոցի տնօրենի անունը` Վարդիթեր Պապոյան: Բայց անօրինական ճանապարհով դպրոցն ավարտած աշակերտների թիվը առնվազն 42-ն է, քանի որ հենց այսքան երեխա է փորձել այս տարի բուհ ընդունվել ու հայտնաբերվել է (մեծ թվով երեխաներ էլ դեռեւս անհայտ են, այսինքն` նրանք դուրս են եկել մի դպրոցից, բայց մեկ այլ դպրոցում չեն գրանցվել): Հետեւաբար, դժվար է պատկերացնել, որ ավելի քան 40 աշակերտները բոլորը նշված երկու դպրոց են տեղափոխվել ու շրջանավարտ դարձել այնտեղ: Այսինքն` պետք է ենթադրել, որ կան նույնպիսի անօրինականություն գործած այլ տնօրեններ եւս, որոնք, սակայն, աշխատանքից չեն ազատվել: Երբ կրթության պետական տեսչության պետին խնդրեցինք ասել, թե քանի աշակերտ է այլ դպրոցներից տեղափոխվել նշված երկու դպրոց, նա դժվարացավ պատասխանել, ինչը, փաստորեն, գալիս է ապացուցելու այն հանգամանքը, որ նախարար Արմեն Աշոտյանն այնքան էլ անկեղծ չէր, երբ վստահեցնում էր, թե արտոնյալ տնօրեններ չեն լինելու: