«Որ դատարան գնամ, սուտ եմ ասելու»
Հիշեցնենք, որ ակտիվիստի դեմ գործ էր հարուցվել այն պատճառով, որ նա նկարահանել եւ հեռուստատեսությանն էր տրամադրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների պատմություններն այն մասին, թե ինչպես է նույն դպրոցի ուսուցիչ Լ. Ավագյանը սեռական ոտնձգություններ իրականացրել դպրոցի սաների նկատմամբ։ Երկուշաբթի, նոյեմբերի 9-ին, ավարտվում է գործի նյութերին ծանոթանալու համար Սուխուդյանի պաշտպանական կողմին տրված ժամկետը, որից հետո գործը պետք է ուղարկվի դատարան։ Սակայն երեկ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը լրագրողներին հայտնեց, որ գործն ուսումնասիրելիս իրեն հայտնի է դարձել, որ ոստիկանությունը կեղծել է դպրոցում աշխատած կամավորներից Արման Ղարիբյանի եւ Նուբարաշենի թիվ 11 դպրոցի աշակերտուհի Դ.Ա.-ի հեռախոսային խոսակցությունը, ով ցուցմունք էր տվել, թե Սուխուդյանը իրեն ստիպել է ուսուցչի մասին վատ բաներ պատմել։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել տեսանյութի` եթեր հեռարձակվելուց հետո։ Երեկ, երբ լսեցինք ձայնագրությունը, դրանում պարզ լսելի էր, որ դպրոցի սան Դ.Ա.-ն Արման Ղարիբյանին հեռախոսով ասում է. «Խոսքի, որ դատարան գնամ, սուտ եմ ասելու...»։ Ոստիկանության վերծանած տարբերակում դա ներկայացված է այսպես. «Մի խոսք կա, դրանից հետո կասեմ»։ Վերծանած տարբերակում մի միտք էլ կա, որն ընդհանրապես գոյություն չունի իրական խոսակցության մեջ. «Որ իմ հետ տենց բան չի եղել, ի՞նչ ասեմ...»,- նշված է արձանագրության մեջ` որպես այն հարցի պատասխան, թե ինչու նա չի ուզում ճշմարտությունը պատմել ոստիկանությանը։ Հեռախոսային խոսակցության ձայնագրությունից նաեւ պարզ է դառնում, որ դպրոցի նախկին սան Դ.Ա.-ն ոստիկանությունում սուտ է ասելու «դպրոցի» ճնշմամբ։ «Մաման ջղայնանում ա, ասում ա` խայտառակ եղանք սաղ երկրով մեկ, տելեվիզրով ինձ ճանաչել են։ Ընկերոջս հետ կռվել եմ... Մամայիս ջղայնանալը մի կողմ, էդքան խոսակցություններ կան... Մի հատ սպիտակ մազերով մարդ էր եկել մամայիս մոտ դպրոցից, չգիտեմ ինչ ա եղել, ինչ չի եղել, մամաս ինձ չի ասում։ Մաման ասում ա` ընկեր Մերուժը (թիվ 11 դպրոցի տնօրենը - Ս.Պ.) ձեզ էդքան պահել-մեծացրել ա, ինչի՞ եք վատություն անում»,- ձայնագրության մեջ ասում է Դ.Ա.-ն։ Ու փաստորեն գործ է հարուցվում, եւ եղած բազմաթիվ վկաներից, ովքեր վկայություն են տալիս, որ Սուխուդյանը երեխաներին չի ստիպել սուտ բաներ պատմել ուսուցչի մասին, այս մեկ երեխան է միայն ոստիկանությունում ասում, որ ուսուցիչը չի կիրառել բռնություն իր նկատմամբ, իսկ տեսանյութում ինքը ստել է Մարիամի ճնշմամբ։ Փաստորեն Մարիամին դատելու համար հիմք է ընդունվում այդ աղջկա ցուցմունքը, բայց գործին չի կցվում վերը նշված ձայնագրությունը։ Նոնա Գալստյանը երեկ նաեւ տեղեկացրեց, որ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գործը հարուցվել եւ քննվել է քննչական ենթակայության կանոնների բազմաթիվ խախտումներով։ Խախտումներից մեկն էլ այն է, որ նյութերի նախապատրաստման ընթացքը, օրենքով սահմանված` 10 օր առավելագույն ժամկետի փոխարեն, տեւել է 3 ամիս։ Բացի այդ, գործին չի կցվել այն երկրորդ տեսանյութը, որում նույն ուսուցչի կողմից բռնության մասին պատմում է դպրոցի մեկ այլ սան։ Ինչպես տեղեկացրել էինք, Սուխուդյանի նկատմամբ ոստիկանությունը փորձել էր կիրառել համաներում եւ գործը փակել։ Երեկ այդ մասին «Ուրբաթ» ակումբում Մարիամ Սուխուդյանն ասաց. «Ես էլ ասացի` ոչ, ես չեմ ուզում համաներում, ուզում եմ պատժվեն մեղավորները, քանի որ դրանով նրանք նպատակ ունեին էս խայտառակ գործը չուղարկել դատարան»։ Ի դեպ, նա լրագրողների հետ հանդիպման էր եկել մի ցուցանակով, որի վրա գրված էր` «Հեռու պահեք ձեր սեւ ձեռքերը»։ Մարիամը տեղեկացրեց, որ ԵԽ-ում երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ զեկույց է պատրաստվում, եւ հնարավոր է, որ այս պատմությունը նույնպես ներառվի այդ զեկույցում։ Իսկ երեկ նույն` թիվ 11 դպրոցում կամավորներ աշխատած մի քանի երիտասարդներ հանցագործության մասին հաղորդում էին պատրաստել` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանձնելու համար, որում ներկայացնում էին իրենց հայտնի բոլոր փաստերը եւ պահանջում` դատել մեղավորներին։
ՀԳ. Մարիամ Սուխուդյանը երեկ պատմեց ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած մի զվարճալի դեպք. «Քննիչ Վիգեն Մեսրոպյանը ինձ հարցրեց, թե իմ կյանքում քանի՞ ծառ եմ տնկել։ Ինձ թվաց` լրացնում է, ասում եմ` գրո՞ւմ եք։ Ասաց` չէ, ուղղակի հետաքրքիր է։ Ասացի` մենք ծառ պաշտպանելով ենք զբաղված, տնկելը հեշտ է, տնկում ես ու մխիթարում քեզ, որ գործ ես արել, ասաց` ես, օրինակ, տարեկան 131 հազար ծառ եմ տնկում»։ Ի պատասխան քննիչի այս հուզիչ խոստովանության` երիտասարդ Սուխուդյանն ասել է.« Ավելի լավ է` դուք ճիշտ մեղադրանքներ առաջադրեք։ Ծառ տնկելով եք զբաղվում, դրա համար գործ չեք անում»։
ՀԳ-2. Երեկ, երբ Մարիամ Սուխուդյանը «Հեռու պահեք ձեր սեւ ձեռքերը» ցուցանակով քայլել է Հանրապետության հրապարակով, անմիջապես արժանացել է ոստիկանների ագրեսիվ ուշադրությանը։ Նրանք պահանջել են` «պահի՛ պաստառը»։ Սուխուդյանն ընդամենը ժամադրված է եղել։









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը