Էլ չփորձեք
Նախորդ օրը Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին տրամադրվելիք վարկային ծրագիր: Դրանով առաջիկա երեք տարիներին` այսօրվանից սկսած մինչեւ 2013թ. հունիսի 27-ը, Հայաստանը կստանա 394 միլիոն 800 հազար դոլար, այդ գումարից 53,6 միլիոն դոլարը Հայաստանը կարող է ստանալ հենց հիմա: Սա նոր վարկ չէ` նախկինում էլ այս վարկը համաձայնեցված էր, սակայն ՀՀ կառավարության խնդրանքով այժմ այն բովանդակային չնչին փոփոխությունների է ենթարկվել: Վարկը հիմնականում ուղղվելու է արտաքին պահուստների համալրմանը, հարկաբյուջետային կայունության ապահովմանը: Այսինքն, այս վարկն ուղղված չէ կոնկրետ մի ինչ-որ ծրագիր կամ կառույց ֆինանսավորելուն: Վարկը տրամադրելու մասին որոշման վերաբերյալ ԱՄՀ տարածած հաղորդագրությանը կցված են նաեւ ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Մուրիլո Պորտուգալի մեկնաբանությունները, որոնցից հատկապես ուշագրավ է նրա անդրադարձը դրամի փոխարժեքի ճկունությանը: «Փոխարժեքի ճկունությունը կմնա ծրագրի անկյունաքարը»,- նշել է Պորտուգալը: Կարելի է պնդել, որ այս վարկի տրամադրման դիմաց ԱՄՀ-ն ՀՀ իշխանություններից երաշխիքներ է պահանջել այն մասին, որ Հայաստանում առնվազն առաջիկա երեք տարիների ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային ինտերվենցիաներով չի փորձի «կայուն» պահել դրամի փոխարժեքը, ինչպես տեղի ունեցավ անցած տարվա հունվար-փետրվար ամիսներին: Այդ ժամանակ ԿԲ-ն մի քանի հարյուր միլիոն դոլար փոշիացրեց մեկ դոլարի գինը 305 դրամի մակարդակի վրա պահելու համար:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը