Հրազդանում ռազբորկաներ են սկսվել

Սասունի թիմը քեֆ է արել

Սասուն Միքայելյան (լուսանկարը «Ֆոտոլուր»-ի)
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը փետրվարի 12-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո առաջին անգամ` երեկ «Ուրբաթ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ:

Թվելով Հրազդանում ընտրությունների օրը տեղի ունեցած որոշ կեղծիքներ` Միքայելյանը հայտարարեց. «Եվ այս ամենով հանդերձ, ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հրազդանի ազգաբնակչությանը եւ հատկապես այն 11.506 մարդուն, ովքեր քվեարկել են ոչ միայն Միքայելյան Սասունի օգտին կամ Միքայելյան Սասունի անձի համար, այլ էդ մարդիկ այդքան ճնշումների ներքո կարողացել են իրենց տեսակետը արտահայտել, չեն վախեցել ոչ մի բանից: Ես խոնարհվում եմ նրանց առաջ, որովհետեւ էդ մարդիկ մտահոգ են իրենց երեխաների ապագայի համար»:

Իսկ կեղծիքներից ազատամարտիկը առանձնացրեց այն, որ քվեարկողների անձնագրերի մեջ դրոշմակնիքներ չեն դրվել, մարդկանց կաշառք է բաժանվել, ահաբեկումներ են իրականացվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր անգամ բարեւել են Սասուն Միքայելյանին, ինչպես նաեւ ցուցակներում մարդկանց են ավելացրել: «Ես ձեզ մի քանի թիվ ասեմ` տեսեք. 2008 թվականի քաղաքապետի ընտրության ժամանակ Հրազդանում եղել է 41 հազար 600 ընտրող: Ընտրություններին մասնակցել է 21 հազար 467 մարդ: 2008թ. նախագահական ընտրություններին եղել է 41 հազար 200 ընտրող, մասնակցել է 25 հազար 567 ընտրող: 2012թ. քաղաքապետի ընտրություն` եղել է 43 հազար 874, մասնակցել է 25 հազար 480 մարդ, որը անհնար է Հրազդանում: Ստացվում է, որ Հրազդանում բնակչության թիվը ավելացել է, չնայած Հայաստանից արտագաղթ է եղել...Հա, սաղ երեւի ներգաղթում են Հրազդան, սաղ փախնում, գալիս են Հրազդան` ժողովուրդը: Ամեն ինչ ապահով ա, նորմալ ա»,- սարկազմով նկատեց Սասուն Միքայելյանը:

Լրագրողները փորձեցին պարզել, թե Սասուն Միքայելյանի թիմը ինչո՞ւ չի բողոքարկում ընտրությունների արդյունքները: «Ես չեմ ուզում շոու սարքել: Բողոքարկելը նշանակում է շոու, որովհետեւ ես էս պետության մեջ ո՞ւր դիմեմ: Ես ո՞ւմ դիմեմ, եթե ամբողջ պետությունն ինձ դեմ է եղել, ես դիմեմ էդ պետությանն ասեմ` ինձ արդարացրե՞ք կամ չեղյա՞լ համարեք ընտրությունները: Ես նորից եմ ասում` իմ մրցակիցը եղել է պետական կառավարման ողջ ապարատը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց նա: Անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությանը, թե Միքայելյանը եւս կաշառք է բաժանել, դրա համար չի բողոքարկում` ազատամարտիկը արձագանքեց. «Նախ` ինձ գումար որտեղի՞ց, որ ընտրակաշառք բաժանեի, կալանավոր մարդը փող ունի՞: Երկրորդն էլ, եթե ընտրակաշառք բաժանեի, պատկերացրեք, հենց առաջինը էդ մարդկանց կկալանավորեին, որովհետեւ ամեն ինչ անում էին, որ մի կեղտ, մի բան գտնեին, տղերքին կալանավորեին: ...Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին էլ փոխանցեք, որ հերիք է փողերով գործ անես, որոշ նորմալ մարդկանց էլ վարկաբեկես»:

Լրագրողները հարցրին, թե առաջադրվելուց առաջ Միքայելյանը չգիտե՞ր, որ պետական ապարատի դեմ է դուրս գալիս, եւ բոլոր միջոցներով պայքարելու են իր դեմ. «Այսինքն ինչ, նստեմ տո՞ւնը: Ես էս երկրի, պետության համար ամեն ինչ ներդրած մարդ եմ եղել եւ իմ ժողովրդի, իմ պետության համար մտածում եմ: ...Ես պայքարել եմ ու պայքարելու եմ, ես հասկանում էի, որ ինչքան էլ գումար դնեն, չեն կարողանա ինձ հաղթել, որովհետեւ ես էս տարիների ընթացքում իմ ծառայությունները մատուցել եմ ժողովրդին, ժողովուրդը իմ գնահատականը կտար: Եվ տվեց. այնտեղ կա մի թիմ` 12 հազարանոց, որը չվախեցավ ֆինանսական ճնշումներից, ահաբեկումներից»: Միքայելյանը պնդեց, որ չի հիասթափվել եւ պայքարելու է, քանի որ «մեկ ա` էս երկրում բան է փոխվելու»: «Պայքար է: Կգա մի օր, որ էս ամեն ինչը կվերանա: Չի կարող ձգվել, երկարաձգվել, եւ այս ահռելի չափերի հասնող արտագաղթը շարունակվել: Ես սրտացավ եմ եւ պայքարելու եմ, որ էս արտագաղթը կանգնի, մեր երկրում կարգուկանոն լինի, Սահմանադրությունը գործի եւ նման շատ բաներ: Ոչ ես եմ հիասթափվել, ոչ էլ էդ 12 հազար մարդը, ընդհակառակը` ավելի են ոգեւորվել, որ մենք կարողացանք գնալ ամբողջ պետական ապարատի դեմ եւ տանել նման հաղթանակ: Մենք հաղթել ենք, Արամին նշանակել են քաղաքապետ»,- ասաց նա եւ հավելեց, որ 3 օր առաջ իր 300 թիմակիցների հետ խնջույք է կազմակերպել. «Իսկ փողի բաժանման համար Հրազդանում պատերազմ է, ռազբորկա է գնում, թե ով ինչքան փող է վերցրել, ինչու էսքան քիչ ձայն եղավ, էս ոնց եղավ, որ Միքայելյան Սասունը էդքան ձայն հավաքեց: ...Նույնիսկ ասում են` կանչում փողը հետ են ուզում որոշ մարդկանցից: Իսկ փող վերցնողներն էլ փոշմանել են, որովհետեւ հիմա 4 տարի նորից պետք է էդ երջանիկ Հրազդանում ապրեն` երջանիկ քաղաքապետի գլխավորությամբ»:

Tags for Սասունի թիմը քեֆ է արել

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter