«Սեւ ցուցակը» համալրվել է
Ադրբեջանում երեկ մեծ աղմուկ էին բարձրացրել, թե ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում կայացած համերգին արտասահմանցի երգիչներ ու շոումեններ են հրավիրվել: Այսպես, դեռ առավոտից ադրբեջանական Trend-ը տեղեկացրել էր, թե միջոցառմանը մասնակցելու է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, իսկ համերգը վարելու է ռուսաստանցի հայտնի շոումեն Վալդիս Պելշը: Գործակալությունը «հանգստացել» է միայն այն ժամանակ, երբ պարզել է, որ դերասանը չի մեկնելու Լեռնային Ղարաբաղ, այլ սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանելու է Երեւան` մասնակցելու «Կարոտ» միջազգային փառատոնին, որի մեկնարկը երեկ տրվել է Ստեփանակերտում: Սակայն Պելշի «բախտը չի բերել»: Ադրբեջանցիները պարզել են, որ Ստեփանակերտի համերգը իսկապես հենց նա է վարել: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Փոլուհովը հայտարարել է, որ Պելշի անունը արդեն ներառված է «սեւ ցուցակում», եւ այսուհետ նա «անցանկալի անձ» է համարվում Ադրբեջանում: Փոլուհովը նաեւ զգուշացրել է, որ երեկվա համերգին մասնակցած բոլոր արտասահմանյան քաղաքացիներին կարգելվի մուտք գործել Ադրբեջան:
Նշենք, որ անցյալ տարի էլ ԼՂՀ անկախության տոնին նվիրված տոնական համերգին երգելու համար Ադրբեջանը «անցանկալի անձինք է» հայտարարել ռուսաստանցի երգչուհի Նադեժդա Բաբկինային եւ «Չայ վդվոյոմ» խմբի անդամներին:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը