Հանրահավաքը պետք է կայանա Ազատության հրապարակում

Վերջին երկու օրերին քննարկվող թիվ մեկ թեման է` ի՞նչ է որոշելու Հայ ազգային կոնգրեսը. սեպտեմբերի 17-ին հրավիրված հանրահավաքն անցկացնելու է Ազատության հրապարակո՞ւմ, թե Մատենադարանին հարող հրապարակում: Ըստ որոշ գնահատականների, սա այն բացառիկ դեպքերից է, երբ հանրահավաքի անցկացման վայրն ավելի կարեւոր է, քան նույնիսկ ասելիքը: Ավելի ճիշտ` ինչ-որ առումով հանրահավաքի վայրի ընտրությունից է կախված ասելիքը: Դեռեւս հուլիսի 28-ին սեպտեմբերի 17-ի հանրահավաքի անցկացման վայր էր հայտարարվել Ազատության հրապարակը: Համենայնդեպս քաղաքացիների, ակտիվիստների մեջ կասկած չկար, որ 2008-ի Մարտի 1-ից հետո առաջին անգամ այդ օրը հանրահավաք է անցկացվելու Ազատության հրապարակում:

Նախօրեին քաղաքապետարանը որոշել է արգելել ՀԱԿ-ի հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում` պատճառաբանելով, որ այնտեղ այդ օրը այլ միջոցառում է նախատեսվում: Ու այդ պատճառով Կոնգրեսում քննարկումներ են սկսվել` անտեսել քաղաքապետարանի ապօրինի որոշումը եւ ամեն դեպքում մտնել Ազատության հրապարա՞կ, թե՞ հանրահավաքն անցկացնել Մատենադարանում, որտեղ առաջարկել է Քաղաքապետարանը: «Հանրահավաքը պետք է կայանա հենց Ազատության հրապարակում»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի Գյումրիի շտաբի ղեկավար, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանը, իր տեսակետը հիմնավորելով այսպես. «Եթե անգամ Կոնգրեսի կողմից գերնպատակ չէր Ազատության հրապարակ մտնելը, այնուամենայնիվ դա մեր հաղթանակին հասնելու ճանապարհին կարեւոր գրավականներից մեկն է: Ազատության հրապարակ մտնելը նաեւ մեր հասարակության` հատկապես ընդդիմադիր զանգվածի համար հոգեբանական կարեւոր նշանակություն ունի: Իմ կարծիքով` անկախ արգելքից, Ազատության հրապարակ մտնելը ճիշտ է: Իհարկե, ոստիկանության հետ բախումները չեն բացառվում, հատկապես շատ լավ իմանալով, թե ինչ բիրտ ուժի հետ գործ ունենք` ի դեմս հայաստանյան իշխանությունների, բայց այդ քայլն, այնուամենայնիվ, պետք է անել: Ես սա միայն իմ անունից չեմ ասում, մեզ մոտ, գիտեք, ամեն օր տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունենում, այդ թվում հանրահավաքի հետ կապված: Բացարձակ մեծամասնությունն այն կարծիքին է, որ Ազատության հրապարակում անցկացնելը ճիշտ է: Չնայած չեմ կարծում, որ Ազատության հրապարակում չանելու դեպքում հիասթափվողներ կլինեն, Լուսնի վրա էլ որ լինի, հանրահավաքին մասնակցողը անպայման մասնակցելու է»,- ասաց Զաքարյանը:

Կոնգրեսի ներկայացուցիչ քաղաքական գործիչների եւ երիտասարդ ակտիվիստների մեջ նման տեսակետ ունեցողներ երեկ շատ կային, սակայն կային նաեւ հակառակ տեսակետի կողմնակիցներ: Ի տարբերություն Աշոտ Զաքարյանի` մյուսները չէին ցանկանում իրենց կարծիքը հստակ արտահայտել, քանի որ սպասում էին Կոնգրեսի որոշմանը: ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանի կարծիքով` «Հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում, թե ոչ» հարցին պետք է նայել այն տեսանկյունից, թե պայքարի այս փուլի համար որ տարբերակն է հարմար. «Բոլորի համար ակնհայտ է, որ երկուսուկես տարի է իշխանությունը Ազատության հրապարակը պահպանում է իր աչքի լույսի պես, Ազատության հրապարակը դարձել է իշխանության պարտության խորհրդանիշը, նրանք հոգեբանորեն դա այդպես են ընկալում: Դա հասարակության համար էլ է այդպես: Այդ պատճառով այսօր Ազատության հրապարակ մտնելու մասին ձեր հարցը հավասարազոր է այն հարցադրմանը, թե պե՞տք է գնալ Բաղրամյան, թե՞ ոչ: Ես կարծում եմ` այո կամ ոչ պատասխան տալը այդ հարցին դժվար է, որովհետեւ խնդիրն այն չի, թե դու մտնում ես Ազատության հրապարակ, թե չես մտնում, խնդիրն այն է, թե քո քաղաքական հաշվարկներում, էս փուլում պայքարի որ ձեւն է ավելի էֆեկտիվ, որ գործողությունն է մոտեցնելու գլխավոր խնդրի լուծմանը: Եթե որոշվել է, որ սա պայքարի վերջնական փուլն է, պետք է մտնել այնտեղ, իսկ եթե ոչ, սա չպետք է դիտվի Բաստիլի գրավում»,- ասաց Աբրահամյանը: ՀՀՇ փոխնախագահը չի կարծում, թե Ազատության հրապարակ չմտնելու պարագայում հիասթափվողներ կլինեն, քանի որ, ըստ նրա, «հասարակությունը գնահատում է ոչ թե քաղաքական ուժի արտաքին ռիսկի ցուցադրությունը, արկածախնդրությունը, այլ իմաստնությունն ու ծանրակշիռ որոշումը»: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համամիտ է Աբրահամյանի այն տեսակետի հետ, որ Ազատության հրապարակ պետք է մտնել այն պարագայում, եթե Կոնգրեսը տրամադրվել է գնալ վճռական քայլերի. «Իսկ եթե հերթական հանրահավաք պետք է լինի, կարծում եմ որեւէ բանով չի խանգարում, եթե Մատենադարանում անենք ու չգնանք առճակատման` մարդկանց ներքաշելով ոստիկանության հետ բազարների մեջ»,- ասաց նա: ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանն էլ հայտարարեց, թե իր կարծիքով, քանի որ Ազատության հրապարակը ժողովրդի ազատության սիմվոլն է, ապա ժողովուրդը երբ որոշի, կարող է այնտեղ հանրահավաք անել: Իսկ թե այս անգամ ինչ է որոշել ժողովուրդը, Մինասյանը դեռ չգիտի: ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, Ազատության հրապարակ մտնելու օրն ու ժամը կարեւոր չեն, քանի որ դա մի օր լինելու է: «Ես վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին մենք հիասթափության առիթ չենք տա մեր ժողովրդին, հանրահավաքը կլինի եւ մարդաշատ, եւ բովանդակությամբ շատ հետաքրքիր, եւ միգուցե համատեղ որոշում կայացնենք, դա կախված է նրանից, թե ինչքան մեր ժողովուրդը ակտիվ կլինի: Մենք բոլորս կողմ ենք Ազատության հրապարակ մտնելուն, բայց ինչպես գիտեք` մերժումը կա»,- ասաց Սարգսյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով ընդդիմությունը չպետք է մտնի Ազատության հրապարակ, քանի որ դա կլինի անօրինական քայլ. «Ընդդիմությունը ժամանակ ունի այդ որոշումը վիճարկել դատարանում, այդ դատերը կլինեն բաց եւ թափանցիկ, եւ դատարանի որոշումից կախված` ընդդիմությունը կարող է իր օրինական քայլերը անել»,- ասաց նա: Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում հանրահավաքի վայրի քննարկման հետ կապված տեղի ունեցավ շտաբի նիստ, որի ավարտին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ Կոնգրեսը բողոքարկելու է քաղաքապետարանի որոշումը` հանրահավաքն Ազատության հրապարակում անցկացնելու մասին: «Բոլորի համար հասկանալի է, որ սա ծիծաղելի որոշում է, որովհետեւ միշտ այն օրը, երբ ընդդիմությունը որոշում է հանրահավաք անցկացնել, դրա մասին ամիսներ առաջ հայտարարում է, հենց այդ օրը, պարզվում է, մի անիմաստ միջոցառում է կազմակերպված այնտեղ եւ օգտագործելով այդ առիթը` մերժվում է: Վստահ ենք, որ որոշումը ընդունվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, նման որոշումներ այլ կերպ չեն ընդունվում ցավոք սրտի, վստահ ենք, որ դատարաններն էլ կատարելու են նրա կամքը եւ նրանց որոշումներն էլ լինելու են ապօրինի»,- ասաց Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը հայտնեց, որ Կոնգրեսի որոշումն այն հարցի վերաբերյալ, թե հանրահավաքը կանցկացվի՞ Ազատության հրապարակում, կհրապարակի այսօր կեսօրից հետո` ասուլիսի ժամանակ:

Կարծիքներ

#1

- ArturԱնանուն, 1 year 22 շաբաթ առաջ

miting@ kkayana matenadaranum, erti avartn el azatutyan hraparakum ,mek jamya nstazuyzov kareli eavartel. mtaceq ...

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter