ՍպորտSyndicate content

Մարզական լուր

Երեք մասնակից

Այսօր Փարիզում կմեկնարկի ձյուդոյի «Մեծ Սաղավարտի» մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի երեք ներկայացուցիչներ։ Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Հովհաննես Դավթյանը (60 կգ), իսկ կանանց մրցաշարում` Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ)։ Ավելացնենք, որ Դավթյանը լավ հնարավորություններ ունի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու:

Մարզական լուր

Շորթի հաղթանակով

Ջիբրալթարում ավարտվել է 10-րդ անգամ անցկացվող շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը: Շվեյցարական մրցակարգով անցկացված 256 շախմատիստների պայքարում հայ շախմատիստները 10 տուրերում հավաքել են հավասար միավորներ` 7-ական. Մովսիսյանը զբաղեցրեց 11-րդ, իսկ Սարգսյանը` 21-րդ տեղը: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 6 միավորով զբաղեցրել է 51-րդ տեղը: Մրցաշարի հաղթող Է դարձել անգլիացի Նայջել Շորթը: Նա եւ աշխարհի չեմպիոնուհի, չինացի Հոու Հիֆանը վաստակել են 8-ական միավոր: Լրացուցիչ մրցամարտում Շորթն առավելության է հասել 1,5:0,5 հաշվով:

Մարզական լուր

Եգիպտոսին կպատժե՞ն

Փետրվարի 1-ի երեկոյան Եգիպտոսի Պորտ-Սայիդ քաղաքում` տեղի «Ալ-Ահլի» եւ մայրաքաղաք Կահիրեն ներկայացնող «Ալ-Մասրի» ֆուտբոլային ակումբների հանդիպումից հետո տեղի ունեցած արյունահեղության համար, որի ընթացքում զոհվել է 74 մարդ, Եգիպտոսի վարչապետի որոշմամբ` աշխատանքից հեռացվել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ ֆեդերացիայում ղեկավար պաշտոն զբաղեցնող բոլոր անձինք: Հիշեցնենք, որ հանդիպումից հետո տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնք հետագայում տեղափոխվել են փողոցներ. դանակներով ու մահակներով զինված տեղի երկրպագուները սպանել, վիրավորել են մրցակից թիմի երկրպագուներին ու պատահական մարդկանց: Եգիպտոսի իշխանությունները արյունահեղության պատասխանատվությունը դրել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների վրա` մեղադրելով նրանց երկրի հասարակական կյանքն ապակայունացնելու համար:

Աֆրիկայի գավաթ

Անկանխատեսելի Աֆրիկա

Հասարակածային Գվինեայում ու Գաբոնում ավարտվեց ֆուտբոլի Աֆրիկայի առաջնության խմբային փուլը, ու հայտնի դարձան այն 8 հավաքականները, որոնք պայքարը կշարունակեն մայրցամաքի չեմպիոնի կոչման համար:

1957 թվականին առաջին անգամ անցկացվեց Աֆրիկայի առաջնությունը, իսկ 1968 թվականից սա արդեն ունի հստակ պարբերականություն` մրցաշարն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Ընթացող առաջնությունը 28-րդն է, բայց անակնկալների քանակով կարող է միանշանակ համարվել առաջինը: Ֆուտբոլային աշխարհում, հատկապես գործակալների համար, մեծ կարեւորություն ունեցող Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի մրցաշարի մեկնարկից առաջ ավելի շատ խոսվում էր այն թիմերի մասին, որոնք ընտրական փուլի արդյունքներով իրավունք չստացան վիճարկելու չեմպիոնի կոչումը: Բավական է նշել, որ մինչ այժմ Աֆրիկայի չեմպիոնի կոչումը նվաճել են 13 երկրների հավաքականներ, որոնցից ընդամենը 5-ն են հանդես գալիս 28-րդ խաղարկությունում:

Մարզական լուր

Լեւոնը ասաց` ոչ

Արդեն տեղեկացրել էինք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման այս տարվա աշնանը նախատեսված հավակնորդների մրցաշարը կազմակերպելու հայտ էր ներկայացրել Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան: ՖԻԴԵ ներկայացրած հայտում ադրբեջանական կողմը հատուկ ընդգծել էր, որ ամենաբարձր մակարդակով կապահովի Լեւոն Արոնյանի անվտանգության խնդիրը: Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մաիր Մամեդովը տեղի կայքերին տված հարցազրույցում ասել է. «Արոնյանի հարցը քննարկված է առնվազն երկրի սպորտի ղեկավարների մակարդակով, ու նրան կտրամադրվեն ամենաբարձր երաշխիքներ: Լեւոնը կարող է Բաքվի առաջարկած պայմաններին նոր պահանջներ էլ ներկայացնել` իրեն ցանկալի ընդունելություն կազմակերպելու համար: Նրա` Բաքու չգալու համար, իրական պատճառներ չեմ տեսնում»: Երեկ Լեւոն Արոնյանը պաշտոնական նամակ է ուղարկել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին, որտեղ կտրականապես հրաժարվել է խաղալ Բաքվում: Նամակում մասնավորապես նշվում է. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի: ...Տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին` աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին` բացառվում է»:

Մարզական լուր

Վերադարձավ

Ռոման Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին երեկ պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ: Հիշեցնենք, որ 37-ամյա Բերեզովսկին 2002-2006 թվականներին հանդես էր գալիս այս թիմի կազմում, ապա տեղափոխվեց մերձմոսկովյան «Խիմկի» ու մինչ երեկ համարվում էր «Խիմկիի» ֆուտբոլիստ: Ներկայումս «Դինամոն» Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ընթանում է 3-րդ հորիզոնականում, բայց խնդիրներ կան դարպասապահների հետ կապված: Վնասվածք է ստացել թիմի հիմնական դարպասապահ Անտոն Շունինը, ու «Դինամոյին» նոր դարպասապահ էր անհրաժեշտ:
«Երբ հայտնվեց Բերեզովսկու թեկնածությունը, ընդունեցինք: Մարդը խաղացել է «Դինամոյում», երկրպագուները նրան լավ են վերաբերվում: Նա միշտ եղել է կոլեկտիվի առաջատարը, հաճախ միայնակ հանդիպումների ելքեր է վճռել: Բացի այդ, Բերեզովսկին ռուսաստանյան անձնագիր ունի…»,- ասել է «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը: Բերեզովսկին նախօրեին բուժզննում է անցել Մոսկվայում, իսկ երեկ պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ, որը ուժի մեջ է մինչեւ 2013-ի հունիսի 30-ը: «Երջանիկ եմ այս կոլեկտիվում հայտնվելու համար: Կփորձեմ օգնել դինամոյականներին մրցաշրջանի վերջնամասում: «Դինամոյի» երկրպագուները ինձ միշտ ջերմ են ընդունել, եւ դա փոխադարձ է եղել: Այժմ հարկավոր է կրկին նվաճել նրանց սերը»,- պայմանագիր կնքելուց հետո հայտարարել է Բերեզովսկին:

Եվրոպական ֆուտբոլ

Պատրաստ են գնել Մեսիին

Ռոբերտո Կառլոս
Փետրվարի 1-ին, Լոնդոնի ժամանակով 00.00-ին փակվեց եվրոպական ֆուտբոլում գոյություն ունեցող «ձմեռային տրանսֆերային պատուհանը», որի ընթացքում ֆուտբոլիստներին թույլատրվում էր փոխել ակումբը:

Նշենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չեղան հնչեղ տեղափոխություններ, հսկայական գումարների հասնող տրանսֆերներ, ինչը առկա էր վերջին տարիներին: Թվում էր, թե եվրոպական թոփ թիմերը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար սպասում են տրանսֆերային պատուհանի վերջին օրվան, ինչպես եղավ անցյալ հունվարին: Հիշեցնեմ, որ 2011 թվականի հունվարի 31-ին միայն անգլիական 2 թիմեր` «Չելսին» ու «Լիվերպուլը», համատեղ ծախսեցին մոտ 150 միլիոն եվրո: Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը միայն իսպանացի Ֆերնանդո Տորեսին ձեռք բերելու համար «Լիվերպուլին» վճարեց 57 միլիոն, իսկ «Լիվերպուլը» Էնդի Քերոլի համար «Նյուքասլին» վճարեց 40 միլիոն եվրո: Իսկ ահա 2012 թվականի հունվարի 31-ը անցավ շատ հանգիստ, ու կարելի է արձանագրել` ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ գործարքը կայացավ Ռուսաստանում, գինն էլ կազմեց ընդամենը 13 միլիոն եվրո: Այսպիսի գին վճարեց Մոսկվայի «Դինամոն» Մախաչկալայի «Անժիին»` հունգարացի Բալաշ Ջուջակի համար:

Մարզական լուր

Կախվել է

Ֆրանսիական L Equipe պարբերականի հաղորդմամբ, ինքնասպանություն է գործել ֆուտբոլային մրցավար, ֆրանսիացի Ստեֆան Դյուամելը: 42-ամյա Դյուամելը եզրային մրցավարի պարտականություններն էր կատարում իր եղբոր` Լորանի գլխավորությամբ հանդես եկող մրցավարական բրիգադի կազմում, որը մտնում էր ՖԻՖԱ-ի էլիտ մրցավարների ցուցակի մեջ, ու Չեմպիոնների լիգայի մրցաշարի հանդիպումները սպասարկելու հարուստ փորձ ունի: Ստեֆան Դյուաելը կախվել է անցած կիրակի` իր տան մեջ: Ոստիկանությունը առայժմ չի հրապարակում ինքնասպանության մոտիվները` հետաքննություն է ընթանում:

Մարզական լուր

Լավագույնը Ուորդն է

Ամերիկյան լրագրողների ասոցիացիան 2011 թվականի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչել WBC-ի և WBA-ի վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն, «Super Six» մրցաշարի հաղթող, օլիմպիական չեմպիոն Անդրե Ուորդին: Քվեարկության արդյունքներով, 27-ամյա մարզիկը մեծ առավելությամբ առաջ է անցել Նոնիտո Դոներից, Վլադիմիր Կլիչկոյից, Մենի Պակյաոյից: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ամերիկացի բռնցքամարտիկը տոնել է 25 հաղթանակ, որից 13-ը` նոկաուտով: Հիշեցնենք, որ «Super Six» մրցաշարի կիսաեզրափակչում Անդրե Ուորդը հաղթել է մեր հայրենակից Արթուր Աբրահամին:

Մարզական լուր

Կանոնները կփոխվեն

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը` ՖԻՖԱ-ն, հրապարակել է մարտի 3-ին Անգլիայում կայանալիք նստաշրջանի օրակարգը, որտեղ քննարկվելու են ֆուտբոլային մի շարք կանոնների մեջ փոփոխություններ մտցնելու հարցը: ՖԻՖԱ-ն մասնավորապես ցանկանում է փոփոխել, այսպես կոչված, «վերջին հույսի խախտման» համար եռակի պատժամիջոցը. տուգանային հրապարակում պաշտպանվող թիմի ֆուտբոլիստներից մեկի կողմից կանոնների խախտումը, ինչի հետեւանքով մրցակիցը զրկվում էր գոլ խփելու իրական հնարավորությունից, ներկայիս օրենքների համաձայն, պատժվում է 11 մետրանոց հարվածով, խախտում կատարած ֆուտբոլիստի հեռացմամբ ու որակազրկմամբ` մեկ խախտման համար ֆուտբոլիստը եռակի պատիժ է կրում: ՖԻՖԱ-ն առաջարկում է նման պատիժ կիրառել միայն այն դեպքերում, երբ պաշտպանվող թիմի ֆուտբոլիստը միտումնավոր խախտում է կատարում, իսկ եթե խախտումը արձանագրվել է պայքարի մեջ, ապա սահմանափակվել 11 մետրանոցով ու դեղին քարտով: Առաջարկվում է նաեւ ավելացնել փոխարինումների քանակը` 3-ից հասցնելով 4-ի: Ընդ որում, 4-րդ փոփոխության իրավունք թիմերը ստանալու են մրցավարի կողմից ավելացրած ժամանակի ընթացքում միայն:

Ռուսական ֆուտբոլ

Միայն նախագահի որոշմամբ

Կուրբան Բերդիեւ
21-րդ դարում ռուսական ամենահաջողակ ակումբի` Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիեւի (նկարում) հնարավոր հրաժարականը վերջին օրերին դասվում էին ֆուտբոլային թոփ նորությունների շարքին:

Դեռ երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Բերդիեւը, որի գլխավորությամբ «Ռուբինը» իր պատմության ընթացքում առաջին անգամ մրցանակներ է նվաճել` դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, սուպերգավաթակիր, 2 անգամ նվաճել է բրոնզե մեդալ, հաջողությամբ հանդես է եկել եվրագավաթների խաղարկություններում, ակումբի նախագահ Դմիտրի Սամարենկինի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել: Նշենք, որ Բերդիեւը համարվում է նույն ակումբում ամենաերկարատեւ աշխատած գլխավոր մարզիչներից մեկն աշխարհում: Այսպիսի ցուցակ վերջերս հրապարակել էր ՈՒԵՖԱ-ն, ըստ որի` ֆուտբոլի պատմության մեջ նույն ակումբում ամենաերկար աշխատած մարզիչը Ալեքս Ֆերգյուսոնն է. շոտլանդացի մասնագետը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին է 1986 թվականի նոյեմբերի 6-ից:

Մարզական լուր

«Եվրատեսիլ» ու շախմատ

ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, երեկ` հունվարի 31-ին ավարտվել է աշխարհի չեմպիոնի կոչման 2012 թվականի աշնանը կայանալիք հավակնորդների մրցաշարը կազմակերպելու հայտերի ընդունման վերջին ժամկետը, ու Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան միակ կազմակերպությունն է, որ ցանկություն է հայտնել հյուրընկալելու այդ մրցաշարը: Հիշեցնենք, որ Բաքվում պետք է կայանար նաեւ հավակնորդների անցյալ տարվա մրցաշարը, բայց Լեւոն Արոնյանը կտրականապես հրաժարվեց խաղալ Բաքվում, ու ՖԻԴԵ-ն ստիպված էր մրցաշարը տեղափոխել Ռուսաստան` Կազան: Հիմա կրկին Ադրբեջանը հայտ է ներկայացրել, ու ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հայ գրոսմայստերը այս անգամ դժվար թե կարողանա հրաժարվել խաղալ Բաքվում ու որպես օրինակ-ապացույց նշում են նույն Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հայ երգչի նախատեսվող մասնակցությունը:

Մարզական լուր

Զանգ ընկերոջը

Միջազգային ֆուտբոլային կազմակերպությունները քննարկում են ֆուտբոլիստների վարքագծի կանոնները, որոնք սահմանում են, թե ինչ իրավունք չունի անել ֆուտբոլիստը հանդիպման ժամանակ: Մասնավորապես, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում հանդիպմանը հայտավորված բոլոր անձինք ստիպված կլինեն հանդերձարանում թողնել բջջային հեռախոսները, մինի համակարգիչները, ժամանակակից կապի այլ միջոցները: Պատճառը շատ առօրեական է` վերջին շրջանում շատանում է հենց հանդիպումների ժամանակ կապի միջոցների օգտագործումը: Գերմանիայի սիրողական լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստը խաղի ժամանակ պատասխանել է բջջային հեռախոսի զանգին` արդարանալով, թե շատ կարեւոր զանգ էր: Հունվարի 26-ին կայացած Լիբերտադորեսի գավաթի խաղարկության «Պենյարոլ»-«Կարակաս» հանդիպման 70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձած տանտերերի ֆուտբոլիստը անմիջապես մտել է խաղադաշտի մերձակայքում գտնվող հեռախոսախցիկը, զանգահարել ու իր ուրախությունը հայտնել հարազատներին: Իսկ 2 օր առաջ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Բուխարովը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ ընկերական հանդիպման ժամանակ` պահեստայինների նստարանից:

Թենիս

Լավագույն եզրափակիչը

 Նովակ Ջոկովիչ
Արդեն տեղեկացրել ենք, որ թենիսի «Մեծ սաղավարտի» մեջ մտնող 4 մրցաշարերից առաջինի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել սերբ Նովակ Ջոկովիչը (նկարում), որը եզրափակիչում հաղթանակ է տոնել իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:

Միջազգային հայտնի մասնագետների պնդմամբ, այս հանդիպումը կարելի է համարել թենիսի պատմության ամենադիտարժան եզրափակիչներից մեկը, եթե ոչ` լավագույնը: Մրցակիցները խաղացին ուղիղ 5 ժամ 53 րոպե` սա ռեկորդ է «Մեծ սաղավարտի» եզրափակիչների համար, ընդ որում` Ջոկովիչն ու Նադալը ցուցադրեցին ուղղակի ֆանտաստիկ խաղ, աներեւակայելի ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածություն: Աշխարհի առաջին ռակետ, 25-ամյա Ջոկովիչը կիսաեզրափակիչում մոտ 5 ժամանոց հանդիպում էր անցկացրել աշխարհի 4-րդ ռակետ Էնդի Մարեյի (Մեծ Բրիտանիա) հետ, ու շատերը հավատացած էին, որ սերբը Նադալի հետ խաղում կզիջի առաջին հերթին ֆիզիկապես, իսկ ահա իսպանացին եզրափակիչից առաջ հոգեբանական խնդիրներ ուներ. նախորդ վեց հանդիպումներում անընդմեջ 26-ամյա Նադալը զիջել է Նովակին: Արդեն պատմական փաստ է` 3-2 հաշվով հաղթեց Ջոկովիչը ու դարձավ Ավստրալիայի բաց առաջնության եռակի հաղթող:

Մարզական լուր

Եւս մեկ ուղեգիր

Կազանում անցկացված թեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարում փայլուն հաջողության է հասել հայաստանցի Արման Երեմյանը: Մինչեւ 80 կգ քաշայինների մրցաշարում 26-ամյա մարզիկը, տոնելով 3 հաղթանակ, դարձել է հաղթող ու նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Երեմյանը առաջին հայ թեքվոնդոյիստն է, որ կմասնակցի Օլիմպիական խաղերին, ընդ որում, Հայաստանը 18-րդ երկիրն է, որի մարզիկները նվաճում են թեքվոնդոյի Օլիմպիական մրցաշարին մասնակցելու ուղեգիր: Նշենք, որ Կորեայում ծնունդ առած այս մրցաձեւը բառացիորեն թարգմանվում է «ոտքի ու բռունցքի արվեստ», իսկ առաջին անգամ օլիմպիական մրցաձեւ է դարձել 2000 թվականին Մելբուռնում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter