Մեդվեդեւը Ադրբեջանում է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Նույն օրը նա այցելել եւ ծաղկեպսակ է դրել Բաքվի Շահիդների ծառուղում, ուր թաղված են ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողները: Այնուհետեւ Մեդվեդեւի պատվին ճաշկերույթ է կազմակերպվել: Ըստ ադրբեջանական աղբյուրների, Մեդվեդեւ-Ալիեւ երկկողմ բանակցությունները նախատեսված են այսօր: Դրանցում առանձին տեղ է զբաղեցնելու ղարաբաղյան հիմնախնդիրը: «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր անանուն աղբյուրին, տեղեկացրել է, որ այցի ընթացքում քննարկվելու է նաեւ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հարցը, սակայն առանց կոնկրետացնելու, թե արդյոք խոսքը Ադրբեջանին C-300 ПМУ «Фаворит» զենիթահրթիռային համակարգեր մատակարարելուն է վերաբերվում: Կրեմլի աղբյուրը նաեւ հայտնել է, որ ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման ու դրա գործառույթների ընդլայնման հարցի վերաբերյալ ռուսական կողմը քննարկումներ չի նախատեսում: «Այդ առիթով Ադրբեջանը առանձնահատուկ դժգոհություն չի հայտնել: Նրանց ոչ թե ռազմակայանն է մտահոգում, այլ` ԼՂ-ն: ՀՀ հետ ՌԴ-ն սահմանների պաշտպանության, այլ ոչ թե ռազմատեխնիկական համագործակցության մասին է փաստաթուղթ ստորագրել: Եւ դրանում մենք չենք ասում, թե ՀՀ-ին պաշտպանելու ենք Ադրբեջանից: Կոպիտ ասած, ԼՂ-ն Հայաստան չէ»:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը