ԱֆղանստանSyndicate content

Պաշտոնական լրահոս

Աֆղանստանում

ՀՀ զինված ուժերի 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը նախօրեին տեղակայվել է Մազարի Շարիֆի (Աֆղանստան) ռազմական հենակետում եւ երեկ անցել է իր պարտականությունների կատարմանը: Հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն եւ անցակետերի հսկողություն:

Պաշտոնական լրահոս

Կավելացվի (2011-5-11)

Ազգային ժողովի լիագումար նիստում երեկ քննարկվել է Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման ժամկետի երկարաձգման եւ թվակազմի ավելացման մասին համաձայնագիրը: Խորհրդարանի վավերացմանը ներկայացված համաձայնագրով նախատեսվում է Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը 45-ի փոխարեն դարձնել 130, իսկ տեղակայման ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի վերջ: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ստանձնել է հայկական զորախմբի հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների: Ազգային ժողովում ներկայացնելով համաձայնագիրը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ համաձայնագրի փոփոխությունների հետեւանքով Հայաստանը կդադարի լինել տարածաշրջանում ամենափոքր զորախումբն ունեցող երկիրը:
«Հարեւան Վրաստանը տրամադրում է 924, իսկ Ադրբեջանը 94 զինծառայող, եւ Հայաստանն այս հարցում չպետք է զբաղեցնի վերջին տեղը Հարավային Կովկասում»,- նշել է Օհանյանը: Աֆղանստանում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում Հայաստանի զորախմբի մասնակցության իրավական հիմքերն ամրագրվել են 2009 թվականին` ՀՀ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կնքած համաձայնագրով:

Միջազգային

ԼՂ-ն չի՞ հետաքրքրում

Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» ամսագրում երեկ հրապարակել են ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի վերջերս Ադրբեջան կատարած այցի որոշ մանրամասներ: Հայտնի գրող ու լրագրող Թոմաս Հոլցի հեղինակած հոդվածում նշվում է, թե Գեյթսի այցը նախապատրաստող հետախուզության մի սպա, որի անունը չի հրապարակվում, ասել է, թե Պենտագոնի ղեկավարի ադրբեջանական այցի նպատակն է կանխել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացումը: «Մենք որոշել ենք ժեստ անել Ադրբեջանին, քանի դեռ երկկողմ հարաբերություններն ավելի շատ չեն վատթարացել»,- սպայի խոսքերն է մեջբերում Հոլցը, ապա շարունակում,- «Անկեղծ ասած, մեզ չեն հետաքրքրում մարդու իրավունքները կամ ժողովրդավարության կառուցումը, մեզ չեն հետաքրքրում ինչպես Իսրայելն ու Թուրքիան, այնպես էլ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում կամ Վրաստանում: Մեզ նույնիսկ չեն հետաքրքրում ադրբեջանական էներգակիրները:

Տարածաշրջան

ԱՄՆ-ն կարեւորում է Ադրբեջանին

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հունիսի 6-ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ: Գեյթսի այցի կապակցությամբ Պենտագոնը երեկ տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցության մակարդակը»: Ըստ հաղորդագրության, Պենտագոնը շատ է կարեւորում Ադրբեջանի դերակատարումը` նկատի առնելով, որ Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ին ու ամերիկյան զինծառայողներին անհրաժեշտ փոխադրումների 25 տոկոսից ավելին իրականացվում է հենց Ադրբեջանի տարածքով:

Պաշտոնական լրահոս

Բեռլինում է

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախորդ օրը մեկնել է Բեռլին` Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Ըստ հաղորդագրության, պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու են Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող գործողություններին առնչվող հարցեր:

Օրակարգ

43 տոկոսով

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով վարչությունը երեկ հրապարակել է մի զեկույց, որի համաձայն, 2009 թվականին այլ երկրներում ապաստան խնդրող Հայաստանի քաղաքացիների թիվը, 2008 թվականի համեմատ, աճել է 43 տոկոսով:

Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները ամենաշատն են դիմում ապաստանի խնդրանքով: Իրավիճակը պատկերացնելու համար նշենք, որ Աֆղանստանից ապաստան խնդրողների թիվը աճել է գրեթե նույնքան (45 տոկոս), որքան Հայաստանից: Համեմատության համար նշենք նաեւ, որ Ադրբեջանից ապաստան խնդրողների թիվը, 2009-ի համեմատ, աճել է 36 տոկոսով:

Պաշտոնական լրահոս

Առաքելություն

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության երեկ տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 14-ին Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: «Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009-ի դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Լուր

Գնում է Թուրքիա

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ փետրվարի 4-ից 5-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելելու է Թուրքիա: Նա որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում կայանալիք պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը: Նույն օրը ՊՆ հասարակայնության հետ կապի վարչության տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: Իրանի դեսպանը Սեյրան Օհանյանին է հանձնել իրենց երկիր այցելելու` ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:

Այսպիսի բաներ

Երեք հանդիպում

Աֆղանստանին նվիրված միջազգային կոնֆերանսի շրջանակներում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը: Հանդիպմանը Դավութօղլուն Մամեդյարովին է ներկայացրել թուրքական կողմի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման հետ կապված Անկարայի դիրքորոշումը: Մամեդյարովը իր թուրք գործընկերոջը իրազեկել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Լոնդոնում տեղի է ունեցել նաեւ Մամեդյարովի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մամեդյարովից հետո Լավրովը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս կապակցությամբ թուրքական «Hurriyet»-ը գրել է, թե Ռուսաստանը նոր դիվանագիտական ակտիվություն է հանդես բերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ինչի մասին էլ վկայում են Լավրովի առանձին հանդիպումները Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ:

Լուր

Աջակցում են

Լոնդոնում տեղի ունեցած եւ Աֆղանստանին նվիրված միջազգային կոնֆերանսի շրջանակներում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ԱԳՆ երեկ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին` ստորագրված արձանագրությունների շուտափույթ վավերացմանը եւ իրագործմանը: Իր հերթին, Նալբանդյանը նշել է, որ ՀՀ ՍԴ որոշումը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից: Կողմերը քննարկել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Մասնավորապես, Նալբանդյանը Քլինթոնին է ներկայացրել հունվարի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպման արդյունքները:

Մանանեխ` ընթրիքից առաջ

Հայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Արձանագրությունների հակառակորդները հույս ունեն, թե Թուրքիայի հրաժարումը դրանք վավերացնելուց` ԱՄՆ սենատին, կամ նախագահ Օբամային կմղի, ի վերջո , պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կողմնակիցների հույսն այն է, թե ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիային կստիպի այնուամենայնիվ գնալ արձանագրությունների վավերացմանը:

Գլխաքանակ չկար

ԱԺ քառօրյան երեկ անցնում էր գրեթե դատարկ դահլիճում։ Նիստի սկզբում, իհարկե, գրանցվեց 97 պատգամավոր, բայց արդեն մի փոքր անց դահլիճում մի 10 պատգամավոր էր նստած։ Նրանք, նախ, 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը, հետո մերժեցին օրակարգում ընդգրկել «Ժառանգությանե օրինագիծը` «ՀՀ տոների մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասին, այնուհետեւ անցան Աֆղանստան հայկական զորքերի 35-80 ներկայացուցիչներ ուղարկելու համաձայնագրի քննարկմանը։ Ըստ ամենայնի, այսօր խորհրդարանը կսկսի 2010 թվականի պետբյուջեի քննարկումը։

Միջազգային

Վրացական Գուանտանամո

Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանի բանտում պահվող կալանավորների մի մասը առաջիկայում կարող է տեղափոխվել Վրաստան։ Վերջին երկու օրերին նման տեղեկատվություն են տարածել թե ամերիկյան եւ թե վրացական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, ԱՄՆ-ն Գուանտանամոյի կալանավորներին վրացական բանտերում տեղավորելու առաջարկ է արել Վրաստանին, եւ Թբիլիսիում արդեն դրական պատասխան են տվել։ Պաշտոնական մակարդակով այս տեղեկատվությանը արձագանքել է միայն Վրաստանի առաջին փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլին, ով ընդամենը հայտարարել է, թե Վրաստանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ԱՄՆ-ի խնդրանքը։ Փոխվարչապետի խոսքերն արդեն իսկ գնահատվել են իբրեւ նշված տեղեկատվության փաստացի հաստատում։

Միջազգային

Առաջարկում են չայցելել

Ֆրանսիական «Petit Fut»` զբոսաշրջիկների համար նախատեսված ամսագիրը հրապարակել է զբոսաշրջիկների համար վտանգավոր 11 երկրների ցուցակ։ Ամսագիրը հանգստի մեկնելու պատրաստվող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս խուսափել այդ երկրներ այցելություններից։ Զբոսաշրջիկների համար վտանգավոր երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Իրաքը, Սոմալին, Լիբիան, Մալայզիան, Ֆիջին, Հյուսիսային Կորեան, Բոլիվիան, Հոնդուրասը, Կոլումբիան։ Հատկանշական է, որ ցուցակում ընդգրկված 11-րդ վտանգավոր երկիրը Հայաստանի հարեւան Վրաստանն է, որը արդեն երկրորդ տարին է ընդգրկվում ցուցակում։ Զբոսաշրջիկներին Վրաստան այցելել խորհուրդ չի տրվում` նկատի առնելով Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները։

Միջազգային

Որքանով են խաղաղասեր

Բրիտանական «The Economist Intelligence Unit»-ը երեկ հրապարակել է աշխարհի 144 երկրների խաղաղասիրության վարկանիշային հերթական տարեկան զեկույցը։ Ըստ այդմ, աշխարհի ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան (2008-ին այդ տեղը զբաղեցնում էր Իսլանդիան)։ Խաղաղասեր երկրների երկրորդից տասներորդ հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ճապոնիան, Կանադան, Ֆինլանդիան եւ Սլովենիան։ Ըստ զեկույցի, ամենաանկայուն, ոչ խաղաղ երկիր է ճանաչվել Իրաքը, որը զբաղեցրել է վերջին` 144-րդ հորիզոնականը։ Իրաքից համեմատաբար «խաղաղասեր» են 143-րդ եւ 142-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրած Աֆղանստանն ու Սոմալին։

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter