ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե շաբաթ օրը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում կայացած իր եղբորորդու եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանի դստեր հարսանիքին որեւէ պաշտոնյա ներկա չի եղել: «Մեր կողմից միայն ապարանցիներ էին, հարսանիքին ոչ մի պաշտոնյա չի եղել»,- ասաց Ալեքսանյանը: Հարցին, թե ինչով էր առանձնանում այդ հարսանիքը. օրինակ, Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի զավակների հարսանիքին մի քանի տոննա վարդ էր բերվել, Ալեքսանյանը պատասխանեց. «Ծառուկյանի հնարավորությունները ո՞վ ունի: Մեր հարսանիքը սովորական հայկական հարսանիք էր»: Փորձելով խուսափել հարսանիքի վերաբերյալ մեր հարցերից, Ալեքսանյանը հայտարարեց. «Ես ապարանցի եմ, 50 տոկոս սկիդկա ունեմ» ու հավելեց, թե զբաղված է Գյումրիում իր շաքարի գործարանի փորձարկմամբ: Հարցին, թե երբ է բացվելու գործարանը եւ ով է կարմիր ժապավենը կտրելու` Սերժ Սարգսյա՞նը, Ալեքսանյանը պատասխանեց. «Այս ամսվա վերջ կբացվի, ժապավենն էլ Սերժ Սարգսյանն է կտրելու»: Ալեքսանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե գործարանի բացումից հետո շաքարավազի գների անկում արձանագրվելո՞ւ է: «Գործարանը մի 10 օր է, փորձարկվում է, արտադրանքն արդեն շուկա է մտել, բայց գները կախված են միջազգային գներից, ընթացքում քիչ-քիչ կիջնեն»,- ասաց պատգամավորը: Նա նաեւ նշեց, որ շաքարավազի հումքը բերում է Բրազիլիայից, այս պահին գործարանում մոտ 600 հոգի են աշխատում, եւս 150 հոգի էլ հրավիրվել են Չեխիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից` տեղի բանվորներին շաքարավազի արտադրության տեխնիկան սովորեցնելու համար: