Հայաստանի բույրերը
Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում: Ասում են` աշունը ամենուր է թախծոտ: Բայց ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա: Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, եւ այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր: Սա փոխաբերություն չէ, սա իրականություն է. մլլացող խաշամից է թախիծը բուրում: Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, որտեղ մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը: Խաշամը դժվար է այրվում, եւ որպես կանոն` կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ ու թախիծի բույրով ներկում մթնոլորտը:
Մի ժամանակ գիտեի, թե այսպես միայն գյուղերում է. բայց ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով: Հիմա աշուն է, եւ եթե դուք Հայաստանում եք, երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, եւ ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով: Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում: Թե չէ` ո՞վ է խաշամ այրում Երեւանի կենտրոնում: Կամ գուցե խաշամը ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից:
Մլլացող խաշամը թախիծի բույր ունի: Սա աշնան բույրն է` Հայաստանի աշնան բույրը:
Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ` բույրեր: Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, եւ փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե ՞ դեռ ոչ: Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով:
Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող: Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է: Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են: Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման` երկինքը պատելով թախիծի բույրով: Եւ ծուխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում, միայն երբ բռնկվում է խաշամը: Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը: Հնարավոր չէ մարել այդ կրակը: Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար: Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի թեթեւ քամի: Իսկ մինչ այդ` խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, եւ թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը: Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից...
Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը:
Հաջորդը խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի, թե անմարդաբնակ: Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները: Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այդպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը: Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ...
Հաջորդը` ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը: Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսեւորումների բույրը: Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք: Այսպես բուրում են նաեւ մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար:
Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես...
Մարտ 18, 2008








Կարծիքներ
- Araks, 1 year 23 շաբաթ առաջ
Կարդալուց հետո առնվազն 5 րոպե մտածեցի ինչ խոսքերով արտահայտեմ հուզումս ու հիացմունքս...որ ասես Նիկոլը հոգուցս բառեր վերցրած ու սա գրած լիներ...չգտա բառերը...
- aaa, 1 year 4 շաբաթ առաջ
Taxandavor xosqer en u shat gexecik
Հայտնեք ձեր կարծիքը