Սահմանադրական դատարանSyndicate content

Պայծառ ապագայի օմբուդսմենը

Օլիգարխներից անամո՞թ

Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե, իր կարծիքով, ՍԴ-ն չի մերժել իրեն, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան:

Այս տարվա մայիսի 18-ին օմբուդսմենը դիմել էր ՍԴ` խնդրելով ստուգել նշված հոդվածի սահմանադրականությունը: Սա այն հոդվածն էր, որը հեղինակել էր նույն Անդրեասյանը` ապաքրեականացնելով զրպարտությունը եւ վիրավորանքը: «Էնպես չէ, որ ես դիմել էի հակասահմանադրական ճանաչելու, ի սկզբանե չէի ուզում, որ ճանաչվեր, եւ հիմա էլ ուրախացել եմ, որ չի ճանաչվել: Դա էդպես չէ, եւ նրանք, ովքեր դա այդպես են մեկնաբանում, արդար չեն` գոնե իմ հանդեպ»,- պարզաբանեց օմբուդսմենը: Նա, կարծես, երկու հատվածի է բաժանվել: Ասում է` որպես մարդ շատ կուրախանար, եթե ՍԴ-ն դրական որոշում կայացներ եւ մի հարվածով լուծեր լրատվամիջոցների խնդիրը: Իսկ օմբուդսմենի մասնագետ հատվածը խղճի խայթ է զգում, քանի որ կարծում է` «չի կարելի այսօր մի քանի թերթերի հետ կապված դրական լուծում ստանալու համար այնպես անել, որ օրենսդրական վակուում առաջանա»:

Օրվա լրահոսից

Ուսումնասիրում են

Ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է առաջիկա երեքշաբթի ՍԴ-ում աշխատակարգային նիստ տեղի ունենա, որի ժամանակ էլ կորոշվի, թե ինչ ճակատագրի է արժանանալու ՍԴ-ին ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի հայտնի դիմումը: Խոսքը թերթերի դեմ օգտագործվող՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու դիմումի մասին է: ՍԴ աշխատակարգային նիստում կորոշվի` Կարեն Անդրեասյանի դիմումը ՍԴ-ն ընդունո՞ւմ է վարույթ, թե՞ ոչ, եւ եթե ընդունում է, ապա ո՞վ է դիմումը զեկուցող դատավորը: ՍԴ նախագահի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը մեզ տեղեկացրեց, որ Անդրեասյանի դիմումը ներկայումս գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Ըստ «ՍԴ մասին» ՀՀ օրենքի, մեկամսյա ժամկետում ՍԴ-ն պետք է որոշում կայացնի գործը վարույթ ընդունելու վերաբերյալ: «ՍԴ մասին» օրենքի 34 հոդվածով էլ, գործը վարույթ ընդունելու պահից ՍԴ-ն կարող է կասեցնել վիճարկվող հոդվածին առնչվող գործերը:

Օլիգարխիան ընդդեմ խոսքի ազատության

Քսանինը հայց ընդդեմ մամուլի

Վերջերս ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել էր Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության եւ վիրավորանքի մասին դրույթները:

Հայաստանյան ութ թերթերի խմբագիրներ էլ, օգտվելով այդ առաջարկից, դիմեցին ՍԴ` պահանջելով մինչ օմբուդսմենի դիմումի քննարկումը վիճարկվող դրույթներով դատարաններում ընթացող գործերը կասեցնել: Երեկ ասուլիս էին հրավիրել այդ հայտարարությանը միացած խմբագիրներից երեքը` «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը, «Ժամանակի» գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը եւ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Պարզվեց` ամենավատատեսը Արամ Աբրահամյանն է: «Ես նույնքան հույս ունեմ, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որքան հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը որոշում կընդունի լրատվամիջոցների օգտին»,- ասաց նա` նկատելով, որ խնդիրը կարող են լուծել օրենսդիրները` տուգանքի շեմը իջեցնելով:

Օրվա լրահոսից

Հիմնավորում է օմբուդսմենը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ՍԴ ներկայացրած դիմումի համաձայն, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 14-րդ` «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից» հոդվածին, 27-րդ` «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք» հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին: Ըստ Անդրեասյանի, Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածում առկա են արտահայտություններ, որոնց իմաստը նույն այդ դրույթում բացահայտված չէ: Անդրադառնալով զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցում նախատեսելու խնդրին, Անդրեասյանն իր դիմումում նշել է, որ փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը պատճառված վնասին: «Փոխհատուցումը չպետք է օգտագործվի որպես ազատ խոսքը կաշկանդելու դատական լծակ»,- նշել է Անդրեասյանը: Նա նաեւ մեջբերել է եվրոդատարանի կողմից դեռեւս 1991-ին կայացված վճռից մի հատված, ըստ որի. «Պաշտպանված պետք է լինի ոչ միայն այն տեղեկությունը կամ գաղափարը, որը համարվում է անվտանգ եւ չեզոք, այլ նաեւ այն, որը վիրավորում է, պատճառում է ցնցում կամ անհանգստություն»:

Հռոմի պապը նրան չի կարող ճնշել

ՀՀ ՍԴ-ի հետ կապված «Վիքիլիքսի» բացահայտումներից հետո հաստատվեց, որ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը քննարկելու ընթացքում այդ դատարանի վրա ճնշումներ են եղել: ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը ամերիկացի դիվանագետներին ասել էր, որ իրենից բացի ճնշման են ենթարկվել դատարանի եւս երեք անդամներ: Տեղեկություններ կան, որ ճնշվածներից մեկը եղել է ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը: Ստորեւ ներկայացնում ենք այս թեմայով Հովհաննիսյանի հետ մեր հարց ու պատասխանը: 

- Պարոն Հովհաննիսյան, տեղեկություններ կան, որ 2008-ին ճնշման ենթարկված ՍԴ անդամներից մեկն էլ դուք եք եղել, այդպե՞ս է:
- Ով որ այդ տեղեկությունները տարածել է, գլուխը պատին է տվել: Իմ նկատմամբ ճնշում չի լինի գործադրել: Լավից-վատից ինձ ճանաչում եք, ո՞վ կարող է ինձ ճնշի: Հռոմի պապը ինձ չի կարող ճնշել: Իմ խիղճն իմ իրավագիտակցությունն է: Բացարձակ սուտ է այդ տեղեկությունը: Գրել են, որ այդ օրերին ես գնացել եմ նախագահական: Ամենայն ազնվությամբ եմ ասում, դա բացարձակ կեղծիք է, սուտ է: Ինձ ոչ զանգել են, եւ ոչ էլ ես նախագահական եմ գնացել: Հետո վիրավորական է, այսքանի մեջ բռնել իմ անունն եք գրել, չնայած, այսինքն, տակը մարդ էլ չի մնում: Նման բան չի եղել:

Ի՞նքը չի եղել

Ինչպես բացահայտել է Wikileaks-ը, ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը 2008-ի մարտի 6-ին ամերիկացի դիվանագետներին պատմել է, որ 2008-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը մերժելու նպատակով իր նկատմամբ նախագահական նստավայրից ճնշումների փորձեր են եղել, իսկ իր կոլեգաներից երեքը պատասխանել են նախագահականից ստացած զանգերին եւ գնացել են այնտեղ: Մեր տեղեկություններով, այդ երեք ՍԴ անդամները եղել են 2009-ին թոշակի անցած Զինավոր Ղուկասյանը, լուսահոգի Հենրիկ Դանիելյանը եւ ներկայումս էլ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը: Երբ Զինավոր Ղուկասյանից մեկնաբանություն խնդրեցինք, ասաց. «Էդ ձեւի բան չի եղել, ես ոչ մի նստավայր չեմ գնացել, ես երեխա չեմ»: Ասաց, որ ոչ Ռ. Քոչարյանը, ոչ էլ նրա աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյանը չէին կարող իր վրա ճնշում գործադրել. «Ձեր ասած մարդկանցից ոչ մեկն էլ ինձ պաշտոն չի տվել, ես երբ եղել եմ պաշտոնատար անձ, իրենք դեռ ուսանող են եղել»: Իրականում նրան 2003-ին ՍԴ անդամ է նշանակել Քոչարյանը, եւ եթե այդ նշանակումը չլիներ, նա մեկ տարի կպաշտոնավարեր որպես վճռաբեկ դատարանի դատավոր եւ թոշակի կանցներ: Հարցին, թե ձեզ ինչ է հայտնի ՍԴ անդամների վրա ճնշումներ գործադրելու մասին, նա պատասխանեց. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ոչ էլ Վալերիկն է ինձ ինչ-որ բան ասել: Ես առաջին անգամ թերթից եմ իմացել: Չգիտեմ ուրիշների մասին, ինձ նախագահական չեն կանչել»:

Քրդատի պահածը

Արմեն Գեւորգյան
Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել այն, որ 2008-ին մարտի 4-ին, որպես Ռ. Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, ինքը ճնշում է գործադրել ՍԴ անդամների վրա:

ՍԴ անդամներին ճնշելու փաստը նշված է WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերից մեկում, որը տպագրվել է «ՀԺ»-ի նախորդ համարում: «Ես նմանատիպ հարցերին չեմ պատասխանում եւ մամուլի հրապարակումները չեմ մեկնաբանում»,- ցերեկը տեղի ունեցած ասուլիսում մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Գեւորգյանը: Նման մոտեցմանը մենք ըմբռնումով ենք վերաբերվում. ՀՀ ՔԴՕ-ն մեղադրյալին, ամբաստանյալին իրավունք է տալիս հրաժարվել ցուցմունք տալուց: Այնուամենայնիվ, վերը նշված ասուլիսի ավարտից ժամեր անց Գեւորգյանի աշխատակազմից մեր թերթին ուղարկեցին հետեւյալ գրությունը. «Արմեն Գեւորգյանը ոչ անձամբ, ոչ էլ որեւէ մեկի միջոցով երբեւէ չի զանգահարել Վալերի Պողոսյանին կամ ՍԴ այլ անդամի: Նա նաեւ առնչություն չի ունեցել ՍԴ-ում քննվող գործի ընթացքի հետ: Ուստի ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Այս հաղորդագրությունն էլ է նորմալ, որովհետեւ, ըստ ՀՀ ՔԴՕ-ի, մեղադրյալը, ամբաստանյալը նաեւ իրավունք ունի հերքել իրեն առաջադրված մեղադրանքները:

Այսպիսի բաներ

Կդիմի ՍԴ, գուցե նաեւ` ԵԴ

Արագածոտնի մարզի Արագած գյուղում մայիսի 22-ին տեղի ունեցած ընտրություններում գյուղապետի թեկնածու Գագիկ Մելքոնյանը պատրաստվում է շուտով այդ ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում: Այդ մասին երեկ տեղեկացրել է Մելքոնյանը` հավելելով, որ ՀՀ դատական բոլոր մյուս ատյանները արդեն մերժել են իր բողոքը, ըստ որի` համայնքի ղեկավարի ընտրություններն անցել են բացահայտ կեղծիքներով եւ Ընտրական օրենսգրքի խախտումներով: Դեռեւս ընտրությունների հաջորդ օրը Մելքոնյանը հայտարարել էր, որ հասնելու է մինչեւ Եվրադատարան` ապացուցելու համար, որ գործող գյուղապետ Գագիկ Պողոսյանը «վերընտրվել է» ահաբեկումների միջոցով:

Առանց ՍԴ-ի

ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ երեկ ավարտվել է ՀՀ ՍԴ աշխատակից Վաչիկ Գեւորգյանի հայցադիմումի քննարկումը, որով նա բողոքարկել էր իրեն աշխատանքից ազատելու մասին ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի հրամանը: Վաչիկ Գեւորգյանի ազատման պատմությանը մենք նախկինում անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ Վաչիկ Գեւորգյանը ՍԴ-ում աշխատել է 1996-ից, որպես հեռախոսային կապի տեխնիկ: Այս տարվա փետրվարին նրան տեղեկացրել են, որ նրա հաստիքը կրճատվել է, ինչի արդյունքում նա աշխատանքից ազատված է: Գեւորգյանը դիմել էր Վարչական դատարան` բողոքարկելով իր ազատման օրինականությունը եւ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատատեղում: Վարչական դատարանում նախնական դատական նիստերի ընթացքում Գեւորգյանի ներկայացուցիչ փաստաբան Վահե Հովհաննիսյանը միջնորդել էր ՍԴ աշխատակազմից պահանջել հաստիքացուցակը` համոզվելու համար, թե արդյոք իր վստահորդի հաստիքը իրոք կրճատվել է, թե նրա փոխարեն այլ մարդ է աշխատանքի ընդունվել: Միջնորդությունը բավարարվել էր: Սակայն երեկվա դատական նիստում պարզվել էր, որ ՍԴ-ի աշխատակազմը հաստիքացուցակն այդպես էլ չի ներկայացրել, եւ ոչ էլ այդ կառույցի ներկայացուցիչն է դատին մասնակցել: Այլ կերպ ասած, ՍԴ-ի աշխատակազմն իր օրինակով ցույց է տվել, որ ճիշտը Հայաստանում դատարաններին արհամարհելն է: Այսպիսով դատավարությունը որպես այդպիսին ավարտվել է, եւ հուլիսի 13-ին դատավոր
Կարինե Բաղդասարյանը պետք է հրապարակի իր վճիռը:

Կհանդուրժե՞ն

Փչանալու տեխնոլոգիան

Ինչպես տեղեկանում ենք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կայքից, Երեւանում ապրիլի 6-ին միջազգային հեղինակավոր այս կազմակերպության մեկնարկող կոնֆերանսում Սերժ Սարգսյանի փոխարեն (նախապես այդպես էր նախատեսված) ելույթ կունենա Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Այս կազմակերպության նախագահ Սուեր Բելասսենը օրերս տարածել է մի հայտարարություն, որում հույս է հայտնել, որ իրենց կոնֆերանսը կանցնի «այն Հայաստանում, որում այլեւս քաղբանտարկյալներ չեն լինի»: Այսինքն՝ նա ոչ միայն ճանաչել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլեւ, ըստ էության, պահանջել է, որ մինչեւ ապրիլի 6-ը նրանք ազատ արձակվեն: Այս պայմաններում չափազանց նուրբ վիճակում է հայտնվել Գագիկ Հարությունյանը:

Մանանեխ` ընթրիքից առաջ

Հայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Արձանագրությունների հակառակորդները հույս ունեն, թե Թուրքիայի հրաժարումը դրանք վավերացնելուց` ԱՄՆ սենատին, կամ նախագահ Օբամային կմղի, ի վերջո , պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կողմնակիցների հույսն այն է, թե ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիային կստիպի այնուամենայնիվ գնալ արձանագրությունների վավերացմանը:

Ձախողում

«Հայ-թուրքական արձանագրություններում առկա անընդունելի դրույթները դարձան վարչախմբի վարած արկածախնդրական ու տգետ արտաքին քաղաքականության հերթական արգասիքը: Ծուղակը, որի մեջ հայտնվել էր Սերժ Սարգսյանն իր հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, ու դրա արդյունք հիշյալ դրույթները մեծ հուզումներ առաջացրեցին... հայության մեջ»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ: Անդրադառնալով ՍԴ հայտնի որոշմանը, Կոնգրեսը արձանագրել է «ՀՀ ՍԴ-ն ընդունեց մի որոշում, որով Արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ, այն օժտելով ընդարձակ մի նկարագրական-պատճառաբանական մաս- առաջաբանով: Որքան էլ վերջինս իրավական որեւէ ուժ չունի, իշխանական քարոզչամեքենայի եւ այս խնդրում «ընդդիմադիր» ՀՅԴ-ի կողմից այն թմբկահարվեց որպես «թուրքական նախապայմանների չեզոքացում», դրանցից ապահովագրում, ընդհուպ՝ գնահատվեց որպես «դիվանագետների անգրագիտությունների սրբագրում... Ձախողումների նոր ռեկորդներն անխուսափելի են, քանի դեռ, ըստ վարչախմբի ամենակարկառուն մի ներկայացուցչի՝ այստեղ գործում է «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ» անկրկնելի ստանդարտը, որ... գործում է բոլոր ոլորտների պաշտոնյաների համար որպես պարտադիր նախապայման»,-ասված է կոնգրեսի հայտարարության մեջ:

Անկեղծ ՀՀԿ-ականի խոսքերից

ԷԼ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՆԱ՞Ց

Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀԿ անդամ Համլետ Հարությունյանը, ով հայտնի է «Բառադի Համո» անունով, հայ-թուրքական հարաբերությունները քննարկելիս, իրենից անկախ, բավականին ուշագրավ երկու հայտարարություն արեց. «Դա մեզ համար անգամ վիրավորական էլ է` ՍԴ-ն որոշի, թե մենք ինչ պտի անենք» եւ «ՍԴ-ն էլ իշխանության մի թեւ է»:

Հայաստանում բոլորը գիտեն եւ վերջին քաղաքական դատավարությունների ժամանակ ավելի համոզվում են, որ մեր երկրում դատարանները իշխանության մի մասն են, ենթարկվում են իշխանությանը, որ դատարանը ՀՀԿ-ականին չի կարող ասել` ինքը ինչ անի: Բայց այն, որ ՀՀԿ-ականները սկսել են բարձրաձայն արտահայտվել այդ մասին, գուցե եւ ոչ բոլորը գիտեն: Ինչեւէ, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այն շատ իրավաբանորեն հիմնավորված որոշում է եւ շատ կարեւոր, եւ այդ վերապահումները ոչ մի ձեւով Թուրքիային չի վերաբերում, դա վերաբերում է ներքին մեր խնդիրներին, եւ Թուրքիայի վայնասունը ուղղակի մնացած բոլոր տեսակի վայնասունների շարունակությունն է:

ՍԴ-ն ընդունել է

ՀՀ ՍԴ-ն երեկ վարույթ է ընդունել «ՀԺ» գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դիմումը` հունվարի 10-ին 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այս մասին, մեր թղթակցին ասել է ՍԴ-ում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը: ՍԴ դիմումի քննարկման ընթացակարգի եւ օրվա հետ կապված հանգամանքները կճշտվեն առաջիկա օրերին:

Տարածաշրջան

Թուրքերը ճնշումների են անցնում

Դավութօղլու

Թուրքիայում թեժ քննարկումներ են ընթանում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման շուրջ, որը Անկարային առիթ է տվել Հայաստանին մեղադրել նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Այսպես, նախօրեին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ուր ներկայումս գտնվում են հայ-թուրքական արձանագրությունները, մի քանի ժամ շարունակ չափազանց թեժ քննարկումներ են  տեղի ունեցել: Թեպետ դրանք դռնփակ են եղել, սակայն, ինչպես փոխանցում է, «Vatan» օրաթերթը, ընդդիմադիր ամենամեծ ուժերը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն ու «Ազգայնական շարժումը» կառավարությունից պահանջել են առանց հապաղելու խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter