Դեռ բացահայտված չեն

Եվ թունավորում, եւ կրակոց

Օգոստոս ամսվա ընթացքում գրանցվեցին մի քանի միջադեպեր, որոնք մի շարք մտահոգությունների առիթ դարձան:

Օգոստոսի 19-ին Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանում թունավորման դեպք գրանցվեց` հոսպիտալացվեց 41 հոգի, իսկ օգոստոսի 26-ին Երեւանի Ազատության պողոտայում կրակոցներ հնչեցին` հրազենային վիրավորում ստացած երիտասարդը տեղափոխվեց հիվանդանոց: Երկու դեպքերի հետ կապված էլ քրեական գործեր են հարուցվել, որոնց նախաքննությունը դեռեւս շարունակվում է:

«Գեղաման» դեռ փակ է

Օգոստոսի 19-ին ՀՀ ՌՈ պետ Վովա Գասպարյանի մտերիմ բարեկամ, Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Ռազմիկ Խանզադյանին պատկանող «Գեղամա» ռեստորանում մասսայական թունավորման դեպք գրանցվեց: Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում հարսանեկան արարողության միանգամից 41 մասնակից տեղափոխվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներ` սննդային թունավորում ախտորոշմամբ: Ռեստորանը շարունակեց գործել, փակվեց միայն ռեստորանի խոհանոցներից մեկը, որտեղ պատրաստվել է այն սնունդը, որը թունավորում է առաջացրել: Ավելի ուշ պարզվել էր, որ թունավորումների պատճառ է հանդիսացել աղցանի մեջ անցած ոսկեգույն ստաֆիլակոկը եւ էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկը: Դեպքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որը որպես պատիժ նախատեսում է մինչեւ երեք տարի ազատազրկում:

Ռեստորանի տնօրեն Արայիկ Կոթողյանը մեզ հետ հեռախոսազրույցում երեկ հայտնեց, որ դեռեւս հայտնի չէ, թե երբ ռեստորանի փակված հատվածը կշարունակի գործել: Նրա խոսքով, Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները ռեստորանում ստուգումները ավարտել են: «Ստուգման եզրակացությունը կլինի, ամեն ինչ պարզ կլինի, մենք կատարել ենք բոլոր հանձնարարականները»,- ասաց «Գեղամայի» տնօրենը: Կոթողյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե նախարարության մասնագետները իրենց կոնկրետ ինչ հանձնարարականներ էին տվել եւ կոնկրետ ինչ հանձնարարականներ են կատարվել: Իսկ ավելի ուշ էլ ասաց, որ իրենք ոչ մի բարեփոխում չեն արել. «Իրենք գալիս են, իրենք աշխատանքները կատարում են, մենք ընդամենը տնտեսվարող սուբյեկտ ենք»:

Վարկած չկա՞

Օգոստոսի լույս 26-ի գիշերը Արտաշատի Վեդի քաղաքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց Արտաշատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ 42-ամյա գործարար Մխիթար Պետրոսյանը: Տղամարդը հրազենային վնասվածքը ստացել էր գիշերը, ժամը 01.30-ի սահմաններում: Մխիթար Պետրոսյանը իր ավտոմեքենան կայանել էր Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում, որտեղ էլ անհայտ անձը հրազենից մի քանի կրակոց էր արձակել նրա ուղղությամբ, գնդակներից մեկը դիպել էր վերջինիս ոտքին եւ պատճառել վնասվածք: Վեդիի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի աշխատակից` բժիշկ Տալոյանը երեկ մեզ հայտնեց, որ Մխիթար Պետրոսյանը հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել աջ ոտքի սրունքի վերին հատվածում: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ այժմ ստանում է ամբուլատոր բուժում: Պետրոսյանը գտնվում է տանը, ժամանակ առ ժամանակ այցելում է հիվանդանոց, վերջին անգամ այցելել է երեկ` «սիստեմա է ընդունել»: Բժիշկը հայտնեց, որ Պետրոսյանի մոտ վնասվածքի հետեւանքով ալերգիկ ցան է առաջացել: «Ցանը վտանգավոր չէ, այն կանցնի: Նմանատիպ վնասվածքները շատ վտանգավոր են, կարող են գանգրենա կամ փայտացում առաջացնել: Բարեբախտաբար, վերքը կարծես թե արդեն սպիանում է»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց Վեդիի բժշկական կենտրոնի վիրաբույժը եւ ավելացրեց, որ այս պահի կանխատեսմամբ Պետրոսյանի մոտ բարդացումներ չեն սպասվում:

Օգոստոսի 26-ին տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ոստիկանության Վեդիի բաժնի քննչական բաժանմունքից երեկ հայտնեցին, որ օգոստոսի 26-ի միջադեպի գործով ձերբակալվածներ կամ կասկածյալներ դեռեւս չկան, գործի նախաքննությունը շարունակվում է: Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք այդ գործը բա՞րդ գործ է համարվում, արդյոք կա՞ վարկած, թե իրականում որն է եղել Պետրոսյանի վրա կազմակերպված մահափորձի պատճաը, քննչական բաժանմունքի աշխատակիցներն ասացին` «ոչ»: Նշենք, որ Վեդիում լուրեր էին շրջանառվում, որ հնչած կրակոցները Շաբոյան- Պետրոսյան ընտանիքների հակամարտության շարունակությունն է, եւ օգոստոսի 26-ին Պետրոսյանի ուղղությամբ հրազենից կրակ արձակել է 2009 թվականին սպանված, հանցավոր աշխարհում «Մարսո» մականունով հայտնի օրենքով գող Մարզպետունի Պետրոսյանի սպանության համար ազատազրկման դատապարտված Պերճիկ Շաբոյանի որդին:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter