Եւ հավաքում է օրվա աղմուկը
Սովը, սովը դեմքն է փոխում
Երբեմնակի եւ ավերում էությունս,
Չարչարվում է ու հեկեկում
Աստվածատուր մենությունս։
Սովը դարձավ ուսուցիչն իմ
Մանկությունից
Ու նկարեց մանկությունս
Արտերի մեջ։
***
Լույս անքննելի -
Իմ հոգու գույնը երանգավորում
Ու պահում ես ինձ
Ծիածանի յոթ գույների դաշտում...
Ես անրջում եմ,
Մշտնջենական երգիդ զորությամբ
Եւ ապրում կրկին,-
Երբ փռում ես դու ձայների գորգը
Հեռաստաններին...
Լույս անքննելի -
Դու աստվածություն`
Ամենափրկիչ,
Մայր ամենատես ու երանություն -
Դու անտրտունջ կյանք,
Ես նվաճում եմ հորիզոնները,
Քո աստվածատուր շողերով անափ...
Լույս անքննելի -
Ամենափրկիչ դու հարստություն,
Անբեկանելի...
***
Առավոտ կանուխ
Ընկեր եմ դառնում ես բառերի հետ,
Ընկեր են դառնում բառերը ինձ հետ,
Առավոտ կանուխ...
Տեսնում եմ նրանց ծիծաղն ու վիշտը,
Անքուն բառերի շաղոտ դեմքերին
Ծիածանվում է շողքը արեւի,
Եւ բազմանում է ծիծաղը դաշտում...
Երջանկությունը իր երգն է երգում
Ծաղկամաններում։
Տեսնում եմ նաեւ`
Սարդը կախվել է ծառի սաղարթից,
Երազն է կործում տերեւների մեջ
Այնպես տենդագին,
Որ չկորցնի թելերի խուրձը`
Ընկերանում է ծառի ճյուղերին
Եւ հավաքում է օրվա աղմուկը
Եւ գծագրում է մատղաշ թելերին։
Ես էլ ինձ համար նոր բառ եմ գտել,
Ընկերանում եմ, որ չկորցնեմ
Քնելուց առաջ,
Քնելուց առաջ բազմապատկվում են
Բոլոր բառերը ու քնում ինձ հետ...
***
Ինձ հետ քայլում են տերեւներն աշնան,
Քայլերս ծեր են...խաշամն է խշշում,
Նայում եմ վերեւ` ամպերը ճերմակ
Սառել են կապույտ երկնքի ծոցում։
Ինձ ուղեկցում է ամեն մի շարժում,
Կապույտ աչքերիս ցանկությամբ համակ,
Ստվերների հետ հոգիս է խաղում
Եւ սփոփում ինձ, որ չապրեմ մենակ։
Լսում եմ բոլոր ճամփեքի ձայնը,
Ինձ են մոտենում ճամփաները ծեր,
Ցանցակալվում է իմ ծերությունը -
Հերիք է տանջեք, զառամ տարիներ...
Ետ դարձեք մի պահ, գարուններ անցած,
Տողերիս նման շարվեք թղթերիս,
Տեղը չիմանամ արցունքով լցված
Տանջահար անող խոր կնճիռներիս։
***
Լռությունս լուռ է -
Ինձ ասում են` լռիր...
Քամի՛ն, քամի՛ն
Խոտերի մեջ անքուն
Լռություն է փնտրում -
Ինձ ասում է` լռիր...
Երազներս գունեղ
Իմ մարմինն են ծածկում,
Հոգուս մեջ եմ թաղում
Լռությունս անմեղ -
Ինձ ասում են` լռիր...
Քեզ շատ չեղավ -
Է, հե~յ,
Տո՛, ծակգլուխ անտեր,
Ծակ գրպանի դու տեր,
Առուփախի դար է -
Զայրանում են, լռիր,
Լռությունս թերի,
Լռությունս է լալիս,
Ինչպե՞ս լռեմ ձրի...
***
Վերից են գալիս հեղեղներն անվերջ -
Անհայտանում են միշտ անմեղ մարդիկ,
Փոթորիկները ցավից են լալիս -
Իրենց արմատով փախչում են մարդիկ,
Սուտը անընդհատ գահերից թափվում -
Սուտը ժողվում են, ինչ անեն մարդիկ,
Մտքերն ապրում են իրար հետ անհաշտ -
Գլուխ են կոտրում անգլուխ մարդիկ,
Ջարդվում է հույսը հոգսի ճնշումից -
Խավարին խոնավ կուլ գնում մարդիկ,
Աշխարհ, քո մահը քեզ ո՞ւր է տանում -
Ճշմարտությունը կողպել են մարդիկ,
Վերն ու վարը ստեղծողինն է -
Ուր էլ որ փախչեն, տեղ չունեն մարդիկ։
***
Երգի պես նշխար,
Մի հրաշք աղջիկ իր շուրջն էր նայում...
Իմ սիրտն էր հուզվում...
Ես չեմ հավատում - աղջիկն էր ասում -
Անցնում է տարին, աշնան արցունքն է
Նորից այտերս ամպով լվանում,
Ամպերը հիմա ո՞ւր են շտապում,
Իմ գարունն հեռվում ի՞նչ է մտածում -
Ուզում եմ ծաղկել անմեղ ձեռքերում...
Քամու դաշնությամբ
Ծառերը իրենց սաղարթը դեղին
Շաղում են հողին -
Ես ու ծառերը սիրահարի պես
Նայում ենք իրար - աղջիկն է ասում -
Դաշտերով արձակ աշունն է վազում,
Ո՞ւմ ձայնն է փնտրում արեւամուտին...
Ես երազներս ուզում եմ ներկել
Ուրիշ գույներով,
Եւ քամու տենդը`
Աշնան հայացքին։
***
Դու` երգի նման մեղեդի լուսեղ,
Փայլանք ու ժպիտ արեգակնային -
Անունդ լույս է, անունդ շքեղ`
Սեր` արտասանված ու երազային։
Քեզ ինչպե՞ս գտնեմ, իմ մենավորիկ,
Մաշված իմ կյանքը երբեք չի օգնում,
Հոգուս մեջ ունեմ միայն մի գաղտնիք,
Այն էլ` անաղարտ սիրտս է թալանում...
Իմ համբերության նժարներն իրար,
Իրար չեն գալիս խղճի պես անզոր,
Իմ սեր, դու իմ հաց` ապրելու համար,
Փափագ ես անհաս` տենչանք հեռավոր։
Երբ տեսնում եմ քեզ, հոգիս է ճնշում -
Իմ խոսքերը քեզ չեն կարող հասնել,
Ես` ամաչկոտս, կորած մշուշում -
Լռության մեջ եմ հոգիս բանտարկել...
***
Ձայների մեջ ձայնս դարձավ
Ձայնի մշուշ, ձայնի փոշի
Ու թանձրացավ -
Եւ ձայներից արհամարհված`
Ահագնացավ,
Որ ամոքի սիրտս նեղված...
Արտում տեսա` մատղաշ ձյունը
Ծլարձակեց արտի աչքում -
Թեւավորներն եկան հեռվից.
Յոթ գույների երգեր բերին,
Յոթ գույների ծիածանը`
Դարձավ սիրո յոթնակամար`
Յոթնաշողիկ ծաղկեպսակ -
Արեւ ու սեր...
Սիրում եմ քեզ, դու չաղմկես,
Սիրտդ կառնեմ, ինձնով կանեմ,
Այս գարունը քոնն է` ինձ հետ -
Աղջիկն ասաց ու կարմրեց...
Գծագրվեց լույսի մի շող
Ու տագնապով սիրտս լցվեց -
Ես իմ ձայնն ու նրա ձայնը
Իմ հոգու մեջ պիտի պահեմ
Արեւատեսք,
Որ չդառնա ձայնի մշուշ...
***
Կանչիր, կգամ -
Շուրթերիդ մեջ մի չարչարի
Քո խոսքերը մեղրաբույր համ,
Ես դառնում եմ լուռ մտքաքամ -
Կանչիր, կգամ։
Իմ կարոտը` հույսով ծարավ,
Քո մեղմ ձայնն է ուզում լսել,
Աղաչում է իմ մորմոքը,
Քո փակ սիրտը բաց արա ինձ -
Կանչիր, կգամ։
Այսօր նորից հուսաբեկված,
Քո մտքերն եմ կարդում նորից -
Ի՞նչ ես հիմա դու անրջում,
Ախ, հեռու ես, ինչպես չլամ -
Կանչիր, կգամ։
Փափագս ինձ չի ամոքում,
Չի սփոփում` հանգստանամ -
Կուզեմ հասնել ես քո սիրուն
Եւ գիրկդ ընկնել գանձի նման -
Կանչիր, կգամ։
***
Հիմա այնպես, իրենց մաքուր հայացքով,
Դաշտ ու լեռներ մոտենում են դեպի ինձ,
Ես նրանցից խնդրելու եմ ուրիշ կյանք,
Նրանց շողուն ծիրանածիր արեւից։
Նրանց կապույտ սեգ մատյանից աղոթքի,
Շշուկներ են իմ սրտի մեջ կաթկթում -
Ունկ եմ դառնում ես ամեն մի հնչյունի,
Չմահանան` հոգուս մեջ եմ աղոթում։
Գագաթների պարզությունը ճեփ-ճերմակ,
Երազածին տողեր են ինձ պարգեւում,
Նրանք պարզ են` անանձնական մաքուր
Պարզությունը արեւներ չի վաճառում։
Իրիկուն է... հեռուները` թափանցիկ,
Հեռուները հեռանում են ինձանից,
Սակայն նրանք գալիս են ինձ ամեն օր
Եւ դառնում են տխուր հոգուս կարեկից։
***
Կապույտ երգեր են դաշտերում ապրում
Եւ քեզ օրորում, իմ կապույտ ծաղիկ -
Ի՞նչ ես անրջում,
Բախտ ես երազում ամառնամուտին,
Քո հարսնությունն են զարդարում հիմա
Ցորեն արտերը` հույսով երջանիկ...
Գարունն է լցրել լուսաբաշխությամբ
Սրտիկդ մաքուր,
Եւ շունչ, եւ կարոտ, եւ սեր ապրելու,
Եւ փայփայում է քո թարմությունը
Առավոտ կանուխ,
Որ սերդ ապրի առանց արտասուք...
Եթե ես հասնեմ քո կապույտ կանչին`
Հոգուս մորմոքը էլ չի հեկեկա,
Կտեսնեմ հաստատ
Քո լույս թերթերի բույրը հոսանուտ,
Իմ օրերի հետ, իմ օրերի մեջ
Կբաշխի ինձ սեր արեւաընծա...









Կարծիքներ
- Marine, 2 years 1 շաբաթ առաջ
Փողոցի մեղսեր, մեղսուհիներ չար
Կարոտել եմ Ձեր վայրի հմայքին...
Ինձ տվեցին փոքրիկ տեղ ու տարածք սիրո
Եվ ասացին ապրիր...
Իմ կարծիքով տաղանդավոր մարդու հետ գործ ունենք, լավ է, շատ լավ:
- Համբարձում, 24 շաբաթ 1 ժամ առաջ
Կամ թարմացրեք էջը, կամ եղածն էլ հանեք: Թե չէ դուրս ա գալիս, որ Վարդան Վանատուրից բացի էլ ուրիշ գրող չկա էս երկրում, որտեղ ամեն երկրորդը գրում ա:
Հայտնեք ձեր կարծիքը