Թվաբանությունից` 2

Թվերի հետ խաղ չեն անում

Այս հանգստյան օրերին Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում նրա արտահայտած մի քանի մտքեր լավագույն օրինակ են, ցույց տալու համար, թե ինչեր կարելի է անել հասարակ թվախաղի օգնությամբ:

«...Անցած ինն ամիսների ընթացքում մեր երկրում 4.8 տոկոս է գնաճ արձանագրվել, ...այդ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է 8 տոկոսով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Ինչ է ստացվում այս ասածից: Ստացվում է, որ հայաստանցիների եկամուտներն ավելի արագ են աճում, քան գները, եւ, հետեւաբար, մարդիկ գնալով հարստանում են: Սերժ Սարգսյանի մատնանշած թվերին այս տեսանկյունից նայելու դեպքում կստացվի, որ մենք` հայաստանցիներս, այս տարվա ընթացքում հարստացել ենք ավելի քան 3 տոկոսով: Եթե, ասենք, Գերմանիան, Մեծ Բրիտանիան կամ Նորվեգիան կարողանան ապացուցել, որ ընդամենը մեկ տարվա այդ երկրներում բնակչությունը հարստացել է 3 տոկոսով, ապա դա մի քանի ամիս կլինի աշխարհի ամենաառաջատար հեռուստաընկերությունների TOP նորություններից մեկը: Իսկ դրանից ուղղակիորեն հետեւում է, որ մենք դժգոհելու տեղ չունենք. ճիշտ է, ապրանքները թանկացել են 4.8 տոկոսով, բայց աշխատավարձերը հո բարձրացել են 8 տոկոսով: Էլ ի՞նչ եք դժգոհում` թանկացավ հա թանկացավ: Նախ` երեւի Սերժ Սարգսյանին չեն բացատրել, թե ինչ բան է գնաճ եւ ինչպես է այն պետք ներկայացնել: 4.8 տոկոս գնաճի ցուցանիշ իրոք կա, բայց դա այն դեպքում, երբ այսօրվա գները համեմատում ենք անցած տարվա դեկտեմբերի գների հետ: Այս համեմատությունը չի կարելի ներկայացնել իբրեւ «անցած ինն ամիսների ընթացքում» արձանագրված գնաճ: Գնաճը ներկայացնելիս պետք է կամ համեմատել այս տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, կամ էլ, որն ամենամոտն է իրականությանը, տվյալ ամիսը համեմատել անցած տարվա նույն ամսվա հետ: Այդ դեպքում թվերը կլինեն բոլորովին այլ: Այսպես. այս տարվա առաջին 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ մեր Ազգային վիճակագրական ծառայության, գնաճը կազմել է 7.8 տոկոս: Իսկ եթե համեմատենք այս տարվա սեպտեմբերը անցած տարվա սեպտեմբերի հետ, ապա գնաճը կլինի 8.6 տոկոս: Ստացվում է, որ այս տարվա սեպտեմբերին, ի հեճուկս Սերժ Սարգսյանի «հաշվարկի», մեր բնակչությունը աղքատացել է 0.6 տոկոսով: Բերենք մի քանի թվեր Ազգային վիճակագրական ծառայության ամփոփագրերից, հասկանալու համար, թե 8 տոկոսով ավելի աշխատավարձ ստացած մեր բնակչությունը որքան է աղքատացել միայն այս տարի: ԱՎԾ-ի տվյալներով, անցած տարի սեպտեմբերին կարտոֆիլը Երեւանում արժեր 127 դրամ, այս տարվա սեպտեմբերին` արդեն 263: Այսինքն, միջին հայկական ընտանիքը միայն կարտոֆիլի վրա այս տարվա սեպտեմբերին ծախսել է ավելի քան 2 անգամ շատ գումար, քան անցած տարվա սեպտեմբերին: Ընդ որում, սա արձանագրում է այն ԱՎԾ-ն, ըստ որի այս սեպտեմբերին անցած սեպտեմբերի համեմատ հացը թանկացել է ընդամենը 9 տոկոսով: Այսինքն, անցած սեպտեմբերին 100 դրամանոց հացը, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա սեպտեմբերին արժեր 109 դրամ: Իրականում հացը, որը անցած տարվա սեպտեմբերին արժեր 100 դրամ, այս տարվա սեպտեմբերին արդեն արժեր 125 դրամ առնվազն. հացը իրականում թանկացել է ավելի քան 25 տոկոսով: Ուրեմն միայն հացի վրա մեր բնակչությունը անցած տարվա սեպտեմբերի համեմատ ծախսել է 25 տոկոս ավելի գումար, կարտոֆիլի վրա` կրկնակի, ու, ըստ Սերժ Սարգսյանի, մեր բնակչությունը այս ընթացքում հարստացել է ավելի քան 3 տոկոսով: Ցնցող թվաբանություն է անում Սերժ Սարգսյանը: Վերջինս նույն օրը այցելել էր Սամվել Ալեքսանյանին` Լֆիկին պատկանող նորակառույց շաքարի գործարան, որը գտնվում է Ախուրյանում: «Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետև Ախուրյանի գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու եւ ավելի էժան, քան արտերկրում արտադրված շաքարը»,- ասել է Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Սրանից մեկ օր անց` հոկտեմբերի 24-ին մեկ պարկ շաքարավազի մեծածախ գինը թանկացել է եւս 200 դրամով` 15 հազար 600 դրամից հասնելով 15 հազար 800 դրամի: Իսկ «ավելի էժան» շաքարավազի մասին խոսելիս Սերժ Սարգսյանը գիտե՞ արդյոք, որ Հայաստան ներկրվող եւ մեր խանութներում 340 դրամով վաճառվող շաքարավազի յուրաքանչյուր կիլոգրամի մաքսային արժեքը, ըստ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական փաստաթղթերի, չի անցնում 120 դրամը: Այսինքն, Ախուրյանի շաքարի գործարանը արտադրելու է շաքարավազ, որը կարող է արտահանել 120 դրամ մաքսային արժեքով: Գործարանն արդեն արտադրանք է տալիս, եւ արդեն մի խմբաքանակ արտահանվել է: Կգա ժամանակը, եւ ԱՎԾ-ն ու մաքսայինը կհրապարակեն պաշտոնական տվյալներ, եւ կտեսնենք, թե ինչ գնանոց շաքարավազ է ստացվում մեր շաքարի գործարանում: Բա որ հանկարծ ստացվի, որ հայկական շաքարավազի մեկ կիլոգրամի գինը ստացվում է ոչ թե 120 դրամ, ինչպես այսօր ներկրվողը, այլ, ասենք, 230 դրամ, Սերժ Սարգսյանը կհայտարարի՞ արդյոք, թե իր սպասումները չեն իրականացել, որ իրեն սխալ հաշվարկ են ցույց տվել, որ մեր շաքարավազը մրցունակ չէ, կամ այսօր ներկրվող շաքարավազի մաքսային արժեքը դիտավորյալ է ցածր ցույց տրվում, որպեսզի դրա միանձնյա ներկրողը` Սամվել Ալեքսանյանը քիչ հարկեր վճարի: Այս ամենը կերեւա շատ շուտով: Իսկ թվերի հետ այսպիսի մանիպուլյացիաներ անել չի կարելի` այդ մանիպուլյացիաները վաղ թե ուշ բացահայտվում են:

Tags for Թվերի հետ խաղ չեն անում

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter