Մանուկների հավերժ օրը
Ինչպես քաջ լինել
Ոնց գցում-բռնում ենք, մեր բոլոր դժբախտություններն Ազատության հրապարակի հետ են կապված: Ուղիղ երկու տարի դրա տակը փորեցին ու երեքհարկանի գառաժ սարքեցին, հանգիստ ապրում էինք: Հենց շինարարությունը պրծավ, հրապարակը բացեցին, էլի այստեղ մայրամուտները խաղաղ չեն: Էլի հայրենի ոստիկանության հոգեկանը խանգարվեց, էլի տարօրինակ բաներ են կատարվում, էլի ձերբակալվում են մարդիկ, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն արել, այսինքն երկրորդ հայացքից էլ նրանք ոչինչ չեն արել, բայց միեւնույն է` ձերբակալվում են:
Թե ինչ է կատարվում մեր ոստիկանների ներաշխարհում, այս հոդվածի նյութը չի: Դա երեւի համապատասխան մասնագետների` բժիշկների ու հոգեբանների քննելիքն է: Տվյալ հոդվածի շրջանակներում մեզ հետաքրքրում է բացառապես այն, թե ինչու մեր անձնվեր հեռուստալրագրողներից եւ ոչ մեկը եւ ոչ մի անգամ իր տեսախցիկը չառավ, չգնաց, չնկարեց ու իրենց լրատվականով չցուցադրեց այդ կադրերը: Ինչո՞ւ պիտի ես ստիպված լինեմ 100 դրամ վճարել, որպեսզի թերթից իմանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ապրում եմ:
Ես, իհարկե, պատասխանն ունեմ, թե ինչու չգնացին: Եթե դեռ չեք կռահել` ասեմ: «Հայկական Ժամանակ»-ի լրագրողը գնաց: Նրան ձերբակալեցին: Սրանից հետո դուք կարող եք հազար սիմպոզիում անցկացնել, հազար խարտիա մշակել, որտեղ մանրամասն կնկարագրեք, թե լրագրողը ի՜նչ ազատ ու անկախ պիտի լինի, ի՜նչ անվախ ու անձնվեր, կարող եք հազարավոր դոլարներ ծախսել անիմաստ օրենքներ մշակելով, թե ինչից հետո ի՛նչ պիտի անի լրագրողը, որպեսզի հարմարվի անկախ, կարող եք դրա վրա հազար տարի ծախսել, կարող եք ձեւեր թափել, թե ուզում եք աջակցել նրանց, անգլերեն նոր սովորած ու իրենց արդեն եվրոպացի պատկերացնող հազար ու մի էքսպերտ կարող եք բերել, որոնք նորելուկ լրագրողների համար դասախոսություն կկարդան, թե ինչպես քաջ ու անվախ լինել, բայց եւ ոչ մի ազատ ու իսկապես քաջ լրագրող չունենալ, քանի որ լրագրության ասպարեզ նոր ոտք դնողներն ու արդեն դրածները շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում լրագրողի հետ, երբ նա փորձում է սրտին մոտ ընդունել այն լոզունգները, որ դուք հնչեցնում եք պարզապես հնչեցրած լինելու համար: Տեսնում է Նիկոլի օրինակով, տեսնում է Անի Գեւորգյանի օրինակով, ծեծված Լուսինե Բարսեղյանի, Գոհար Վեզիրյանի ու մնացածների օրինակով, որոնք հավատացել են, որ մեր երկրին ազնիվ խոսող լրագրողներ են պետք:
Դրա համար «կյանքից հասկացող» (անգլիական «common sense» կապակցության ուղղակի թարգմանությունը հայերենում չունենք) լրագրողները փորձում են իրենց համեստ պահել, աչքի չընկնել, եթե դա իրենց չի պատվիրվել, մի խոսքով «գլուխը պահել էհտիբարով»: Դրա համար այդպիսին է մեր էլեկտրոնային լրատվամիջոցներով հեռարձակվող լրատվությունը, ու մնացած հաղորդումներն էլ նմանապես: Վիճակը չի փրկի այն, որ մեր բոլոր հեռուստաընկերությունները թեկուզ ամեն մեկը 5 անգամ ստորագրեն խարտիայի տակ, որ դրանք թվայնացվեն, որ ամեն անգամ Մամուլի ազատության օրը մեր պետական այրերը խոստանան աջակցել լրագրողներին եւ այլ: Որովհետեւ լրագրողին, եթե նա իսկական լրագրող է, աջակցել պետք չէ, նրան պետք է պարզապես չխանգարել: Ու իրավիճակը հաստատ ահագին կշտկվի:
Չմեծացող երեխաներ
Հունիսի 1-ի կապակցությամբ բոլորը խոսեցին երեխաների իրավունքներից: Խոստացան ամեն ինչ անել, որ նրանք լիարժեք մանկություն ապրեն, որ չխախտվեն նրանց իրավունքները, որ նրանց աչքերը երբեք չարցունքոտվեն: Խոսեցին, անցավ-գնաց: «Հայլուրը» տեղեկացրեց, որ Վեդիում երեխաները «մանկության օրվա կապակցությամբ տեսել են չարի վերջը: Արարողությանը մասնակցել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը»: Այդպես էլ ասաց. տեսան չարի վերջը: ԱԺ նախագահը երեւի ուշադիր չի եղել, թե չէ «Հայլուրի» օրվա լրագրակազմը հաստատ Ֆելիքս Խաչատրյանի հետեւից պետք է թռներ «Արմենիա»:
«Ուրվագծի» տաղավարում օմբուդսմեն Արմեն Հարությունյանը լեզվի սայթաքում թույլ տվեց, փոխանակ ասելու, որ որոշակի իրավիճակներում խախտվում են շարքային քաղաքացու իրավունքները, ասաց. «Որոշակի իրավիճակներում շարքային քաղաքացին անպատիժ է մնում»: Նույն հաղորդման ընթացքում նա էլի շատ հետաքրքիր բաներ ասաց, օրինակ. «Նրանց պարզապես հրավիրել էին ոստիկանություն ու նրանք պարզապես պետք է գնային»: Նույն տրամաբանությանը ենթարկվելով կարելի է ասել. «Նրանց պարզապես ուզում էին գնդակահարել ու նրանք պարզապես պետք է գնդակահարվեին»: Այնքան հետաքրքիր բաներ էր ասում Հարությունյանը, որ նույնիսկ Պետրոս Ղազարյանն էր կանգնել ընդդիմության կողմը. «Ասում եք` ոստիկանները խախտել են մարդկանց իրավունքները: Արձանագրեցինք ու գնացի՞նք»: Լավ հարց է, բայց պատասխանը ավելի ցնցող է. «Ոչ մի ուրիշ երկրում օմբուդսմենը այլ բան անել չի կարող, մնացածը համապատասխան մարմինների գործն է»: Իսկ ովքեր են էդ «համապատասխան մարմինները»: Հենց նրանք, ովքեր խախտում են քաղաքացու իրավունքները: Այսպիսի կլոր շրջան:
«Եվրատեսիլի» հետ ամեն ինչ պարզ էր, իսկ Իսրայելի 12 միավորը պարզ դարձավ մի քանի օր անց, երբ իսրայելցի զինվորները գրոհեցին թուրքական նավերից բաղկացած «Խաղաղության շարասյունը»:
«Հեռանկարի» հունիսի 1-ի հաղորդմանը մասնակցող «Փրկություն» հ/կ-ի տնօրեն Արփինե Աբրահամյանը կապույտ հրեշտակի պես աչքերը ճպճպացնելով իր սուբյեկտիվ կարծիքն էր հայտնում, որ մինչեւ Մարիամ Սուխուդյանի բացահայտած փաստերը 11-րդ հատուկ դպրոցի տնօրինությունը երեւի կարծել է, որ նրանք հիվանդ երեխաներ են, եւ նրանց պատմածը նրանց հիվանդ երեւակայության արդյունքն է: Մի կողմ թողնելով այն, որ դա ոչ միայն տիկին Արփինեի սուբյեկտիվ կարծիքն է, այլ նաեւ գործից օրերս ազատված դպրոցի տնօրինության կարծիքը, մի հարց եմ ուզում տալ, եթե նրանք հիվանդ երեխաներ են, ապա մենք ձեզ հետ ո՞վ ենք:
«Ինչո՞ւ է մեր երկրում աճում աղքատ երեխաների թիվը»,- տարբեր ալիքներով իրենց հյուրերին նույն հարցն են տալիս լրագրողները: Մի պարզ պատճառով: Քանի որ նաեւ աղքատ ծերերի թիվն է մեր երկրում աճում: Ու հատկապես աղքատ միջահասակների թիվը: Չնայած այն փաստին, որ օրերս մեր վարչապետն այս անգամ արդեն տնտեսագիտություն ուսանողների հետ հերթական անգամ հաղթահարեց տնտեսական ճգնաժամը: Հրապարակավ այդպես հաղթահարեցին:
«Հրապարակ» հաղորդման հյուր քաղաքագետ Ժորժիկ Աբրահամյանը պատմեց, որ 1993թ. փետրվարյան մի ցուրտ գիշեր Գորիսի լեռներում մի պապիկի է հանդիպում, որը նրա այն հարցին, թե ուր է գնում, պատասխանում է. «Գնում եմ Հայաստան»: Մտածում է, որ պապիկը հարցը երեւի լավ չհասկացավ, մեքենա նստեցնելուց ու մի փոքր տաքանալուց հետո նորից է հարցնում, թե ո՞ւր է գնում: «Գնում եմ Հայաստան»,- նորից պատասխանում է ծերը ու տեսնելով նրա հարցական հայացքը, բացատրում է. «Էս ի՞նչ Հայաստան է, որ»: 93թ.-ից հետո քիչ բան է փոխվել, իսկ փոխվածն էլ փոխվել է դեպի վատը, բայց մենք, չգիտես ինչու, մինչեւ հիմա չենք հասկանում, որ Օսվենցիմում ու Բուխենվալդում երեխաների իրավունքները ոչ մի կերպ չէին կարող պաշտպանված լինել: Ու տոնում ենք:









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը