Երեւանը Վիեննա չէ

Զարմանանք միասին

Մեզ` հայերիս մոտ թանկ Նոր տարի «անելը» ավանդույթ է դարձել: Նույնպիսի ավանդույթ է այդ նույն թանկությունից դժգոհելը: Այսինքն` համ դժգոհում ենք, համ էլ մեծ ծախսեր անում:

Սա, վստահաբար կարելի է ասել, հայկական ֆենոմեն է: Նույնիսկ չեղած տեղից մեծ ծախսեր անելու մեր պատրաստակամությունը ստիպում է մեզ նաեւ մի տեսակ հանդուրժել նախաամանորյան օրերին գների կտրուկ աճը: Հետաքրքիր է, թե ինչպիսին են գները նախաամանորյա օրերին, ասենք, Եվրոպայում: Դա պարզելու համար խնդրեցի Ավստրիայի մայրաքաղաքում ապրող լավ բարեկամիս մի կես ժամ անցկացնել մի որեւէ միջին վիճակագրական սուպերմարկետում եւ մի քանի ապրանքների գներ արձանագրել: Ընդ որում` այնպիսի ապրանքների, որոնք նույնությամբ կան նաեւ մեր խանութներում: Բարեկամս, ահա, կատարեց իմ խնդրանքը, ու չէի կարող պատկերացնել, որ նրա արձանագրած գները կարող են, մեղմ ասած, զարմացնել: Եւ ուրեմն զարմանանք միասին: Սկսենք զարմանալ խոզի բդի գնից: Ավստրիացիները, ինչպես նշում է բարեկամս, խոզի բուդը կուռք չեն դարձնում: Այդուհանդերձ, խոզի բուդը հենց այդպես վաճառվում է սուպերմարկետում, եւ գինն էլ 3.9 եվրո է` մեկ կիլոգրամի դիմաց, այսինքն` 2 հազար 145 դրամ:

Սա գինն է սուպերմարկետում: Կան խանութներ, որտեղից նույն խոզի բդի մեկ կիլոգրամը կարելի է գնել 2.99 եվրոյով, այսինքն` 1595 դրամով: Մեզանում կուռք դարձած խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը սուպերմարկետում արժե 2.39 եվրո` 1345 դրամ: Անցնենք «զակուսկիին»: Հասկանալի է, որ Վիեննայի սուպերմարկետներում բաստուրմա ու սուջուխ չկա, ուստի բարեկամս արձանագրել է ընտիր սալյամիի եւ նույնքան ընտիր խոզապուխտի գինը: Սալյամիի մեկ կիլոգրամը, ուշադրություն դարձրեք, մեկ կիլոգրամը եւ ոչ թե «պալըչկեն», արժե 10 եվրո` 5500 դրամ: Խոզապուխտի մեկ կիլոգրամը 12 եվրո` 6600 դրամ: Անցնենք խմիչքին: Չոր գինու մեկ շշի գինը սկսում է 2 եվրոյից` 1100 դրամից: Ընտիր գինու վաճառքի գինը սկսում է 4 եվրոյից` 2200 դրամից: Ֆրանսիական «Bordeaux Kressmann» գինին արժե 4.29 եվրո` 2360 դրամ: Օղի խմելը Ավստրիայում այնքան էլ ընդունված չէ, այդուհանդերձ, սուպերմարկետում կա օղի` լավ օղի: «Smirnoff»-ի մեկ շշի գինը կարող է հասնել մինչեւ 15 եվրոյի` 8250 դրամի: Բայց, կրկնենք, որ օղին Վիեննայի սուպերմարկետում ընկալվում է ոչ թե լայն սպառման ենթակա խմիչք, այլ ավելի շուտ էկզոտիկա: Հասանք չարազին: Ամենաընտիր, մաքրած ընկույզի մեկ կիլոգրամն արժե 6 եվրո` 3300 դրամ: Պնդուկի մեկ կիլոգրամը 8 եվրո է` 4400 դրամ: Բադամի մեկ կիլոգրամը 10-ից 12 եվրո` 5500-ից 6600 դրամ: Սովորական չամիչի մեկ կիլոգրամը Վիեննայի սուպերմարկետում վաճառվում է մեկ եվրոյով` 550 դրամ: Կա նաեւ ավելի թանկ մեծ ու սպիտակ չամիչ: Երբ բարեկամս փորձել է ճշտել այդ չամիչի գինն ու տեսակը, սուպերմարկետում այն ներկայացրել են որպես «հայկական չամիչ», իսկ գինը եղել է 4 եվրո` 2200 դրամ: Ավելի ուշ բարեկամս պարզել է որ իրականում չամիչը թուրքական է: Սա հենց այնպես: Ամանորի հայկական սեղանը պատրաստելու համար մեր տնային տնտեսուհիները այլ մթերքներ էլ են օգտագործում: Օրինակ կաթ: Կաթի մեկ լիտրը Վիեննայի սուպերմարկետում արժե 0.75 եվրո` 412 դրամ: Վիեննայում նույնիսկ մածուն կա, որի մեկ կիլոգրամը 1.2 եվրո է` 660 դրամ: 250 գրամանոց թթվասերը արժե 0.8 եվրո` 440 դրամ: Դեղին պանիրը, որին մենք ավելի հաճախ «շվեյցարական» ենք անվանում, արժե 6-ից 15 եվրո` 3300-ից 8250 դրամ: Կարելի է ճարել նաեւ սպիտակ աղի պանիր, որը մոտ է մեր սովորական պանրին, որի գինը սկսում է 7 եվրոյից` 3850 դրամից: Ի դեպ, այս պանիրը վաճառում են ավստրիաբնակ թուրքերը: Սոխի մեկ կիլոգրամը սուպերմարկետում արժե 0,7 եվրո` 385 դրամ: Սխտորի մեկ կիլոգրամը` 4 եվրո է` 2200 դրամ: Վարունգը, բիբարը, պոմիդորը վաճառվում են 1.5-ից 3 եվրոյով` 825-ից 1650 դրամով: Կարտոֆիլի մեկ կիլոգրամը 0.5 եվրո է` 275 դրամ: Մեկ հատ ձուն միջինը 0.2 եվրո է` 110 դրամ: Համեմատությունները հայաստանյան գների հետ չենք բերում, քանի որ նշված ապրանքների գները, մանավանդ այս օրերին անգիր գիտի յուրաքանչյուր հայաստանցի: Եւ ուրեմն` ի±նչ է ստացվում: «Թանկ ու կրակ» Եվրոպայում մեզ համար ամենասովորական ապրանքները գրեթե նույն գինն ունեն, ինչ Հայաստանում: Բայց կոնկրետ Ավստրիայում միջին աշխատավարձը մոտ 1400 եվրո է` 770 հազար դրամ, այն դեպքում, երբ Հայաստանում պաշտոնապես 179 եվրո է` 98 հազար 992 դրամ, կամ մոտ 8 անգամ պակաս: Սրանով կարելի էր ավարտել այս թեման, եթե չլիներ եվրոպական գների հետ ամենահետաքրքիր համեմատությունը: Խոսքը իհարկե բանանի մասին է, որը շատ ու շատ ընտանիքների համար էկզոտիկա է ու Նոր տարվա յուրօրինակ խորհրդանիշ է դարձել: Հայաստանում բանանի մեկ կիլոգրամը այս օրերին վաճառվում է հազար դրամով, կամ մեկ հատը` 150-200 դրամ` կախված չափերից: Եվրոպայում մեկ հատ բանանի գինը առավելագույնը 10 եվրոցենտ է, կամ 55 դրամ: Այսինքն` Եվրոպայում բանանը 4 անգամ էժան է: Այսպիսի տարբերություն ուրիշ որեւէ ապրանքի պարագայում չկա: Բանանի ներկրումը արդեն տարիներ շարունակ վերահսկում է ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ, ներկայումս «Գրիար» ընկերության ղեկավար Գրիգոր Հարությունյանի զարմիկը: Բանանի ներկրման վերահսկողությունը այնքան եկամտաբեր բիզնես է, որ Հարությունյանն ու Պողոսյանը հաջողացրեցին հիմնել «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը: Ու հիմա վերածվել են գործող ռեժիմի ֆինանսական նշանակալից սպասարկուների: Ահա թե ինչու Հայաստանում աշխատավարձը 8 անգամ ցածր է, քան Եվրոպայում, իսկ գները` ավելի բարձր:

Tags for Զարմանանք միասին

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter