Թատրոնը շոու բիզնես չէ
Բայց այս անգամ էլ ամեն ինչ, ըստ էության, կարծես կլինի այնպես, ինչպես նախորդ տարիներին: Թատրոններից երեկ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այս տարի ամանորյա միջոցառումներում նորություն ու թարմություն մտցնելու համար, ասենք, շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավեն: Իմ դիմած բոլոր թատրոններից միանշանակ պատասխանեցին, որ բեմում լինելու են բացառապես իրենց դերասանները, եւ գրեթե բոլորը պնդեցին, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները թարմության աղբյուր չեն:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մամուլի պատասխանատու Վահե Մովսիսյանը, նշելով, որ Նոր տարվա իրենց ներկայացումը կոչվելու է «Մեծ անտառի զավակները», ասաց. «Շոու բիզնեսի ներկայացուցիչների ընդգրկված լինելը բացառված է: Դա բացարձակ թարմություն չէ: Ահավոր հնահոտություն է գալիս: Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ամեն տեղ կան: Դա նույնն է, կոպիտ ասեմ, թե մեր ավանդական «Հին աստվածները» ներկայացման մեջ ինչ-որ մեկին դրսից բերենք, ներմուծենք: Իսկ մանկական ներկայացումներն, ինձ թվում է, շատ ավելի խնամք, ձեռքի, հայացքի, մտքի անհրաժեշտություն են պահանջում, որովհետեւ գործ ունեն երեխաների հետ»: Այս թատրոնում վերջին մի քանի տարիներին առաջին անգամ է Ամանորի ներկայացում լինելու (դեկտեմբերի 27, 28, 29-ին), եւ տոմսն արժե 600 դրամ:
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանն էլ հայտնեց, որ իրենց «Բուրատինոյի արկածները» ամանորյա ներկայացումը կսկսվի դեկտեմբերի 22-ից եւ կշարունակվի մինչեւ 30-ը: Տոմսն արժե 500 դրամ: «Ոչ մի թատրոն չի համաձայնի հրավիրել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որովհետեւ տոմսերի գնի վրա դա կազդի եւ մատչելի չի լինի երեխաներին: Բացի այդ, դրա համար ինչ-որ առանձին պրոյեկտ պետք է կազմել: Թատրոնը, ինձ թվում է, թատրոնով պիտի զբաղվի, շոու բիզնեսը` շոու բիզնեսով»,- ասաց Էդգար Բադալյանը: Բայց ահա այս թատրոնում Ձյունանուշի դերում հանդես կգա դերասանուհի Քնարիկ Զաքարյանը, որը նաեւ «4 տարբերակ» խմբի երգչուհիներից է: Ձմեռ պապ լինելու է ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը:
Համազգային թատրոնում մանուկների համար «Ձյունե թագուհին» ներկայացումն են նախապատրաստել, որի տոմսի արժեքը կլինի 700 դրամ (օրերը` դեկտեմբերի 24-30): Իսկ ահա Ձմեռ պապն ու Ձյունանուշը կշրջեն թատրոնի նախասրահում: Բայց թե հատկապես որ դերասաններն են վերածվելու «սառը մարդկանց», դեռեւս որոշված չէ: «Մենք ունենք մեր դերասանները, ինչո՞ւ պետք է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրենք: Նրանք ամեն տեղ կան, եւ առանձնապես մեծ թարմություն չէ դա»,- նկատեց Համազգային թատրոնի թատերախմբի ղեկավար Գայանե Անդրեասյանը:
Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում եւս չեն մտածում, իրենց դերասաններից բացի, այլ դեմքերի ներգրավել Տոնածառի միջոցառումները կազմակերպելու համար: Այստեղ չհամաձայնեցին, որ թատրոններում ամեն տարի նույնատիպ ու նույնաոճ ամանորյա հանդեսներ են լինում: «Մենք մեր թատրոնն ունենք, մեր դերասանական կազմը, բալետային բաժին եւ այլն: Ի՞նչ գործ ունենք շոու բիզնեսի հետ»,- ասաց թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Սուսաննա Կարապետյանը: Կոմեդիայի թատրոնում ամանորյա ներկայացումները կմեկնարկեն դեկտեմբերի 24-ից: Իսկ թե մինչեւ երբ կշարունակվեն, կախված է տոմսերի իրացման ծավալներից: Տոմսն արժե 700 դրամ, ի դեպ` 100 դրամով ավելի թանկ, քան նախորդ տարի: Նշված թատրոնների պարագայում սա միակ թանկացումն է:
Իսկ ի՞նչ են անելու շոու բիզնեսի աստղերը Ամանորի տոներին: Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանն, օրինակ, ասաց, որ դեկտեմբերի 30-ին Ռազմիկը մեկնելու է Մոսկվա: Այնտեղ նա երգելու է «Երեւան» ռեստորանում: «Արդեն քանի տարի է` ունենում ենք հրավերներ, դուրս ենք գնում: Էլի մեր հայերի համար, բայց այնտեղ, էլի»,- նկատեց պրոդյուսերը:
Իսկ ահա երգիչ Անդրեն, ըստ ամենայնի, ելույթ կունենա Հանրապետության հրապարակում քաղաքապետարանի կազմակերպելիք համերգի ընթացքում:
«Կարծում եմ` Հրապարակում որ մեծ համերգ լինելու է, այդտեղ կմասնակցի: Մնացածը դեռ կոնկրետ չգիտեմ, ճիշտն ասած: Հրավերք ունի, ուղղակի պետք է պայմանավորվենք հետները: Դեռ կոնկրետ ոչ մի բան չկա»,- ասաց Անդրեի քույրը` Անուշը, որը նաեւ երգչի պրոդյուսերն է: Իսկ թե Նոր տարվա հատկապես ինչ միջոցառումներ է կազմակերպելու Երեւանի քաղաքապետարանը, երեկ այստեղից չասացին: Խոստացան այդ թեմայով մանրամասներ հայտնել այսօր կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ:









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը