Միտումը փոխվել է
Դրամի փոխարժեքը տատանվելով, տարօրինակ ելեւէջներ արձանագրելով` անցած շաբաթվա վերջին հանգրվանեց «մեկ դոլարը` 363 դրամ» ցուցանիշի վրա: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում գործարքներ չեն իրականացվել, ինչը նշանակում է որ բորսայում ո՛չ դրամի, ո՛չ էլ դոլարի նկատմամբ պահանջարկ չի եղել:
Հասկանալու համար թե որքանով են դրամի փոխարժեքի փոփոխությունները կրում սեզոնային բնույթ, համեմատենք փոխարժեքի դինամիկան անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ: Առաջին գծապատկերում կետագծերով ներկայացված է մեկ դոլարի գինը ՀՀ ֆոնդային բորսայում` անցած տարվա հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 17-ը: Իսկ հոծ գծով` մեկ դոլարի գինը այս տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես պարզ երեւում է գծապատկերներից, ե՛ւ այս տարի, ե՛ւ անցած տարի մինչեւ հունիսի 30-ը դրամը արժեւորվել է, ընդ որում` գրեթե նույն տեմպերով: Սակայն հուլիսին դրամի փոխարժեքի դինամիկան այս տարի եւ անցած տարի խիստ տարբեր է: Անցած տարվա հուլիսին դրամը սկսել է սահուն արժեզրկվել:
Եւ ընդհանրապես, անցած տարի դրամի փոխարժեքի փոփոխության կորը անհամեմատ ավելի սահուն է եղել: Իսկ այս տարվա հուլիսի առաջին կեսին դրամը շարունակել է արժեւորվել, ընդ որում` անցած տարվա համեմատ` շատ ավելի կտրուկ տատանումներով: Իհարկե, ինչ-որ տեղ թերեւս սխալ է համեմատություն անել անցած տարվա հետ, քանի որ, ինչպես ընդունված է ասել, անցած տարին «ճգնաժամային» էր իսկ այս տարին` «հաղթահարված ճգնաժամի» տարի է: Սակայն մասնագետների պնդմամբ, անցած` ճգնաժամային տարում փոխարժեքի փոփոխության տատանումները շատ ավելի կտրուկ պետք է լինեին, իսկ դրանց հարթեցնելը` շատ ավելի դժվար, քան այս տարի: Անցած տարի արտահանումը կտրուկ նվազել էր, նույնքան կտրուկ նվազել էին արտասահմանից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները: Հենց այս երկու «խողովակներով» է Հայաստան գալիս արտարժույթը: Եւ այդ խողովակների կտրուկ «նեղանալու» պայմաններում փոխարժեքի կտրուկ տատանումները ավելի բացատրելի կլինեին, քան այսօր, երբ, ինչպես պնդում են իշխանությունները, արտահանումը կտրուկ աճել է, տրանսֆերտները հորդում են, այսինքն` վերը նշված խողովակները կրկին «լայնացել» են: Թե ինչպիսի պահվածք կդրսեւորի դրամի փոխարժեքը առաջիկայում, հնարավոր չէ կանխատեսել: Միայն նշենք, որ անցած տարվա մինչեւ հունիս ամիսը արժեւորվելով` դրամը հետագայում սկսեց սահուն արժեզրկվել:
Օգոստոսի վերջին մեկ դոլարի գինը կազմեց 372 դրամ, իսկ դեկտեմբերին` 385 դրամ: Բայց հանրությունը դրամի փոխարժեքի փոփոխություններին մեծ նշանակություն չէր տա, եթե դա ուղղակի չհարվածեր հայաստանցիների մի մեծ հատվածի գրպանին: Խոսքը այն մասին է, որ դրամի արժեւորումը չի հանգեցնում գների նվազմանը: Այսինքն, արտասահմանից ուղարկված արտարժույթը արժեզրկվում է, բայց քանի որ նույն արտասահմանից ներկրված ապրանքները Հայաստանում դոլարի արժեզրկման պայմաններում չեն էժանանում, մարդկանց ստացած տրանսֆերտների գնողունակությունը նվազում է: Եթե ներկրված ապրանքները նույն տեմպով էժանանային, ինչ տեմպով որ արժեզրկվում է դրամը, ապա տրանսֆերտներով ապրող մեր հայրենակիցների համար, մեծ հաշվով միեւնույնը կլիներ, թե այդ օրը չենջերում ինչ արժե դոլարը, եվրոն կամ ռուբլին: Իսկ դրամով աշխատավարձ ստացող մեր հայրենակիցներին ուրախություն կպատճառեր այն հանգամանքը, որ ապրանքներն էժանանում են: Բայց դա Հայաստանի համար չէ. այստեղ ներկրողները չեն մրցում իրար հետ եւ գներ իջեցնելու ոչ մի շահագրգռվածություն չունեն: Իսկ դրամի արժեւորումը նրանց համար ապահովում է լրացուցիչ շահույթ: Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, բերենք բենզինի օրինակը: Երկրորդ գծապատկերում կետագծերով ներկայացված է մեկ բարել նավթի գինը միջազգային շուկայում, իսկ հոծ գծով` 100 լիտր բենզինի գինը (դոլարով արտահայտված) հայաստանյան բենզալցակայաններում: Կետագծի եւ հոծ գծի հեռավորության փոփոխությունը, պատկերավոր ասած, ցույց է տալիս թե ինչ տեմպով է փոփոխվում տվյալ դեպքում բենզին ներկրողների լրացուցիչ շահույթն այն պարագայում երբ դրամն արժեւորվում է, իսկ բենզինը չի էժանանում:









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը