ԱՍԵԼԻՔ ՉԿԱ
Սերժ Սարգսյանի գովքը օրնիբուն անող, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նորահայտ կողմնակից պաշտոնյաներն ու «քաղաքական գործիչները» խոսում են ամեն ինչից, բացի սահմանի բացման տնտեսական հետեւանքներից: Ամենաթարմ օրինակը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նա երեկ մասնակցել է հայ-թուրքական հարաբերությունները եւ միջսահմանային ռեգիոնալիզմը թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո: Միջոցառումը կազմակերպել էին ԱՄՆ առեւտրային պալատը եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը: Տիգրան Սարգսյանի համար մի հրաշալի հնարավորություն էր ստեղծվել զբաղվել իր սիրած գործով` երկարաշունչ դասախոսություն կարդալ: Եւ նա կարդացել է, ելույթն էլ եղել է երկարաշունչ: Վարչապետի ամբողջ խոսքը նվիրված է եղել է Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթին: Նա նույնիսկ ընդարձակ մեջբերումներ է արել այդ ելույթից: Բայց ասել, թե վարչապետի խոսքում ընդհանրապես չի շոշափվում տնտեսության թեման, թերեւս, սխալ կլինի: «Հասարակական տրամադրությունների ներքո, բնականաբար, ձեւավորվում են նաեւ բիզնես-էլիտայի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ: Չափազանց կարեւոր է, թե տնտեսվարող սուբյեկտները ինչ սպասումներ ունեն, եւ այդ սպասումներից ելնելով էլ նրանք պատրաստ կլինեն իրականացնել ներդրումներ: Գաղտնիք չէ, որ մեծածավալ ներդրումներ իրականացվում են միշտ հաշվի առնելով առկա ռիսկերը: Այդ ռիսկերը ոչ միայն տնտեսական են, այլեւ քաղաքական: Պատահական չէ, որ բոլոր միջազգային կազմակերպությունների համար մեր երկրի վարկանիշը, վարկունակությունը ունի տնտեսական բովանդակություն, որի շնորհիվ մենք հայտնվում ենք աշխարհի ֆինանսական քարտեզի վրա: Այդ վարկանիշերն իրենց մեջ պարունակում են քաղաքական ռիսկի էլեմենտը, եւ այն մեծ տեսակարար կշիռ ունի տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների համար: Ինչո՞ւ եմ այս թեզը առաջ քաշում, որովհետեւ կողմնակից եմ, որ անկախ նրանից, թե քաղաքական հարթությունում ինչպիսի միջավայր է ձեւավորվում, անհրաժեշտ է, որ լինի նաեւ հասարակական ընկալում, հասարակական առաջընթաց, եւ մեր երկու երկրների ժողովուրդների առողջ տարրերը պետք է առաջնորդեն հասարակություններին եւ իրենց տեսակետները տարածեն»,- ասում է ՀՀ վարչապետը: Սա այն փոքրիկ հատվածն է, որը երեւի թե կապ ունի տնտեսության հետ: Այս խոսքից միայն մոտավորապես կարելի է կռահել, թե նա ինչ է ուզում ասել, բայց կռահելուց հետո էլ հաստատ կկասկածես, թե ճիշտ ես կռահել: «Հասկանալի է, որ այդ ուժերին աջակցելու համար մենք մեծ անելիք ունենք: Հակառակ դեպքում այդ ուժերը կարող են հայտնվել փոքրամասնության մեջ, եւ մեր տնտեսական, ինչպես նաեւ հասարակական, մշակութային հարաբերությունները չեն կարող ունենալ լուրջ առաջընթաց»,- ենթադրաբար տնտեսությանը վերաբերող հատվածը ավարտում է վարչապետը: Այսպիսով մեր հանրությանը ոչ մի կերպ չի հաջողվում իմանալ, թե, հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված, ինչ կանխատեսումներ եւ ինչ սպասումներ ունի մեր տնտեսության վերաբերյալ երկրի տնտեսության թիվ մեկ պատասխանատուն` վարչապետը: Սա կարծես արդեն ձեռք է բերում պետական գաղտնիքի կարգավիճակ: Իսկ ահա թուրքերը որեւէ բարդույթ չունեն խոսելու իրենց կանխատեսումների ու սպասումների մասին: Թուրքիան վերջին 30 տարում հսկայական տնտեսական թռիչք է արձանագրել, եւ այդ գործընթացը մինչ օրս էլ շարունակվում է: Այս մասին երեկ նույն միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Գյուվեն Սակը, որը եւս մասնակցել է համաժողովին: «Եթե 1980 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ն կազմում էր 70 միլիարդ դոլար, ապա 2008-ին այդ թիվը հասել է 700 միլիարդ դոլարի: Արտահանումը 1980-ին եղել է 3 միլիարդ դոլար, իսկ 2008-ին արդեն հասել է 132 միլիարդի: Բացի այդ` եթե 1980-ին արդյունաբերությունը զարգացած էր միայն արեւմտյան քաղաքներում, հիմնականում Ստամբուլում, ապա հիմա արդյունաբերական կենտրոններ են դարձել նաեւ արեւելյան քաղաքները, այդ թվում՝ Բուրսան, Ադանան, Մերսինը եւ այլն: Դա հանգեցրել է նրան, որ քաղաքային բնակչության տոկոսը 25-ից դարձել է 75: Թուրքիան կտրուկ մեծացրել արտահանումը, եւ ներկայումս տարածաշրջանում արտահանման ծավալով հետ է մնում միայն Ռուսաստանից.... Թուրքիայի բիզնես համայնքը շահագրգռված է տարածաշրջանային ինտեգրմամբ՝ ոչ միայն Հայաստանի հետ: Մենք մեծացնում ենք արտահանումը բոլոր հարեւան երկրներ: Հայաստանն այդ առումով եւս կարեւոր է, քանի որ դա ճանապարհ է բացում դեպի Ռուսաստան եւ Միջին Ասիայի երկրների շուկաներ...»,- հպարտորեն ասում է Գյուվեն Սակը: Ինչ պիտի սրան հակադարձեր ՀՀ վարչապետը` ասեր, որ Հայաստանն էլ է վերջին տարիներին «հսկայական տնտեսական թռիչք» արձանագրել, ծիծաղելի կհնչեր, որովհետեւ մեր վերջին տարիների երկնիշ տնտեսական աճերին նույնիսկ Տիգրան Սարգսյանը արդեն չի հավատում: Ասեր, թե Հայաստանն էլ է «մեծացնում արտահանումը», էլի ծիծաղելի կհնչեր: Դա է պատճառը, որ մերոնք ասելիք չունեն, ու ստիպված Սերժ Սարգսյանի գովքն են անում` նույնիսկ դասախոսություններով: Իսկ թե ինչ է սպասվում մեր տնտեսությանը սահմանի բացման արդյունքում, դիվանագիտորեն ներկայացրել է նույն միջոցառմանը մասնակցող Մարի Յովանովիչը: «Շատերն ասացին, որ սահմանի բացման դեպքում շատ ընկերություններ կփակվեն, եւ այդ բոլոր խնդիրները պետք է հաշվի առնել, չթերագնահատել մարտահրավերները եւ ամեն ինչ անել կարճաժամկետ վնասները հաղթահարելու համար: Սակայն ակնհայտ է, որ, խոշոր հաշվով, սահմանի բացման դրական հետեւանքներն ավելի շատ են»,- ասել է դեսպանը:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը