«Ուզես, թե չուզես, գարնանը հաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը»: Թեեւ երեկվա նյութում հպանցիկ հիշատակել էի դարակազմիկ այս միտքը, սակայն կարծիք կա, որ այն իրականում արժանի է առանձնահատուկ ուշադրության:
Սիրելի ոչընտիրի այս միտքը, որը նա արտահայտել է Արցախ կատարած իր վերջին այցելության ընթացքում, թերեւս ավելի լավ է նկարագրում Հայաստանի ներկա վիճակի որոշ առանձնահատկություններ, քան բազմաթիվ ավելի ինքնատիպ համարվող խոսքեր: Իհարկե, կասեք` այս խոսքերը կտրված են կոնտեքստից եւ այլն: Անկեղծ ասած, առանձնապես կոնտեքստ չկար էլ, բայց եթե շատ եք անհանգստանում, կարող եք ամբողջությամբ կարդալ զանազան կայքերում:
Որեւէ տեքստի դեպքում հաճախ ավելի կարեւոր է ոչ թե բուն բովանդակությունը, այլ ձեւական մանրամասները` ոճը, ռիթմը, բառապաշարը, փոխաբերությունները եւ այլն: Հենց դրանք էլ կարող են դիտվել որպես իրական կոնտեքստ: Ինչի՞ մասին կարող է ասել մեզ գարնան եւ աշնան այս գողտրիկ պատմությունը: Թվում է, թե բացարձակ ոչնչի, որովհետեւ արտահայտված է հանրահայտ մի ճշմարտություն, որը, ճիշտ է, հեղինակի կարծիքով երեխաներին պետք է բացատրեն ուսուցիչները դպրոցում, սակայն, կարծում եմ, նույնիսկ երեխաներին դա բացատրելու կարիք չկա: Հետեւաբար, առաջին հայացքից գործ ունենք հերթական ոչմիբանության հետ: Թվում է, սակայն, որ այստեղ կարելի է գտնել ավելին: